ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Հովհաննես 14։27. «Խաղաղություն եմ թողնում ձեզ»
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ ձեզ տալիս։ Չեմ տալիս այնպես, ինչպես աշխարհն է տալիս։ Թող որ ձեր սրտերը չխռովվեն ու վախից չնվաղեն» (Հովհաննես 14։27, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չ’խռովի եւ չ’վախենայ» (Հովհաննես 14։27, «Արարատ» թարգմանություն)։
Հովհաննես 14։27-ի նշանակությունը
Այս խոսքերով Հիսուսը իր առաքյալներին հավաստիացրեց, որ դժվարությունների բախվելիս նրանք չպետք է չափից շատ անհանգստանան։ Հիսուսի պես առաքյալները Աստծու օգնությամբ կարող էին չկորցնել իրենց ներքին խաղաղությունը։
Ի՞նչ խաղաղություն էր Հիսուսը թողնում կամ տալիս իր առաքյալներին։ Հիսուսը նրանց տվեց իր խաղաղությունը, այն, որն ինքն ուներ։ Այս խաղաղությունը պայմանավորված չէ նեղության կամ խնդիրների բացակայությամբ (Հովհաննես 15։20; 16։33)։ Թեև Հիսուսը անարդար վերաբերմունքի արժանացավ, ու նրան մահապատիժ էր սպասում, սակայն նա մտքի և սրտի խաղաղություն ուներ (Ղուկաս 23։27, 28, 32-34; 1 Պետրոս 2։23)։ Նա ներքին հանգստություն էր վայելում, քանի որ գիտեր, որ իր Հայրը՝ Եհովան a, սիրում և հավանում է իրեն (Մատթեոս 3։16, 17)։
Հիսուսը առաքյալներին տվեց իր խաղաղությունը, երբ հավաստիացրեց, որ ինքը և իր Հայրը սիրում ու հավանում են նրանց (Հովհաննես 14։23; 15։9, 10; Հռոմեացիներ 5։1)։ Այդ խաղաղությունը հիմնված էր Հիսուսի՝ Աստծու Որդու հանդեպ ունեցած առաքյալների հավատի վրա։ Այն օգնում էր մեղմել վախերն ու մտահոգությունները (Հովհաննես 14։1)։ Թեև Հիսուսը ֆիզիկապես այլևս նրանց հետ չէր լինելու, բայց խոստացավ, որ Աստծու սուրբ ոգին կօգնի նրանց ներքին խաղաղություն և հանգստություն գտնել (Հովհաննես 14։25-27)։ Հիսուսի հետևորդները կարող էին դժվար իրավիճակները քաջությամբ հաղթահարել՝ իմանալով, որ ունեն Եհովայի հավանությունն ու աջակցությունը (Եբրայեցիներ 13։6)։
Հիսուսի ժամանակներում մարդիկ հանդիպելիս որպես ողջույնի խոսք իրար խաղաղություն էին մաղթում (Մատթեոս 10։12, 13)։ Բայց Հիսուսն իր առաքյալներին պարզապես խաղաղություն չմաղթեց։ Նա խաղաղություն տվեց նրանց։ Այն տարբերվում է աշխարհի b տված խաղաղությունից։ Աշխարհը կարող է չնչին խաղաղության զգացում ապահովել փոխհարաբերությունների, հարստության, փառքի և դիրքի միջոցով։ Իսկ Հիսուսի տված խաղաղությունը արտաքին գործոնների հետ որևէ առնչություն չունի։ Այն հարատև ներքին խաղաղություն է։
Հովհաննես 14։27-ի համատեքստը
Հիսուսը այս խոսքերն ասաց հավատարիմ առաքյալներին իր մահվանը նախորդող գիշերը։ Նա ասաց, որ շուտով թողնելու է նրանց (Հովհաննես 13։33, 36)։ Այս լուրը շատ տխրեցրեց առաքյալներին (Հովհաննես 16։6)։ Ուստի նա հավաստիացրեց, որ իր հեռանալուց հետո նրանք անհանգստանալու պատճառ չեն ունենալու։
Հիսուսի խոսքերը կարող են քաջալերել նաև ներկայիս քրիստոնյաներին։ Մենք նույնպես կարող ենք խաղաղություն վայելել (2 Թեսաղոնիկեցիներ 3։16)։ Երբ դառնում ենք Հիսուսի աշակերտը, մենք իմանում ենք, որ նա և իր Հայրը՝ Եհովան, սիրում ու հավանում են մեզ (Կողոսացիներ 3։15; 1 Հովհաննես 4։16)։ Այս բանի գիտակցումը թույլ չի տալիս, որ չափից շատ անհանգստանանք։ Իսկ ինչո՞ւ։ Քանի որ գիտենք՝ Աստված մեր կողքին է (Սաղմոս 118։6; Փիլիպպեցիներ 4։6, 7; 2 Պետրոս 1։2)։
Դիտիր «Հովհաննես» գրքի մասին այս կարճ տեսանյութը։
a Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։
b Աստվածաշնչում «աշխարհ» բառը կարող է վերաբերել Աստծուց օտարացած հասարակությանը։