ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Երեմիա 29։11. «Ես գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար»
«Ես գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար,— ասում է Եհովան։ a— Խաղաղություն եմ մտադրել և ոչ աղետ, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29։11, «Նոր աշխարհ թարգմանություն»)
«Քանզի ձեզի համար ծրագիրս գիտեմ, կ’ըսէ Տէրը, ծրագիր մը բարօրութեան եւ ո՛չ չարիքի, ձեզի ապագայ մը եւ յոյս մը տալու» (Երեմիա 29։11, «Արևմտահայերեն Աստվածաշունչ»)
Երեմիա 29։11-ի նշանակությունը
Եհովա Աստված իր ծառաներին հիասքանչ ապագա է խոստացել։ Թեև այս խոսքերը ուղղված են եղել անցյալում ապրած մարդկանց, սակայն Աստծու մտադրությունները չեն փոխվել։ Նա «հույս պարգևող Աստված» է (Հռոմեացիներ 15։13)։ Աստված արձանագրել է իր տված խոստումները Աստվածաշնչում, որ ավելի լավ ապագայի «հույս ունենանք» (Հռոմեացիներ 15։4)։
Երեմիա 29։11-ի համատեքստը
Այս խոսքերը այն նամակի մի մասն են, որն ուղարկվել էր Երուսաղեմից գերի տարված իսրայելացիներին (Երեմիա 29։1)։ b Աստված գերեվարվածներին հայտնեց, որ երկար են մնալու գերության մեջ, և նրանց ասաց, որ տներ կառուցեն, այգիներ տնկեն ու ընտանիք կազմեն (Երեմիա 29։4–9)։ Սակայն Աստված նաև ասաց. «Երբ Բաբելոնում յոթանասուն տարին լրանա, ես ուշադրություն կդարձնեմ ձեզ և կհաստատեմ ձեր մասին իմ բարի խոսքերը՝ ձեզ [Երուսաղեմ] վերադարձնելով» (Երեմիա 29։10)։ Այսպես Աստված հավաստիացրեց, որ չի մոռանա իր ծառաներին, և որ Երուսաղեմ վերադառնալու նրանց հույսը կիրականանա (Երեմիա 31։16, 17)։
Աստված պահեց իսրայելացիներին տված իր խոստումը։ Ինչպես որ Եհովան նախապես հայտնել էր, պարսիկ թագավոր Կյուրոսը նվաճեց Բաբելոնը (Եսայիա 45։1, 2; Երեմիա 51։30–32)։ Դրանից հետո վերջինս հրեաներին թույլ տվեց վերադառնալ իրենց հայրենիք։ 70 տարվա գերությունից հետո նրանք վերադարձան Երուսաղեմ (2 Տարեգրություն 36։20–23; Եզրաս 3։1)։
Աստծու այս խոստման կատարումը, որն արձանագրված է Երեմիա 29։11-ում, մեծ հավաստիացում է նրանց համար, ովքեր այսօր հույսով սպասում են Աստծու խոստումների իրականացմանը։ Այդ խոստումներից մեկն այն է, որ Աստծու Թագավորության միջոցով Հիսուսը խաղաղություն կհաստատի երկրի վրա (Սաղմոս 37։10, 11, 29; Եսայիա 55։11; Մատթեոս 6։10)։
Սխալ կարծիքներ Երեմիա 29։11-ի վերաբերյալ
Սխալ կարծիք։ Աստված հատուկ «ծրագիր» ունի յուրաքանչյուրի առնչությամբ։
Փաստ: Աստված թույլ է տալիս, որ յուրաքանչյուրն ինքը որոշի, թե ինչպես ապրի։ Երեմիա 29։11-ում ասվում է՝ «ձեզի համար ծրագիրս գիտեմ»։ Սա ցույց է տալիս, որ Եհովայի խոսքերը ուղղված էին Բաբելոնում գերության մեջ եղող իսրայելացիներին՝ որպես խմբի։ Նա այդ խմբի համար էր ծրագրել խաղաղ ապագա (Երեմիա 29։4)։ Սակայն Աստված թույլ էր տվել, որ ամեն մեկն ինքը որոշի՝ տեսնել տրված խոստումների իրականացումը, թե ոչ (2 Օրենք 30։19, 20; Երեմիա 29։32)։ Նրանք, ովքեր որոշեցին «փնտրել» Աստծուն և վայելել նրա օրհնությունները, անկեղծ սրտով աղոթեցին նրան (Երեմիա 29։12, 13)։
Սխալ կարծիք: Աստված իր ծառաներին բարեկեցիկ կյանք է խոստանում։
Փաստ: «Բարօրություն» կամ «բարեկեցություն» բառը, որը հանդիպում է Աստվածաշնչի որոշ թարգմանություններում, թարգմանված է եբրայերեն բառից, որը նշանակում է «խաղաղություն, առողջություն, հաջողություն»։ Համատեքստը ցույց է տալիս, որ Աստված գերի տարված իսրայելացիներին խոստացել էր ոչ թե հարստություն, այլ խաղաղություն և լավ կյանք։ Նրանք շարունակելու էին գոյություն ունենալ որպես ազգ և մի օր վերադառնալու էին Երուսաղեմ (Երեմիա 29։4–10)։
Կարդա Երեմիա 29-րդ գլուխը՝ ուշադրություն դարձնելով ծանոթագրություններին և զուգահեռ հղումներին։
a Եհովան Աստծու անձնանունն է (Սաղմոս 83։18)։
b Երեմիա 29։11-ի վերաբերյալ մի աշխատությունում նշվում է. «Աստվածաշնչում դժվար է գտնել ավելի հիասքանչ խոստում, քան այն խոստումը, որն արտահայտում է Յահվեի [Եհովայի] կարեկցանքը գերության մեջ եղող իսրայելացիների նկատմամբ, և որը նրանց տալիս է լավատեսության ու լավ ապագայի ակնկալիք ունենալու հիմնավոր պատճառ» (The Expositor’s Bible Commentary, հատոր 7, էջ 360)։