Անցնել բովանդակությանը

Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ

Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ

Աստվածաշնչի պատասխանը

 Որոշումներ կայացնելու առնչությամբ Աստվածաշունչը մեզ հիանալի առաջնորդություն է տալիս։ Այն կարող է օգնել մեզ «ձեռք բերել իմաստություն [և].... հասկացողություն» (Առակներ 4։5)։ Որոշ դեպքերում այն կարող է մեզ ուղիղ ասել, թե որն է լավագույն որոշումը։ Իսկ երբեմն էլ կարող է այնպիսի խորհուրդ տալ, որը կօգնի իմաստուն որոշում կայացնել։

Այս հոդվածում՝

 Առաջարկներ, որոնք կօգնեն քեզ ճիշտ որոշում կայացնել

  •   Հապշտապ որոշում մի՛ կայացրու։ Աստվածաշնչում ասվում է. «Խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14:15)։ Եթե արագ որոշում կայացնես, գուցե բաց թողնես կարևոր տեղեկություններ։ Ժամանակ հատկացրու և ուշադրությամբ մտածիր, թե ընտրության ինչ տարբերակներ ունես (1 Թեսաղոնիկեցիներ 5:21

  •   Զգացմունքների հիման վրա որոշում մի՛ կայացրու։ Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ մենք չենք կարող միշտ վստահել մեր սրտին (Առակներ 28:26; Երեմիա 17:9)։ Օրինակ՝ մենք չենք կարող ճիշտ որոշումներ կայացնել, երբ բարկացած ենք, հուսահատված, կոտրված, անհանգիստ կամ նույնիսկ չափազանց հոգնած (Առակներ 24:10; 29:22

  •   Աղոթիր իմաստության համար (Հակոբոս 1:5)։ Աստված հաճույքով է պատասխանում նման աղոթքներին։ Նա հոգատար Հոր պես ցանկանում է, որ իր զավակները անտեղի խնդիրների մեջ չընկնեն. «Եհովան a է տալիս իմաստություն, և նրա բերանից են դուրս գալիս գիտելիք ու խորաթափանցություն» (Առակներ 2:6)։ Աստված մեզ իմաստություն է տալիս հիմնականում իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով (2 Տիմոթեոս 3:16, 17

  •   Փնտրտուքներ արա։ Ճիշտ որոշում կայացնելու համար քեզ արժանահավատ տեղեկություններ են անհրաժեշտ։ Աստվածաշնչում ասվում է. «Իմաստուն մարդը կլսի ու կավելացնի ուսումը» (Առակներ 1:5)։ Իսկ որտեղի՞ց գտնել օգտակար և վստահելի տեղեկություններ։

     Նախ տես, թե Աստվածաշունչն ինչ է ասում այդ հարցի վերաբերյալ։ Մեր Ստեղծիչը գիտի, թե որն է լավագույնը մեզ համար, ուստի իր Խոսքը պարունակում է ամենավստահարժան խորհուրդները (Սաղմոս 25:12)։ Որոշ հարցերի վերաբերյալ Աստվածաշունչը հստակ հրահանգներ է տալիս, որոնք հաճախ օրենքների կամ պատվիրանների տեսքով են գրված (Եսայիա 48:17, 18)։ Իսկ շատ այլ հարցերի վերաբերյալ Աստվածաշնչում հստակ բան չի ասվում, փոխարենը գրված են սկզբունքներ, որոնք կարող են օգնել կայացնել ճիշտ որոշումներ։ Այդ սկզբունքների հիման վրա մարդիկ կարող են տարբեր, սակայն ճիշտ որոշումներ կայացնել։ Աստվածաշնչյան վստահելի խորհուրդ գտնելու համար մեր հրատարակություններում և կայքում առկա հոդվածներում փնտրտուքներ արա։ b

     Որոշ դեպքերում որոշում կայացնելու համար գուցե հարկ լինի այլ վստահելի աղբյուրներում տեղեկություններ փնտրել։ Օրինակ՝ նախքան որևէ իր գնելը, հատկապես թանկարժեք, իմաստուն կլինի փնտրտուքներ կատարել տվյալ ապրանքի և արտադրողի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթանալ երաշխիքի և վերադարձնելու պայմաններին։ Բացի այդ՝ պետք է համոզվես, որ դա հենց այն է, ինչ անհրաժեշտ է քեզ։

     Աստվածաշնչում ասվում է. «Անկեղծ զրույց չլինելիս ծրագրերը խափանվում են» (Առակներ 15:22)։ Հետևաբար, նախքան որոշումը կայացնելը խորհրդակցիր վստահարժան անձանց հետ։ Օրինակ՝ առողջության վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ լավ կլինի խորհրդակցել բժշկի հետ (Մատթեոս 9:12)։ Որոշ իրավիճակներում կարող ես խոսել այն մարդկանց հետ, որոնք նմանատիպ հարցի առաջ են կանգնած եղել։ Սակայն ի մտի ունեցիր, որ որոշում կայացնողը և դրա հետևանքները կրողը դու ես, ոչ թե այն մարդը, ում հետ խորհրդակցել ես (Գաղատացիներ 6:4, 5

