Ի՞նչ է խորհրդանշում «Հայտնություն» գրքի յոթգլխանի գազանը
Աստվածաշնչի պատասխանը
Հայտնություն 13։1-ում նշված յոթգլխանի գազանը ներկայացնում է համաշխարհային քաղաքական համակարգը։
Գազանը ունի իշխանություն, զորություն և գահ, ինչը ցույց է տալիս, որ այն կապ ունի քաղաքականության հետ (Հայտնություն 13:2)։
Գազանը իշխանություն ունի «ամեն ցեղի, ժողովրդի, լեզվի ու ազգի վրա», ուստի այն ինչ-որ մի երկրի կառավարությունը չէ, այլ շատ ավելի մեծ է (Հայտնություն 13:7)։
Գազանը Դանիել 7։2–8-ում նկարագրված 4 գազաններից յուրաքանչյուրի հետ ունի ընդհանրություն. ունի ընձառյուծի տեսք, արջի ոտքերի նման ոտքեր, առյուծի երախի նման բերան և տասը եղջյուր։ Դանիելի մարգարեությունում գազանները խորհրդանշում են կոնկրետ թագավորների, կամ՝ կայսրությունների, որոնք հաջորդել են իրար (Դանիել 7:17, 23)։ Հետևաբար Հայտնություն 13-րդ գլխի գազանը խորհրդանշում է բոլոր իշխանությունները և քաղաքական կազմակերպությունները։
Գազանը «դուրս էր գալիս ծովից»՝ մարդկության միջից, որտեղից իշխանություններն են ելնում (Հայտնություն 13:1; Եսայիա 17:12, 13)։
Աստվածաշունչն ասում է, որ գազանի թիվը կամ անունը՝ 666, «մարդու թիվ է» (Հայտնություն 13:17, 18)։ Դա ցույց է տալիս, որ Հայտնություն 13-րդ գլխի գազանը ունի մարդկային էություն և ոչ թե դիվային կամ ոգեղեն է։
Ազգերը շատ հարցերում տարաձայնություններ ունեն, սակայն մի հարցում միասնական են։ Նրանք վճռական են պահելու իրենց իշխանությունը և չենթարկվելու Աստծու Թագավորությանը (Սաղմոս 2:2)։ Արմագեդոնի ժամանակ նրանք կմիավորեն իրենց ուժերը Աստծու զորքի դեմ, որին առաջնորդելու է Հիսուս Քրիստոսը, բայց այս պատերազմը կավարտվի ազգերի բնաջնջմամբ (Հայտնություն 16:14, 16; 19:19, 20)։
«Տասը եղջյուր և յոթ գլուխ»
Որոշ թվեր Աստվածաշնչում երբեմն օգտագործվում են փոխաբերական իմաստով։ 10-ը և 7-ը խորհրդանշում են ինչ-որ բանի ամբողջականություն։ «Տասը եղջյուր և յոթ գլուխ» արտահայտության իմաստը հասկանալու համար պետք է անդրադառնանք այս նույն գրքում՝ «Հայտնությունում», նշված մեկ այլ գազանի՝ «ալ կարմիր գազանին»։ Այս գազանը նույնպես ունի յոթ գլուխ և տասը եղջյուր (Հայտնություն 13:1, 14, 15; 17:3)։ Աստվածաշունչն ասում է, որ ալ կարմիր գազանի յոթ գլուխները «յոթ թագավորներ են», կամ՝ կառավարություններ (Հայտնություն 17:9, 10)։
Նմանապես Հայտնություն 13։1-ում նշված գազանի յոթ գլուխները խորհրդանշում են յոթ թագավորություններ՝ տարբեր ժամանակաշրջանների աշխարհակալ տերություններ, որոնք ճնշել են Աստծու ժողովրդին։ Դրանք են Եգիպտոսը, Ասորեստանը, Բաբելոնը, Մարա-Պարսկաստանը, Հունաստանը, Հռոմը և Անգլո-Ամերիկան։ Տասը եղջյուրները ներկայացնում են բոլոր անկախ պետությունները՝ մեծ թե փոքր, իսկ եղջյուրների վրայի թագերը ցույց են տալիս, որ այդ բոլոր պետությունները իշխում են տվյալ ժամանակահատվածում գերիշխող աշխարհակալ ուժի հետ միաժամանակ։