Պե՞տք է աղոթեմ սրբերին
Աստվածաշնչի պատասխանը
Ո՛չ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մենք պետք է աղոթենք միայն Աստծուն Հիսուսի անունով։ Նա ասաց իր աշակերտներին. «Այսպես աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»» (Մատթեոս 6։9)։ Հիսուսը երբեք չսովորեցրեց իր աշակերտներին աղոթել սրբերին, հրեշտակներին կամ Աստծուց բացի որևէ մեկին։
Հիսուսը նաև ասաց իր հետևորդներին. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6)։ Միայն Հիսուսն է Աստծու կողմից լիազորված բարեխոսելու մեզ համար։ Աստվածաշունչն ասում է. «Կա մեկ Աստված և մեկ միջնորդ Աստծու և մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը» (Եբրայեցիներ 7։25)։
Իսկ չե՞մ կարող աղոթել և՛ Աստծուն, և՛ սրբերին
Աստծու տված Տասը պատվիրաններից մեկն ասում է. «Ես քու Տէր Աստուածդ նախանձոտ Աստուած եմ» (Ելից 20։5, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Ի՞նչ իմաստով է Աստված «նախանձոտ»։ «Նոր աշխարհ թարգմանության» մեջ այդ նույն համարում ասվում է, որ նա «բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված է»։ Աստված պահանջում է, որ նվիրված լինենք միայն իրեն և միայն իրեն երկրպագենք, այդ թվում աղոթենք բացառապես իրեն (Եսայիա 48։11)։
Մենք վիրավորում ենք Աստծուն, երբ աղոթում ենք ուրիշ մեկին, նույնիսկ սրբերին կամ սուրբ հրեշտակներին։ Երբ Հովհաննես առաքյալը փորձ արեց երկրպագելու հրեշտակին, վերջինս կանգնեցրեց նրան՝ ասելով. «Մի՛ արա այդ բանը։ Ես ընդամենը ծառայակից եմ քեզ ու քո եղբայրներին, որոնք Հիսուսի մասին վկայելու գործն ունեն։ Աստծո՛ւն երկրպագիր» (Հայտնություն 19։10)։