Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞նչ անեմ, եթե երեխաս ձանձրանում է

Ի՞նչ անեմ, եթե երեխաս ձանձրանում է

 Երեխադ մնացել է տանը և չգիտի՞, թե ինչով զբաղվի։ «Ես ձանձրանում եմ»,— անընդհատ ասում է նա։ Քննենք մի քանի առաջարկներ, որոնք դու կարող ես կիրառել՝ նրա համար հեռուստացույց կամ տեսախաղեր միացնելու փոխարեն։

Ի՞նչ են ասում որոշ ծնողներ, որոնց երեխաները նույնպես չգիտեն ինչով զբաղվել

  •   Զվարճության որոշ տեսակներ կարող են սրել ձանձրույթի զգացումը։ Ռոբերտ անունով մի հայր ասում է. «Որոշ երեխաների համար առօրյան ձանձրալի է թվում, երբ այն համեմատում են հեռուստացույց դիտելու կամ տեսախաղեր խաղալու հետ։ Արդյունքում սովորական բաներով զբաղվելը նրանց համար անհետաքրքիր է դառնում»։

     Նրա կինը՝ Բարբարան, համաձայնելով ամուսնու հետ, ասում է. «Իրական կյանքում անընդհատ պետք է մտածես և ջանքեր թափես։ Բայց հաճախ այդ ջանքերի արդյունքը միանգամից չի երևում։ Դա դուր չի գալիս այն երեխաներին, ովքեր շատ ժամանակ են ծախսում հեռուստացույց դիտելու և տեսախաղեր խաղալու վրա»։

  •   Սոցիալական ցանցերում թափառելը կարող է վատ ազդեցություն ունենալ։ Տեսնելով, թե ինչով են զբաղվում իր ընկերները՝ պատանին կարող է մտածել, որ շատ անհետաքրքիր կյանք ունի։ Բեթ անունով մի աղջիկ ասում է. «Հեշտ է մտածել, որ բացի քեզանից՝ բոլորը վայելում են կյանքը»։

     Բացի այդ՝ սոցիալական կայքերում ժամեր անցկացնելուց հետո մարդը, միևնույն է, կարող է դատարկության զգացում ունենալ և ձանձրանալ։ Քրիս անունով մի երիտասարդ ասում է. «Միտքդ կարող է զբաղված լինել դրանով, սակայն վերջում դատարկաձեռն ես մնում»։

  •   Ձանձրույթը կարող է հնարավորությունների դուռ բացել։ Քեթրին անունով մի մայր ասում է, որ ձանձրույթը հնարավորություն է տալիս երեխաներին զարգացնել ստեղծարար մտածողություն։ Օրինակ՝ սովորական արկղը երեխայի համար կարող է դառնալ ժամանակի մեքենա, ավտոմեքենա, նավակ կամ անգամ տիեզերանավ, իսկ սովորական ծածկոցը կարող է դառնալ վրան։

     Հոգեբան Շերի Թըրքլը ձանձրույթը նկարագրում է որպես երևակայությունը գործի դնելու հնարավորություն։ a Պետք չէ ամեն գնով խուսափել ձանձրույթից։ Մի գրքում ասվում է. «Ինչպես ծանր քաշ բարձրացնելն է զարգացնում մկանային համակարգը, այնպես էլ ձանձրույթն է զարգացնում ուղեղը» (Disconnected)։

 Ամփոփում։ Երեխաներիդ ձանձրույթին վերաբերվիր ոչ թե որպես խնդրի, այլ երևակայությունը զարգացնելու հնարավորության։

Ինչ անել, եթե երեխաները չգիտեն ինչով զբաղվել

  •   Հնարավորության դեպքում թույլ տուր երեխաներին խաղալ դրսում։ Բարբարան, որի մասին խոսեցինք սկզբում, ասում է. «Արևի շողերը և մաքուր օդը կարող են ցրել ձանձրույթի մշուշը։ Երբ մեր երեխաները սկսեցին դրսում խաղալ, նրանց երևակայությունը սկսեց ավելի լավ աշխատել»։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն ինչ իր ժամանակն ունի... [Կա] ծիծաղելու ժամանակ... և պարելու ժամանակ» (Ժողովող 3։1, 4

     Մտածիր։ Ի՞նչ կարող եմ անել, որ երեխաս ավելի շատ խաղա բակում։ Եթե բակում խաղալու հնարավորություն չկա, ի՞նչ հետաքրքրիր բաներ կարելի է կազմակերպել տանը։

  •   Օգնիր երեխաներիդ անտարբեր չլինել ուրիշների հանդեպ։ Լիլիանա անունով մի մայր առաջարկում է. «Կարող եք միասին օգնել ձեր տարեց ընկերներից մեկին, օրինակ՝ նրա գազոնը խնամեք, բակը մաքրեք կամ ինչ-որ մի բան պատրաստեք և այցելեք նրան։ Ուրիշներին բարիք անելը ուրախություն է բերում»։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Առատաձեռն հոգին կպարարտանա, և ուրիշներին առատորեն ոռոգողը ինքն էլ առատորեն կոռոգվի» (Առակներ 11։25

     Մտածիր։ Ինչպե՞ս կարող ես օգնել երեխաներիդ ուրախություն գտել ուրիշներին բարիք անելու մեջ։

  •   Լավ օրինակ եղիր։ Այն, թե ինչպես ես խոսում քո ամենօրյա գործերի մասին, կարող է ազդել երեխաներիդ վրա։ Սառա անունով մի մայր ասում է. «Եթե երեխաների մոտ հաճախ ենք ասում՝ կյանքը ձանձրալի է, ապա նրանք էլ են սկսում մտածել այդպես։ Իսկ երբ դրական տրամադրվածություն ենք ունենում, մեր երեխաներն էլ են սկսում նույն տեսակետն ունենալ կյանքի վերաբերյալ»։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ուրախ սիրտ ունեցողը միշտ խնջույքի մեջ է» (Առակներ 15։15

     Մտածիր։ Երեխայիս ներկայությամբ ինչպե՞ս եմ արտահայտվում իմ առօրյայի մասին։ Երբ ինքս եմ ձանձրանում, ի՞նչ եմ անում։

 Առաջարկ: Օգնիր երեխայիդ հետաքրքիր զբաղմունքների ցուցակ կազմել։ Էլիսոն անունով մի մայր ասում է. «Մենք ունենք առաջարկների արկղիկ։ Ընտանիքի բոլոր անդամները կարող են իրենց մտահղացումները գրել և գցել այնտեղ»։

a «Reclaiming Conversation» գրքից։