Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Եբրայեցիներ 4։12. «Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ»

Եբրայեցիներ 4։12. «Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ»

 «Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ և ավելի սուր է, քան ցանկացած երկսայրի սուր. այն ներթափանցում է նույնիսկ մինչև հոգու և ոգու, ինչպես նաև հոդերի ու դրանց ոսկրածուծի բաժանումը և կարող է քննել սրտի մտքերն ու մտադրությունները» (Եբրայեցիներ 4։12, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Որովհետեւ Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները» (Եբրայեցիներ 4։12, «Արարատ» թարգմանություն)։

Եբրայեցիներ 4։12-ի նշանակությունը

 Ինչպես գրված է Աստվածաշնչում, մարդկությանը ուղղված Աստծու խոսքը զորություն ունի բացահայտելու մեր իրական մտքերն ու մղումները։ Այն նաև կարող է դեպի լավը փոխել մարդկանց։

 «Աստծու խոսքը կենդանի է»։ «Աստծու խոսք» արտահայտությունը վերաբերում է Աստվածաշնչում արձանագրված Աստծու խոստումներին՝ նրա նպատակին։ a Այդ նպատակի կարևոր մասերից է այն, որ հնազանդ մարդկությունը իրական խաղաղության և միասնության մեջ հավիտյան ապրի երկրի վրա (Ծննդոց 1։28; Սաղմոս 37։29; Հայտնություն 21։3, 4

 Իսկ ի՞նչ իմաստով է Աստծու խոսքը՝ նրա արձանագրված նպատակը, «կենդանի»։ Նախ՝ Աստծու խոսքը հզոր ազդեցություն է թողնում այն ընդունողների սրտի վրա՝ նրանց տալով հույս և կյանքի իմաստ (2 Օրենք 30։14; 32։47)։ Այն նաև «կենդանի է», քանի որ կենդանի Աստված՝ դրա Աղբյուրը, գործում է իր խոստումները իրականացնելու ուղղությամբ (Հովհաննես 5։17)։ Ի տարբերություն մարդկանց՝ Աստված չի խոստանում մի բան ու հետո մոռանում դրա մասին կամ պարզում, որ ի զորու չէ այն իրագործելու (Թվեր 23։19)։ Աստծու խոսքը «անարդյունք չի վերադառնում» նրա մոտ (Եսայիա 55։10, 11

 «Աստծու խոսքը.... զորեղ [է]»։ «Զորեղ է» արտահայտությունը կարող է նաև թարգմանվել «գործուն է» կամ «իրականացնում է այն, ինչի համար ասվել է»։ Ուստի ցանկացած բան, որ Եհովան b ասում է կամ խոստանում, անպայման կիրագործվի (Սաղմոս 135։6; Եսայիա 46։10)։ Իրականում Աստված կարող է կատարել իր խոստումները այնպիսի կերպերով, որ գերազանցում են մեր պատկերացումները (Եփեսացիներ 3։20 c

 Աստծու խոսքը նաև զորեղ է, քանի որ իր արժեքը գնահատող մարդկանց օգնում է դրական փոփոխություններ անել կյանքում և ավելի լավ մարդ դառնալ։ Աստծու սովորեցրածները դառնում են նրանց էության մի մասը՝ ազդելով մտածելակերպի, ապրելակերպի և նպատակների վրա (Հռոմեացիներ 12։2; Եփեսացիներ 4։24)։ Այս իմաստով «Աստծու խոսքը.... ներգործում է» նրանց մեջ, ովքեր ընդունում են դրա Աղբյուրին (1 Թեսաղոնիկեցիներ 2։13

 «Աստծու խոսքը.... ավելի սուր է, քան ցանկացած երկսայրի սուր»։ Փոխաբերական իմաստով՝ Աստծու խոսքը ավելի սուր է, քան մարդու ստեղծած ցանկացած սուր, քանի որ ներթափանցող ուժ ունի։ Աստծու խոսքը կարող է հասնել մարդու սրտի ամենախոր անկյունները՝ ազդել ներքին անձնավորության վրա. մի բան, ինչը մարդկային ոչ մի ուսմունք չի կարող։ Սա պարզ է դառնում Եբրայեցիներ 4։12-րդ համարի շարունակությունից։

