Ի՞նչ էր առաջնածին մեղքը
Աստվածաշնչի պատասխանը
Ադամն ու Եվան առաջին մարդիկ էին, ովքեր մեղք գործեցին։ Երբ նրանք, չհնազանդվելով Աստծուն, կերան «բարին ու չարը գիտենալու ծառից», գործեցին առաջնածին մեղքը a, ինչպես որ շատերը կոչում են այն (Ծննդոց 2։16, 17; 3։6; Հռոմեացիներ 5։19)։ Ադամին ու Եվային թույլ չէր տրվել ուտել այդ ծառից, քանի որ այն ներկայացնում էր մարդկանց համար բարու և չարի չափանիշները որոշելու Աստծու իշխանությունը, կամ՝ իրավունքը։ Ծառի պտղից ուտելով՝ առաջին մարդկային զույգը այդ իրավունքն իրեն վերապահեց՝ որոշելով սահմանել բարու և չարի ի՛ր չափանիշները։ Այդպես նրանք մերժեցին բարոյական չափանիշներ սահմանելու Աստծու իրավունքը։
«Առաջնածին մեղքը» ի՞նչ հետևանք ունեցավ Ադամի ու Եվայի համար
Մեղք գործելու հետևանքով Ադամն ու Եվան ծերացան և ի վերջո մահացան։ Նրանք խաթարեցին Աստծու հետ ունեցած իրենց մտերիմ փոխհարաբերություններն ու կորցրին կատարյալ առողջությամբ հավիտյան ապրելու հեռանկարը (Ծննդոց 3։19)։
«Առաջնածին մեղքը» ի՞նչ հետևանք ունի մեզ համար
Ադամի ու Եվայի բոլոր սերունդներին փոխանցվեցին մեղքն ու անկատարությունը։ Դա նման է այն բանին, որ երեխաները իրենց ծնողներից ժառանգում են նրանց գենետիկական արատները (Հռոմեացիներ 5:12)։ Այսպիսով՝ բոլոր մարդիկ ծնվում են «մեղքի b մեջ»։ Դա է պատճառը, որ մենք ի ծնե անկատար ենք և սխալներ գործելու հակում ունենք (Սաղմոս 51։5; Եփեսացիներ 2։3)։
Ժառանգած մեղքի, կամ՝ անկատարության հետևանքով մենք հիվանդանում, ծերանում ու մահանում ենք (Հռոմեացիներ 6:23)։ Մենք նաև կրում ենք մեր և ուրիշների գործած սխալների հետևանքները (Ժողովող 8։9; Հակոբոս 3։2)։
Կարո՞ղ ենք ձերբազատվել «առաջնածին մեղքի» հետևանքներից
Այո՛։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը մահացավ «մեր մեղքերի քաւութեան համար» (1 Հովհաննես 4:10, «Էջմիածին» թարգմանություն)։ Հիսուսի զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք ձերբազատվել ժառանգական մեղքի հետևանքներից և ունենալ այն, ինչ կորցրին Ադամն ու Եվան՝ կատարյալ առողջությամբ հավիտյան ապրելու հեռանկար (Հովհաննես 3:16)։ c
Սխալ կարծիքներ «առաջնածին մեղքի» վերաբերյալ
Սխալ կարծիք։ Առաջնածին մեղքն ընդմիշտ օտարացրել է մեզ Աստծուց։
Փաստ։ Աստված մեզ չի մեղադրում Ադամի ու Եվայի արածի համար։ Նա գիտի, որ մենք անկատար ենք, և մեզանից չի ակնկալում ավելին, քան ի վիճակի ենք անելու (Սաղմոս 103:14)։ Թեև մենք կրում են մեր ժառանգած մեղքի հետևանքները, սակայն մեզ հնարավորություն և պատիվ է տրված Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու (Առակներ 3:32)։
Սխալ կարծիք։ Մկրտությունն անհատին ազատում է առաջնածին մեղքից, ուստի նորածին երեխաները պետք է մկրտվեն։
