ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Մարկոս 11։24. «Այն ամենը, ինչի համար աղոթում ու խնդրում եք, հավատացեք, որ արդեն ստացել եք»
«Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչի համար աղոթում ու խնդրում եք, հավատացեք, որ արդեն ստացել եք, և կունենաք» (Մարկոս 11։24, «Նոր աշխարհ թարգմանություն»)։
«Սորա համար ասում եմ ձեզ թէ ամեն ինչ որ աղոթք անելով խնդրէք, հաւատացէք թէ կ’առնէք, եւ կ’լինի ձեզ» (Մարկոս 11։24, «Արարատ» թարգմանություն)։
Մարկոս 11։24-ի նշանակությունը
Այս խոսքերով Հիսուսը ցույց է տալիս իր աշակերտներին, թե որքան կարևոր է ամուր հավատ ունենալ աղոթքի ուժի հանդեպ։ Նա հավաստիացնում է, որ Աստված ոչ միայն լսում է նրանց աղոթքները, այլև պատասխանում է դրանց։ Այն անհատը, ով Աստծու կամքին ներդաշնակ անկեղծորեն աղոթում է, կարող է վստահ լինել, որ իր խնդրանքը անպայման կկատարվի։ Հիսուսը հորդորում է այնպիսի համոզվածություն ունենալ, ասես աղոթքի պատասխանն արդեն տրվել է։
Հիսուսը ընդգծում է հավատով աղոթելու կարևորությունը։ Նա պարզաբանում է, որ աղոթող անհատը պետք է «իր սրտում չկասկածի, այլ հավատա, որ ինչ ասում է, կկատարվի» (Մարկոս 11։23)։ Ինչո՞ւ։ Քանի որ նա, ով կասկածում է, չի կարող ակնկալել, «թե ինչ-որ բան կստանա Եհովայից» (Հակոբոս 1։5-8)։ a
Հավատի տեր անհատը հաստատակամ է իր աղոթքներում (Ղուկաս 11։9, 10; Հռոմեացիներ 12։12)։ Այդպիսով նա ցույց է տալիս, որ իր խնդրածը շատ կարևոր է իր համար, և իսկապես հավատում է, որ Աստված կպատասխանի իրեն։ Իհարկե նա նաև գիտակցում է, որ Աստված գուցե իր աղոթքին այնպես պատասխանի, ինչպես ինքը չի ակնկալում, և այն ժամանակ, երբ ինքը չի սպասում (Եփեսացիներ 3։20; Եբրայեցիներ 11։6)։
Այնուամենայնիվ, Հիսուսի խոսքերը չեն նշանակում, որ ցանկացած մարդ կարող է ակնկալել, որ Աստված կկատարի իր ցանկացած խնդրանքը։ Հիսուսը վերոնշյալ խոսքերը ուղղեց իր հետևորդներին՝ հավատի տեր մարդկանց, ովքեր իրենց լավագույնն էին անում, որ պաշտեին Եհովա Աստծուն նրան ընդունելի ձևով։ Աստվածաշունչն ասում է, որ Եհովան լսում է միայն այն աղոթքները, որոնք ներդաշնակ են իր կամքին (1 Հովհաննես 5։14)։ Նա չի լսում այն մարդկանց աղոթքները, ովքեր դիտավորյալ անտեսում են իր չափանիշները և առանց զղջալու չարիք են գործում (Եսայիա 1։15; Միքիա 3։4; Հովհաննես 9։31)։ Աստծուն ընդունելի աղոթքների մասին ավելին իմանալու համար դիտիր այս կարճ տեսանյութը։
Մարկոս 11։24-ի համատեքստը
Իր երկրային ծառայության վերջին օրերին Հիսուսը իր աշակերտների ուշադրությունը հրավիրեց Աստծու հանդեպ ամուր հավատ ունենալու վրա։ Նա մի օրինակի միջոցով օգնեց նրանց սերտել դրա կարևորությունը։ Երուսաղեմ ճամփորդելու ընթացքում նա մի թզենի նկատեց, որը ժամանակից շուտ տերևներ էր տվել։ Բայցևայնպես պարզվեց, որ ծառը պտուղ չունի, ուստի Հիսուսը անիծեց այն (Մարկոս 11։12-14)։ Այդ ծառի խաբուսիկ տեսքը հիշեցնում էր հին Իսրայել ազգի վիճակը. այն տպավորություն էր թողնում, թե պաշտում է Աստծուն, սակայն իրականում հավատի պակաս ուներ (Մատթեոս 21։43)։ Կարճ ժամանակ անց թզենին չորացավ՝ ի ցույց այն բանի, թե շուտով ինչ է պատահելու Իսրայել ազգին (Մարկոս 11։19-21)։
Հիսուսը վստահ էր, որ ի տարբերություն Իսրայել ազգի՝ իր հետևորդներին կհաջողվի այնպիսի հավատ զարգացնել, որի շնորհիվ կկարողանան հաղթահարել փորձությունները և ապշեցուցիչ գործեր իրականացնել (Մարկոս 11։22, 23)։ Աղոթքի վերաբերյալ Հիսուսի խորհուրդը ժամանակահարմար էր, քանի որ շուտով նրա հետևորդների հավատը փորձվելու էր։ Նրանք բախվելու էին Հիսուսի մահվանը և ծառայության մեջ սաստկացող հակառակությանը (Ղուկաս 24։17-20; Գործեր 5։17, 18, 40)։ Այսօր նույնպես Հիսուսի հետևորդները, հավատ դրսևորելով Աստծու և աղոթքի ուժի հանդեպ, կարող են հաղթահարել բարդ հանգամանքները (Հակոբոս 2։26)։
Դիտիր «Մարկոս» գրքի մասին այս կարճ տեսանյութը։
a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83:18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։