Դժոխք գոյություն ունի՞։ Ի՞նչ է դժոխքն ըստ Աստվածաշնչի
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշնչյան որոշ թարգմանություններում օգտագործվում է «դժոխք» բառը (Առակներ 15։24, «Արարատ» թարգմանություն; Մատթեոս 5։30, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Ինչպես երևում է հոդվածում պատկերված այս կրոնական նկարից, շատերը հավատում են, որ դժոխքը կրակներով լի վայր է, որտեղ պատժվում են չար մարդիկ։ Սակայն ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը։
Այս հոդվածում՝
Արդյոք դժոխքը հավիտենական տանջանքների վա՞յր է
Ո՛չ։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում «դժոխք» թարգմանված բնագրային բառերը (եբրայերեն՝ «շեոլ», հունարեն՝ «հադես») վերաբերում են մարդկանց համընդհանուր գերեզմանին։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ «գերեզմանում» գտնվողները պարզապես գոյություն չունեն։
Դժոխքում գտնվողները անգիտակից վիճակում են, ուստի չեն կարող ցավ զգալ։ «Դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն» (Ժողովող 9։10, «Նոր Էջմիածին» թարգմանություն)։ Դժոխքում ցավից տանջվող մարդկանց ձայներ չկան։ Աստվածաշնչում ասվում է. «Թող ամբարիշտներն ամաչեն, թող լռության մատնվեն գերեզմանում [դժոխքում, «Էջմիածին» թարգմանություն] (Սաղմոս 31։17; Սաղմոս 115։17)։
Աստված մեղքերի համար որպես պատիժ մահն է սահմանել, ոչ թե դժոխքի կրակները։ Աստված առաջին մարդուն՝ Ադամին, ասաց, որ իր օրենքը խախտելու պատիժը մահն է լինելու (Ծննդոց 2։17)։ Նա ոչինչ չասաց դժոխքի կրակներում հավիտյան տանջվելու մասին։ Երբ Ադամը մեղք գործեց, Աստված ասաց, որ նրա պատիժը հետևյալն է լինելու. «Հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս» (Ծննդոց 3։19)։ Ադամը դադարելու էր գոյություն ունենալուց։ Եթե Աստված Ադամին կրակներով լի դժոխք ուղարկելու լիներ, անշուշտ, նա այդ մասին կնշեր։ Աստված իր պատիժը չի փոխել իր օրենքներին չհնազանդվողների համար։ Ադամի մեղք գործելուց երկար ժամանակ անց Աստծու ներշնչմամբ Աստվածաշունչ գրողներից մեկն ասաց. «Մեղքի տված վարձը մահն է» (Հռոմեացիներ 6։23)։ Դրանից հետո ուրիշ պատժի կարիք չկա, քանի որ «նա, ով մահանում է, ազատվում է մեղքից» (Հռոմեացիներ 6։7)։
Հավիտյան տանջանքների մասին միտքն անգամ գարշելի է Աստծուն (Երեմիա 32։35)։ Վատ մարդկանց կրակների մեջ այրելու գաղափարը հակասում է Աստվածաշնչի այն խոսքին, որ «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Նա ուզում է, որ մենք իրեն պաշտենք ոչ թե հավիտյան տանջվելու վախից դրդված, այլ սիրուց մղված (Մատթեոս 22։36–38)։
Լավ մարդիկ գնում են դժոխք։ Աստծուն հավատարիմ մարդիկ՝ Հակոբն ու Հոբը, գիտեին, որ դժոխք են գնալու (Ծննդոց 37։35, Գրաբար Աստվածաշունչ (ԵԿ Զոհրապյան); Հոբ 14։13, «Արարատ» թարգմանություն)։ Նույնիսկ Հիսուս Քրիստոսն է եղել դժոխքում իր մահից հետո՝ մինչև հարություն առնելը (Գործեր 2։31, 32; Սաղմոս 15։10, «Էջմիածին» թարգմանություն)։ Ակնհայտ է, որ աստվածաշնչյան այս թարգմանություններում օգտագործված «դժոխք» բառը վերաբերում է մարդկության համընդհանուր գերեզմանին։ a
Ո՞րն է Հիսուսի պատմած հարուստ մարդու և Ղազարոսի առակի իմաստը
Հիսուսի պատմած այս առակը արձանագրված է Ղուկաս 16։19–31 համարներում։ Առակները բարոյական և հոգևոր դասեր սովորեցնելու համար են։ Ղազարոսի և հարուստ մարդու առակը իրական պատմություն չէ (Մատթեոս 13։34)։ Այս առակի մասին ավելին իմանալու համար տես «Ովքե՞ր էին հարուստ մարդն ու Ղազարոսը» հոդվածը։
Արդյո՞ք դժոխքը Աստծուց մեկուսացած լինելու վիճակն է
Ո՛չ։ Այն ուսմունքը, թե մահացածները գիտեն, որ մեկուսացած են Աստծուց, հակասում է Աստվածաշնչին, որտեղ հստակ ասվում է, որ մահացածները ոչ մի բան չեն գիտակցում (Սաղմոս 146։3, 4; Ժողովող 9։5)։
Կա՞ մեկը, ով ազատվել է դժոխքից
Այո՛։ Աստվածաշնչում մանրամասն պատմվում է 9 մարդկանց մասին, որոնք եղել են գերեզմանում (որոշ Աստվածաշնչերում թարգմանված է «դժոխք») և հարություն են առել։ b Եթե նրանք կրակներով լի դժոխքում լինեին, արդյո՞ք չէին պատմի այդ մասին։ Հատկանշական է, որ այդ ինը մարդկանցից և ոչ մեկը չի նշել, որ տանջվել է կամ ընդհանրապես որևէ բան է զգացել։ Իսկ ինչո՞ւ։ Քանի որ, ինչպես Աստվածաշնչում է ասվում, նրանք անգիտակից վիճակում են եղել, ասես խորը «քնի» մեջ (Հովհաննես 11։11–14; 1 Կորնթացիներ 15։3–6)։