Փաստ։ Թեև մկրտությունը կենսական քայլ է փրկություն ստանալու համար, սակայն միայն Հիսուսի զոհի հանդեպ հավատը կարող է անհատին մաքրել մեղքից (1 Պետրոս 3։21; 1 Հովհաննես 1։7)։ Ճշմարիտ հավատը հիմնված է գիտելիքների վրա, ուստի նորածինները չեն կարող հավատ ունենալ։ Հետևաբար նորածինների մկրտությունը աստվածաշնչյան հիմք չունի։ Այս ճշմարտությունը ակնհայտ էր առաջին դարի քրիստոնյաների համար։ Նրանք մկրտում էին ոչ թե նորածիններին, այլ հավատացյալներին՝ այն «տղամարդկանց և կանանց», ովքեր հավատում էին Աստծու Խոսքին (Գործեր 2։41; 8։12)։
Սխալ կարծիք։ Աստված անիծել է կանանց, քանի որ առաջինը Եվան կերավ արգելված պտուղը։
Փաստ։ Աստված ոչ թե կանանց է անիծել, այլ «առաջին օձին, որ Բանսարկու և Սատանա է կոչվում»։ Նա էր, որ Եվային մեղքի դրդեց (Հայտնություն 12։9; Ծննդոց 3։14)։ Ավելին, Աստված գլխավորապես Ադամին պատասխանատու համարեց առաջին մեղքի համար և ոչ թե նրա կնոջը (Հռոմեացիներ 5:12)։
Աստված ինչո՞ւ ասաց, որ Ադամը իշխելու էր իր կնոջ վրա (Ծննդոց 3։16)։ Այդ խոսքերով նա ոչ թե խրախուսեց այդպիսի վարքը, այլ պարզապես կանխագուշակեց մեղքի տխուր հետևանքը։ Աստված ակնկալում է, որ տղամարդը կսիրի, պատվի կարժանացնի իր կնոջը, ինչպես նաև խոր հարգանք կունենա առհասարակ բոլոր կանանց նկատմամբ (Եփեսացիներ 5։25; 1 Պետրոս 3։7)։
Սխալ կարծիք։ Առաջնածին մեղքը սեռական հարաբերությունն էր։
Փաստ։ Առաջնածին մեղքը չէր կարող լինել սեռական հարաբերությունը հետևյալ պատճառներով։
Աստված Ադամին պատվիրեց չուտել բարին ու չարը գիտենալու ծառից, երբ վերջինս դեռ մենակ էր՝ կին չուներ (Ծննդոց 2։17, 18)։
Աստված Ադամին ու Եվային պատվիրեց «բազմանալ [և] շատանալ», այսինքն՝ երեխաներ ունենալ (Ծննդոց 1։28)։ Աստծու կողմից դաժանություն կլիներ պատժել առաջին մարդկային զույգին իր տված պատվերին հնազանդվելու համար։
Ադամն ու Եվան միասին չգործեցին մեղքը. նախ՝ Եվան գործեց, իսկ ավելի ուշ՝ իր ամուսինը (Ծննդոց 3:6)։
Աստվածաշունչը հավանություն է տալիս ամուսնու և կնոջ միջև սեռական հարաբերություններին (Առակներ 5։18, 19; 1 Կորնթացիներ 7։3)։
a Աստվածաշնչում չի հանդիպում «առաջնածին մեղք» արտահայտությունը։ Իրականում Սուրբ Գրքում արձանագրված առաջին մեղքը Սատանայի՝ Եվային ասած մոլորեցնող խոսքն ու բացահայտ սուտն էր (Ծննդոց 3։4, 5; Հովհաննես 8։44)։
b Աստվածաշնչում «մեղք» բառը վերաբերում է ոչ միայն սխալ գործերին, այլև մեր ժառանգած անկատարությանը, այսինքն՝ մեղավոր վիճակին։
c Իմանալու համար Հիսուսի զոհաբերության և այն մասին, թե ինչպես կարող ենք օգուտներ քաղել դրանից, տես «Ինչպե՞ս է Հիսուսը փրկում» հոդվածը։