  •   Ծանրութեթև արա բոլոր գործոնները։ Ձեռքիդ տակ եղած տեղեկությունների հիման վրա տարբերակներ մտածիր ու գրի առ դրանք։ Գրի առ նաև դրանց դրական ու բացասական կողմերը։ Նաև ազնվորեն մտածիր որոշմանդ հավանական հետևանքների մասին, օրինակ՝ այն ինչպես կազդի քեզ, քո ընտանիքի կամ մյուսների վրա (2 Օրենք 32:29; Առակներ 22:3; Հռոմեացիներ 14:19)։ Եթե աստվածաշնչյան սկզբունքների լույսի ներքո մտածես նմանատիպ հարցերի շուրջ, կկարողանաս իմաստուն և լավ որոշում կայացնել։

  •   Որոշում կայացրու։ Անվստահության պատճառով ժամանակ առ ժամանակ գուցե վարանենք որոշում կայացնել։ Բայց եթե հաստատակամ չլինենք, գուցե բաց թողնենք հնարավորությունը կամ հայտնվենք անցանկալի իրավիճակում։ Այլ կերպ ասած՝ անվճռականությունը նույնքան վտանգավոր է, որքան սխալ որոշում կայացնելը։ Աստվածաշնչում մի այսպիսի ասացվածք կա. «Քամուն նայողը սերմ չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի» (Ժողովող 11:4

 Հիշիր նաև, որ նույնիսկ լավագույն որոշումը կարող է կատարյալ չլինել։ Ընտրություն անելու համար երբեմն պետք է զոհողությունների գնանք։ Բացի այդ՝ կարող են առաջ գալ նաև չնախատեսված իրավիճակներ (Ժողովող 9:11)։ Ուստի ի մտի ունենալով քո ունեցած տեղեկությունները՝ ընտրիր այն տարբերակը, որը, ըստ քեզ, հաջողություն կունենա։

 Պե՞տք է փոխել արդեն իսկ կայացրած որոշումը

 Ոչ բոլոր որոշումներն են վերջնական։ Քո հանգամանքները կարող են փոխվել, կամ գուցե նկատես, որ որոշումդ անսպասելի հետևանքներով է լի։ Այդ իսկ պատճառով իմաստուն կլինի նորից մտածել դրա մասին և ընտրել մեկ ուրիշ տարբերակ, որը կբերի ցանկալի արդյունք։

 Այնուամենայնիվ, կան որոշումներ, որոնք չպետք է փոխվեն (Սաղմոս 15:4)։ Օրինակ՝ Աստված ցանկանում է, որ ամուսնացածները հավատարիմ լինեն իրենց ամուսնական երդմանը c (Մաղաքիա 2:16; Մատթեոս 19:6)։ Երբ ընտանիքում խնդիրներ են առաջ գալիս, ամուսինները պետք է ամեն ջանք թափեն դրանք լուծելու համար, ոչ թե հարցը լուծեն ամուսնալուծությամբ։

 Ի՞նչ անել, եթե կայացրել եմ սխալ որոշում, որը չեմ կարող փոխել

 Բոլորս էլ երբեմն վատ կամ ոչ իմաստուն որոշումներ ենք կայացնում (Հակոբոս 3:2)։ Բնական է, որ մեր կայացրած որոշումների համար նույնիսկ ափսոսանք կամ զղջանք (Սաղմոս 69:5)։ Անշուշտ, ողջամտության սահմաններում բացասական զգացումներ ունենալը կարող է մեզ հետ պահել նույն սխալը կրկնելուց (Առակներ 14:9)։ Սակայն Աստվածաշունչը զգուշացնում է չափից շատ մեղավորության զգացում ունենալու վտանգի մասին, ինչը կարող է մտային ու զգացական առումով սպառել մեզ (2 Կորնթացիներ 2:7 d Աստվածաշնչում ասվում է, որ «Եհովան բարեգութ է և ողորմած» (Սաղմոս 103:8–13)։ Փորձիր դասեր քաղել այդ վատ որոշումից, որը չես կարող փոխել, և հնարավորության սահմաններում անել ամեն բան վիճակը բարելավելու համար։

a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83:18

b Կարող ես նաև jw.org կայքում փնտրել այն բառը կամ արտահայտությունը, որը վերաբերում է քո որոշմանը։ Այս կայքում տարբեր թեմաների առնչությամբ Աստվածաշնչի վրա հիմնված բազմաթիվ խորհուրդներ կգտնես։ Բացի այդ՝ կարող ես նաև «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» «Բառացանկ»-ում փնտրել քեզ անհրաժեշտ բառը։

c Աստված ցանկանում է, որ ամուսնացածները ապրեն միասին, քանի դեռ ողջ են։ Նա թույլ է տալիս ամուսնալուծությունն ու վերամուսնությունը միմիայն այն ժամանակ, երբ կողակիցներից մեկը դավաճանել է (Մատթեոս 19:9)։ Եթե ամուսնական կյանքում խնդիրներ ունես, Աստվածաշունչը կարող է օգնել իմաստնորեն հաղթահարել դրանք։

d Հավելյալ տեղեկությունների համար տես «Մեղավորության զգացում. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել ինձ» հոդվածը։