Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս խուսափել խանդից

Ինչպե՞ս խուսափել խանդից

 Ամուսնությունը չի կարող ծաղկել անվստահության ու կասկածի մթնոլորտում։ Այդ դեպքում ինչպե՞ս խուսափել անհարկի խանդից։

Այս հոդվածում՝

 Ի՞նչ է խանդը

 «Խանդ» բառը բազմաթիվ երանգներ ունի։ Այս հոդվածում այն հետևյալ իմաստն ունի՝ զգացում, որ ինչ-որ մեկը անհարկի հետաքրքրություն է ցուցաբերում մեր կողակցի հանդեպ, կամ մեր կողակիցն է անհարկի ուշադրություն ցուցաբերում որևէ մեկի հանդեպ։ Հնարավոր է զգանք, որ մեր ամուսնությունը վտանգի տակ է։ Եթե այդպես է, ապա խանդը նորմալ է և տեղին։ Չէ՞ որ ամուսնությունը երկու անհատների միջև եղող ամենամտերիմ կապն է, և զույգը պետք է իր ձեռքից եկածն անի այն պաշտպանելու համար։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Նրանք այլևս երկու չեն, այլ մեկ մարմին են.... Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։6

 «Եթե ամուսնությունը վտանգված է, խանդը կարող է, այսպես ասած, ծխի դետեկտորի դեր կատարել, որը նախազգուշացնում է վտանգի մասին և մղում է գործելու» (Բենջամին)։

 Սակայն անտեղի խանդը առաջանում է անհիմն կասկածներից ու վախից։ Անկեղծ սերը մեզ պաշտպանում է նման վնասակար խանդից (1 Կորնթացիներ 13։4, 7)։ Հոգեբան Ռոբերտ Լիհին գրում է. «Անհարկի խանդից բխող գործողությունները կարող են վտանգել այն փոխհարաբերությունը, որն այդքան ուզում ենք պաշտպանել»։ a

 Ի՞նչն է անհարկի խանդ առաջացնում

 Դու կարող ես հակված լինել խանդելու, եթե նախկին կողակիցդ դավաճանել է քեզ։ Կամ հնարավոր է ծնողներիդ ամուսնությունն է ձախողվել անհավատարմության պատճառով, և վախենում ես, որ նույնը քեզ հետ կպատահի։

 «Երբ փոքր էի, հայրս դավաճանում էր մորս։ Ուստի ինձ համար դժվար է վստահել ուրիշներին։ Դա մի տհաճ էմոցիոնալ սպի է, որը ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում իմ ամուսնության մեջ» (Մելիսա)։

 Ահա մեկ այլ գործոն. եթե բնույթով անվստահ մարդ ես, կարող ես հակված լինել ուրիշներին դիտելու որպես պոտենցիալ սպառնալիք քո ամուսնության համար։ Գուցե ինքդ քեզ համոզես, որ նույնիսկ փոքր առիթի դեպքում կողակիցդ կլքի քեզ ու կմիանա մեկ ուրիշին։

 «Ամուսնուս ընկերը խնդրեց նրան, որ իր հարսանիքի ժամանակ հատուկ դեր կատարի՝ լինի փեսայի ընկերը։ Դա նշանակում էր, որ արարողության ողջ ընթացքում ամուսնուս պետք է ուղեկցեր հարսնաքույրը։ Այդ գաղափարն ինձ դուր չեկավ, ուստի նա ստիպված եղավ հրաժարվել» (Նաոմի)։

 Հարսանեկան սովորույթները երկրից երկիր տարբերվում են, և քրիստոնյաները պետք է աստվածաշնչյան սկզբունքներով առաջնորդվեն։ Այս իրավիճակում արդյո՞ք տեղին էր Նաոմիի խանդը։ Հետադարձ հայացք նետելով՝ նա ընդունում է, որ իր խանդն անհիմն էր։ Նա ասում է. «Այդ ժամանակ անապահովության զգացում ունեի։ Մտածում էի, թե ամուսինս համեմատում է ինձ այլ կանանց հետ։ Բայց այդ ամենն իմ երևակայության արդյունքն էր»։

 Ինչն էլ լինի պատճառը, անհարկի խանդը կարող է մղել կասկածելու կողակցիդ և նույնիսկ անարդարացիորեն մեղադրելու նրան անհավատարմության մեջ։ Արդյունքում կառաջանա անվստահության մթնոլորտ, որը կքայքայի քո ամուսնությունը և գուցե նույնիսկ քո առողջությունը։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Խանդը նման է քաղցկեղի» (Առակներ 14։30, Աստվածաշնչի «Easy-to-Read Version» թարգմանություն, անգլ.)։

 Ինչպե՞ս կարող ես կառավարել խանդի զգացումը

 Ամրացրու վստահությունդ։ Անհավատարմության նշույլներ փնտրելու փոխարեն մտածիր, թե ինչ է արել կողակիցդ քո վստահությունը վաստակելու համար։

 «Ես մտածում եմ ամուսնուս լավ հատկությունների մասին։ Եթե նա ուշադրություն է դարձնում որևէ մեկին, դա հոգատարության, ոչ թե սխալ մղումների դրսևորում է։ Ինքս ինձ շարունակ հիշեցնում եմ, որ ծնողներիս ամուսնությունն ու իմը մեկ չեն» (Մելիսա)։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Սերը.... ամեն ինչի հավատում է» (1 Կորնթացիներ 13։4, 7

 Կասկածներդ հիմք մի՛ ընդունիր։ Հոգեբան Լիհին, ում խոսքերը մեջբերված են վերևում, գրում է. «Հաճախ մենք մեր մտքերին վերաբերվում ենք որպես ճշմարտության։ Մենք կարծում ենք, թե ճիշտ ենք՝ պարզապես հիմք ընդունելով մեր զգացումները։ Բայց միայն ներքին վստահությունը դեռ ապացույց չէ»։ b

 «Ենթատեքստեր փնտրելն ու իրավիճակների մասին ենթադրություններ անելը կարող է ստեղծել խնդիր, որն ի սկզբանե չկար» (Նադին)։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց» (Փիլիպպեցիներ 4։5

 Բարձրաձայնիր քո մտահոգությունները։ Անկախ նրանից, թե որն է խանդի պատճառը՝ կողակցիդ հետ խոսիր քո մտահոգությունների մասին։ Այդպիսով կկարողանաք համաձայնության գալ ու վարքի ողջամիտ սահմաններ դնել։

 «Նման զրույցներ ունենալիս հիշիր, որ կողակիցդ չի ուզում ցավեցնել քեզ. նա էլ քեզ նման փորձում է լավ լուծում գտնել։ Կողակցիդ վատ մղումներ մի՛ վերագրիր։ Գուցե դու չափազանց զգայուն ես կամ չափից ավելին ես ակնկալում։ Կամ հնարավոր է՝ կողակցիդ մտքով էլ չի անցնում, որ քեզ ավելի շատ ուշադրություն է պետք, քան նա հատկացնում է» (Սիարա)։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։24

a b «Խանդի բուժում» գրքից (The Jealousy Cure)։