Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

1 Պետրոս 5։6, 7. «Խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ.... և ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք»

1 Պետրոս 5։6, 7. «Խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ.... և ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք»

 «Ուրեմն խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա բարձրացնի ձեզ, և ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։6, 7, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Խոնարհեցէք Աստուծոյ հզօր ձեռի տակ, որ ձեզ բարձրացնէ ժամանակով: Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար» (1 Պետրոս 5։6, 7, «Արարատ» թարգմանություն)։

1 Պետրոս 5։6, 7-ի նշանակությունը

 Այս խոսքերով Պետրոս առաքյալը վստահեցնում է քրիստոնյաներին, որ նրանք կարող են առանց վարանելու աղոթել Աստծուն իրենց խնդիրների և մտահոգությունների մասին։ Աստված հավանություն է տալիս խոնարհներին և առատապես կօրհնի նրանց։

 «Խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ»։ Աստվածաշնչում «Աստծու ձեռք» արտահայտությունը հաճախ մատնանշում է նրա փրկելու և պաշտպանելու զորությունը (Ելք 3։19; 2 Օրենք 26։8; Եզրաս 8։22)։ Քրիստոնյաները խոնարհվում են Աստծու ձեռքի տակ, երբ ապավինում են նրան։ Նրանք գիտակցում են, որ սահմանափակ կարողություններ ունեն և չեն կարող դժվարությունները ինքնուրույն հաղթահարել (Առակներ 3։5, 6; Փիլիպպեցիներ 4։13)։ Նրանք վստահ են, որ Աստված զորություն ունի գործելու իրենց օգտին՝ ճիշտ ժամանակին և լավագույն ձևով (Եսայիա 41։10

 «Որպեսզի ժամանակին նա բարձրացնի ձեզ»։ Նրանք, ովքեր համբերությամբ դիմանում են փորձություններին, կարող են վստահ լինել, որ Աստված ի վերջո կբարձրացնի, այսինքն՝ կվարձատրի իրենց։ Նա թույլ չի տա, որ իրեն պաշտողները անվերջ կամ իրենց ուժերից վեր փորձվեն (1 Կորնթացիներ 10։13)։ Դեռ ավելին, եթե նրանք շարունակեն անել այն, ինչ ճիշտ է, Աստված անպայման կվարձատրի նրանց «ճիշտ ժամանակին» (Գաղատացիներ 6։9

 «Եվ ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին»։ Քրիստոնյաները կարող են իրենց հոգսը գցել Աստծու վրա՝ խոնարհաբար աղոթելով նրան։ Մի աշխատության մեջ ասվում է. ««Գցել» բառը փոխանցում է ինչ-որ բան մեզանից հեռացնելու նպատակով ջանք թափելու իմաստ։ Այն մատնանշում է գիտակցված գործողություն»։ Երբ քրիստոնյան իր հոգսը գցում է Աստծու վրա, նրա անհանգստությունները նվազում են, ու նա զգում է այն, ինչ Աստվածաշնչում կոչվում է «Աստծու խաղաղություն» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Նա կարող է վստահ լինել, որ Աստված ուզում է օգնել իրեն, քանի որ հետաքրքրված է իրենով և անսպառ զորություն ունի (Սաղմոս 37։5; 55։22

1 Պետրոս 5։6, 7-ի համատեքստը

 5-րդ գլուխը եզրափակում է Պետրոս առաքյալի՝ քրիստոնյաներին ուղղված առաջին նամակը (1 Պետրոս 1։1)։ Ինչպես և այսօր, այդ ժամանակ նույնպես Քրիստոսի հետևորդները բախվում էին բազում դժվարությունների, որոնք փորձում էին նրանց հավատը ու կարող էին մտահոգությունների պատճառ դառնալ (1 Պետրոս 1։6, 7)։ Իմանալով, թե նրանք ինչերի միջով են անցնում՝ մ. թ. մոտ 62-64 թթ.-ին Պետրոսը գրեց նրանց այս ջերմ ու քաջալերական նամակը (1 Պետրոս 5։12

 Պետրոսը ամփոփում է իր նամակը՝ մի քաջալերական հիշեցում տալով նրանց, ովքեր հավատի համար փորձությունների են բախվում։ Եթե նրանք խոնարհ մնան և ապավինեն Աստծուն, կարող են վստահ լինել, որ Աստված կօգնի իրենց անսասան մնալ (1 Պետրոս 5։5-10)։ Պետրոսի խոսքերը կարող են քաջալերանքի աղբյուր լինել նաև մեր օրերում հալածվող քրիստոնյաների համար։

 Դիտիր «1 Պետրոս» գրքի մասին այս կարճ տեսանյութը։