ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
Ալկոհոլի չարաշահումը ամուսնական կյանքում
Ձեր կողակցին անհանգստացնո՞ւմ են ալկոհոլի օգտագործման ձեր սովորությունները։ Եթե այո՛, ապա իմաստուն կլինի նկատի առնել որոշ հանգամանքներ։
Այս հոդվածում՝
Ալկոհոլի չարաշահում. ամուսնությունը քայքայող չարիք
Ալկոհոլի չարաշահումը կարող է առաջացնել տարատեսակ առողջական խնդիրներ՝ սրտի հիվանդություններ, լյարդի ցիռոզ, քաղցկեղ և այլն։ Բայց այն քայքայում է ոչ միայն առողջությունը, այլև ամուսնությունը։ Ալկոհոլի չարաշահումը մեծացնում է ընտանեկան բռնության, ֆինանսական խնդիրների, ամուսնական դավաճանության և ամուսնալուծության վտանգը։
Աստվածաշնչում ասվում է, որ երբ ալկոհոլը չարաշահում են, այն «օձի պես խայթում է և իժի պես թույն է արձակում» (Առակներ 23։32)։ Իսկ ինչպե՞ս իմանաք, թե անձամբ դուք ունեք արդյոք ալկոհոլային կախվածություն։
Ունե՞ք ալկոհոլային կախվածություն
Հետևյալ հարցերը կարող են օգնել, որ պարզեք՝ ունեք այդպիսի խնդիր, թե ոչ։
Դժվարանո՞ւմ եք վերահսկել, թե ինչքան եք խմում։
Հաճա՞խ եք մտածում, թե հաջորդ անգամ երբ եք խմելու։
Շարունակո՞ւմ եք խմել, թեև դա խնդիրներ է առաջացնում ձեր կյանքում՝ ներառյալ ամուսնական հարաբերություններում։
Երբ փորձում եք դադարեցնել խմելը, ունենո՞ւմ եք ալկոհոլային քաղցի ախտանշաններ։
Խմելու պատճառով հաճա՞խ եք վեճեր ունենում ձեր կողակցի հետ։
Ձեր օրգանիզմը հանդուրժո՞ղ է դարձել ալկոհոլի ավելի մեծ քանակության նկատմամբ։
Ուրիշներից գաղտնի խմո՞ւմ եք, խմիչք թաքցնո՞ւմ եք տանը կամ աշխատավայրում։
Եթե այս հարցերից մեկին կամ մի քանիսին դրական եք պատասխանում, ուրեմն հնարավոր է՝ ալկոհոլից կախում եք ձեռք բերել։ Թերևս ալկոհոլի հանդեպ հիվանդագին հակում ունեք, այլ կերպ ասած՝ ալկոհոլամոլությամբ եք տառապում։
Մի՛ ժխտեք
Ձեր կողակիցը անհանգստությո՞ւն է հայտնել է ձեր խմելու վերաբերյալ։ Եթե այո՛, ինչպե՞ս եք արձագանքել։ Գուցե փորձել եք նվազեցնել հարցի լրջությունը կամ արդարացումներ բերել։ Կամ էլ մեղքը գցել եք ուրիշների վրա, այդ թվում՝ ձեր կողակցի՝ անելով այսպիսի արտահայտություններ.
«Եթե ինձ լավ վերաբերվեիր, չէի խմի»։
«Եթե իմ տնօրենի պես տնօրեն ունենայիր, դու էլ կխմեիր»։
«Այնքան մարդ կա, որ ինձնից շատ է խմում»։
Եթե նմանատիպ մտքեր եք արտահայտում, թերևս դա նշան է, որ խմելը ամուսնական երջանկությունից վեր եք դասում։ Բայց իրականում ո՞րն է ավելի կարևոր։
Աստվածաշնչյան սկզբունք. «Ամուսնացած տղամարդը.... ձգտ[ում է] իր կնոջ հավանությունը ստանալ» (1 Կորնթացիներ 7։33)։
Ինչ կարող եք անել
Լուրջ վերաբերվեք ձեր կողակցի անհանգստություններին։ Եթե անգամ վստահ եք, որ ձեր կողակիցը չափազանցնում է խնդիրը, մի՞թե չարժե փոփոխություն անել։ Եթե դժվարանում եք անել դա և շարունակում եք խմել՝ անտեսելով ձեր կողակցի մտահոգությունները, գուցե դա ինքնին նշան է, որ ալկոհոլի օգտագործման հարցում խնդիր ունեք։
Աստվածաշնչյան սկզբունք. «Թող ամեն մեկը ոչ թե իր օգտի մասին մտածի, այլ դիմացինի օգտի» (1 Կորնթացիներ 10։24)։
Տեղեկություն ձեռք բերեք։ Հաղթանակ տանելու համար զինվորը պետք է իմանա, թե ինչ մարտավարություն է օգտագործում թշնամին։ Նմանապես ձեր թշնամուն՝ ալկոհոլամոլությանը հաղթելու համար պետք է տեղեկանաք, թե այն ինչպես է դրսևորվում և ինչպես է թակարդը գցում մարդկանց։ Պետք է նաև տեղեկանաք, թե ինչ արդյունավետ մարտավարություն՝ ինչ միջոցներ կան, որոնք կօգնեն ձեզ ազատվել ալկոհոլային կախվածությունից և այնպես անել, որ այն նորից գլուխ չբարձրացնի։
Աստվածաշնչյան սկզբունք. «Հեռո՛ւ մնացեք մեղսածին ցանկություններից, որոնք պատերազմում են ձեր դեմ» (1 Պետրոս 2։11)։
Դիմեք օգնության։ Ներկայումս առկա են ալկոհոլամոլության դեմ պայքարի մի շարք միջոցներ՝ վերականգնողական ծրագրեր, բուժկենտրոններ և հիվանդանոցներ։ Աջակցության համար նաև լավ կլինի դիմել որևէ հասուն ընկերոջ, ով կարող է օգնել, որ հասկանաք, թե ձեր կախվածության հիմքում ինչ խորքային պատճառներ կան։ Եվ հետագայում, երբ նախկին սովորությանը վերադառնալու ուժգին ցանկություն առաջանա, կարող եք դիմել նրա օգնությանը։
Աստվածաշնչյան սկզբունք. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)։
Ալկոհոլի չարաշահումը բարդ խնդիր է, որը հնարավոր չէ լուծել՝ պարզապես ինչ-որ կարճ հոդված ընթերցելով կամ ուղղակի որոշելով, որ ավելի քիչ կխմեք։ Դրա համար շատ ավելի լուրջ քայլեր են անհրաժեշտ։ Կարևոր է գիտակցել, որ այս խնդրի հանդեպ ձեր վերաբերմունքից կախված է ոչ միայն ձեր առողջությունը, այլև ձեր ամուսնական երջանկությունը։
Հավելյալ տեղեկություններ։ Կարդացեք հետևյալ հոդվածները և իմացեք, թե ուրիշներն ինչպես են ազատվել ալկոհոլային կախվածությունից։
«Այլևս ինքս ինձնից չեմ ամաչում»
Նաև դիտեք «Ես հոգնել էի իմ ապրելակերպից» տեսանյութը։