Ի՞նչ է լինում մահից հետո
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշունչն ասում է. «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9:5; Սաղմոս 146:4)։ Ուստի երբ մահանում ենք, մենք դադարում ենք գոյություն ունենալ։ Մահացածները չեն կարող մտածել, գործել կամ որևէ բան զգալ։
«Դեպի հողը պիտի դառնաս»
Աստված ասաց, թե ինչ է լինում մահից հետո, երբ առաջին մարդը՝ Ադամը, չհնազանդվեց իրեն. «Հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս» (Ծննդոց 3:19)։ «Հողի փոշուց» ստեղծվելուց առաջ, Ադամը գոյություն չուներ (Ծննդոց 2:7)։ Հետևաբար, երբ Ադամը մահացավ, նա դարձավ հողի փոշի՝ դադարեց գոյություն ունենալ։
Նույնը տեղի է ունենում բոլորիս հետ, երբ մենք մահանում ենք։ Մարդու և կենդանիների վերաբերյալ Աստվածաշունչն ասում է. «Բոլորը հողից են առաջ եկել, և բոլորը դեպի հողն են վերադառնում» (Ժողովող 3:19, 20)։
Միշտ չէ, որ մահը վերջակետ է
Աստվածաշնչում հաճախ մահը համեմատվում է քնի հետ (Սաղմոս 13:3; Հովհաննես 11:11–14; Գործեր 7:60)։ Խորը քուն մտած մարդը անտեղյակ է իր շուրջը կատարվող բաներին։ Նմանապես մահացածները ոչինչ չեն գիտակցում։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված կարող է մահացածներին արթնացնել, ինչպես խորը քնից, և նրանց նորից կյանք տալ (Հոբ 14:13–15)։ Ուստի մահը վերջակետ չէ այն մարդկանց համար, ովքեր հարություն են առնելու։