Որտեղի՞ց է ծագել Հելոուինը
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշնչում չի խոսվում Հելոուինի մասին, որը սովորաբար նշվում է հոկտեմբերի 31-ին։ Սակայն այս տոնակատարության թե՛ ծագումից, թե՛ սովորույթներից երևում է, որ այն դեմ է աստվածաշնչյան ուսմունքներին։
Այս հոդվածում՝
Հելոուինի պատմությունը և սովորույթները
Սամայն։ Հելոուինի ակունքները մեզ տանում են անցյալ՝ «ավելի քան 2000 տարի առաջ կելտերի կողմից տոնվող հնագույն հեթանոսական մի տոնակատարություն,— ասվում է «The World Book Encyclopedia»-ում։— Կելտերը հավատում էին, որ այդ ժամանակ մահացածները կարող էին շրջել ապրողների մեջ։ Սամայնի ընթացքում կենդանի մարդիկ կարող էին շփվել մահացածների հետ» (տես « Ինչո՞ւ է տոնը կոչվում Հելոուին» շրջանակը)։
Հելոուինյան հանդերձանքը և չար կատակ անելու սպառնալիքով քաղցրավենիք պահանջելը։ Համաձայն մի աղբյուրի՝ որոշ կելտեր հագնում էին չարքերի հանդերձանք, որպեսզի թափառող ուրվականները «յուրայինների տեղ դնեին իրենց և չվնասեին»։ Ոմանք էլ քաղցրավենիք էին առաջարկում ոգիներին նրանց հանդարտեցնելու համար։ a
Միջին դարերում Եվրոպայում կաթոլիկ հոգևորականները որդեգրեցին տեղի հեթանոսական սովորույթները։ Նրանք հորդորում էին հավատացյալներին հելոուինյան հանդերձանքով գնալ տնից տուն և փոքրիկ նվերներ պահանջել։
Ուրվականներ, վամպիրներ, մարդագայլեր, կախարդներ և զոմբիներ։ Հնուց ի վեր սրանք կապվում են չար ոգիների աշխարհի հետ։ «Halloween Trivia» գրքում այս «գերբնական հրեշների» մասին ասվում է, որ նրանք «խիստ կապակցված են մահվան, մահացածների և մահվան հանդեպ վախի հետ»։
Հելոուինյան դդում, կամ՝ Ջեքի լապտեր։ Միջնադարում Բրիտանիայում «հավատացյալ մուրացկանները մի տնից մյուսն էին գնում և ուտելիք խնդրում՝ փոխարենը խոստանալով մահացածների համար աղոթել»։ Նրանք իրենց հետ վերցնում էին «շաղգամից սարքած լապտեր, որի փորված խոռոչում դրված մոմը խորհրդանշում էր քավարանում գտնվող մահացած մարդու հոգին» (Halloween—From Pagan Ritual to Party Night)։ Ոմանք էլ ասում են, որ այդ լապտերները չար հոգիներին վանելու համար էին։ 1800-ականների ընթացքում Հյուսիսային Ամերիկայում շաղգամին փոխարինեց դդումը, քանի որ այնտեղ դդում շատ կար, և այն փորելը ու վրան փորագրելը հեշտ էր։
Արդյոք Հելոուինի ծագումը նշանակություն ունի՞
Այո՛։ Թեև շատերը կարծում են, որ Հելոուինը անվնաս է և պարզապես ուրախ ժամանակ անցկացնելու առիթ, սակայն այդ տոնի հետ կապված սովորույթները հակասում են Աստվածաշնչին։ Հելոուինի հիմքում ընկած են մահացածների, անտեսանելի ուրվականների կամ դևերի մասին սուտ հավատալիքները։
Հետևյալ աստվածաշնչյան համարները կօգնեն ձեզ տեսնել, թե ինչ տեսակետ ունի Աստված Հելոուինի հետ կապված սովորույթների վերաբերյալ։
«Ձեր մեջ չպետք է լինի.... ոգեհարցի կամ գուշակի հետ խորհրդակցող կամ էլ մեռելներին հարցուփորձ անող» (2 Օրենք 18։10-12)։
Նշանակությունը։ Աստծուն տհաճ է, երբ մարդիկ փորձում են կապ հաստատել մահացածների հետ և նույնիսկ տպավորություն ստեղծել, թե իբր նման բան են անում։
«Մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5)։
Նշանակությունը։ Մահացածները անգիտակից վիճակում են, ուստի չեն կարող կապ հաստատել ապրողների հետ։
«Դևերին հաղորդակից [մի՛ եղեք]. չեք կարող և՛ Տիրոջ բաժակը խմել, և՛ դևերի բաժակը» (1 Կորնթացիներ 10։20, 21, «Արարատ» թարգմանություն (Նոր))։
Նշանակությունը: Այն մարդիկ, որոնք ուզում են հաճեցնել Աստծուն, պետք է խուսափեն դևերի հետ առնչվող յուրաքանչյուր բանից։
«Հաստատ կանգնեք Բանսարկուի նենգությունների դեմ, որովհետև մեր պայքարը.... ոգեղեն չար ուժերի դեմ է» (Եփեսացիներ 6։11, 12)։
Նշանակությունը: Քրիստոնյաները պետք է հակառակվեն ոգեղեն չար ուժերին, այլ ոչ թե նրանց հետ տոներ նշեն։
a Տես «Halloween—An American Holiday, An American History» գրքի 4-րդ էջը։