 «Աստծու խոսքը.... ներթափանցում է նույնիսկ մինչև հոգու և ոգու, ինչպես նաև հոդերի ու դրանց ոսկրածուծի բաժանումը»։ Աստվածաշնչում «հոգի» բառը մատնանշում է, թե անհատն ինչպիսին է արտաքուստ, իսկ «ոգի» բառը՝ թե ինչպիսին է ներքուստ (Գաղատացիներ 6։18)։ Փոխաբերական իմաստով՝ Աստծու խոսքը ներթափանցում է «ոսկրածուծ»՝ հասնում մեր ամենախորունկ զգացմունքներին ու մտքերին։ Այն բացահայտում է, թե մենք իրականում ինչպիսին ենք ներքուստ, ինչը ոչ ոք չի կարող տեսնել։ Դա էլ մղում է, որ դրական փոփոխություններ անենք և ուրախացնենք թե՛ մեր Ստեղծչին, թե՛ ինքներս մեզ։

 «Աստծու խոսքը.... կարող է քննել սրտի մտքերն ու մտադրությունները»։ Այն, թե ինչպես է անհատը արձագանքում Աստծու խոսքին, կարող է բացահայտել նրա իրական մտքերը և անգամ մտադրություններն ու մղումները, որոնք ազդում են նրա վարքի վրա։ Օրինակ, եթե անհատը դրական է արձագանքում Աստծու խոսքին և անհրաժեշտ փոփոխություններ անում կյանքում, ցույց է տալիս, որ խոնարհ է և անկեղծ։ Նա ուզում է հաճեցնել իր Ստեղծչին։ Մյուս կողմից, եթե նա փորձում է թերություններ գտնել Աստծու խոսքում, այդպիսով թերևս բացահայտում է իր բացասական կողմերը, օրինակ՝ անտեղի հպարտությունը կամ եսասիրությունը։ Նա գուցե փորձում է արդարացնել Աստծուն տհաճ իր արարքները (Երեմիա 17։9; Հռոմեացիներ 1։24-27

 Մի աշխատության մեջ ասվում է, որ Աստծու խոսքը «կարող է հասնել մեր էության ամենախորունկ անկյուններ»։ Չկա ներքին անձնավորության որևէ անկյուն, որ Աստված չկարողանա տեսնել, և որ նրա խոսքը չկարողանա բացահայտել։ Եբրայեցիներ 4։13-ում գրված է. «Բոլոր բաները մերկ և բացահայտ են նրա աչքերի առաջ, որին մենք պետք է հաշիվ տանք»։

Եբրայեցիներ 4։12-ի համատեքստը

 «Եբրայեցիներ» գիրքը գրել է Պողոս առաքյալը մ. թ. մոտ 61 թ.-ին։ Այն Աստծու ներշնչմամբ գրված նամակ է՝ ուղղված Երուսաղեմի և Հրեաստանի հրեա քրիստոնյաներին։

 3-րդ և 4-րդ գլուխներում Պողոսն ընդգծում է, թե հնում ապրած իսրայելացիները ինչպես կարող են նախազգուշական օրինակ լինել քրիստոնյաների համար (Եբրայեցիներ 3։8-12; 4։11)։ Եհովան խոստացել էր ազատել իսրայելացիներին գերությունից և հաստատել մի երկրում, որտեղ կարող էին «ապահով բնակվել» (2 Օրենք 12։9, 10)։ Սակայն Եգիպտոսից դուրս եկած իսրայելացիների սերունդը թերահավատ գտնվեց Աստծու խոստումների հանդեպ և կրկին ու կրկին չհնազանդվեց նրա պատվիրաններին։ Դրա հետևանքով «նրանք չմտան [Աստծու] հանգստի վայրը», այսինքն՝ Աստծու հետ խաղաղ փոխհարաբերություններ չվայելեցին։ Հակառակը, նրանք մահացան անապատում։ Թեև նրանց հաջորդող սերունդը ժառանգեց Ավետյաց երկիրը, բայց վերջիններս նույնպես անհնազանդության ուղին ընտրեցին։ Հետագայում ողջ ազգը թանկ գին վճարեց այս ամենի համար (Նեեմիա 9։29, 30; Սաղմոս 95։9-11; Ղուկաս 13։34, 35

 Պողոսը բացատրում է, որ քրիստոնյաները պետք է դասեր քաղեն անհավատարիմ իսրայելացիների օրինակից։ Մենք կարող ենք մտնել Աստծու հանգստի մեջ, եթե ի տարբերություն նրանց՝ հնազանդվենք Աստծու խոսքին և լիակատար հավատ դրսևորենք նրա խոստումների հանդեպ (Եբրայեցիներ 4։1-3, 11

 Դիտիր «Եբրայեցիներ» գրքի մասին այս կարճ տեսանյութը։

a Եբրայեցիներ 4։12-ում «Աստծու խոսք» արտահայտությունը միայն Աստվածաշնչին չի վերաբերում։ Սակայն այս համարը կարելի է վերագրել Աստվածաշնչին, քանի որ Աստված իր խոստումները այնտեղ է գրել տվել։

b Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։