Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ժամադրություն—Մաս 3։ Վերջ դնե՞մ մեր մտերմությանը

Ժամադրություն—Մաս 3։ Վերջ դնե՞մ մեր մտերմությանը

 Արդեն որոշ ժամանակ է՝ մտերմություն եք անում, բայց քո մեջ սկսել են կասկածներ առաջանալ։ Շարունակե՞ս ժամադրվել, թե՞ վերջ դնես ձեր հարաբերություններին։ Այս հոդվածը կօգնի քեզ կողմնորոշվել։

Այս հոդվածում՝

 Երբ կասկածներ ունես

 Մի ընթացք ժամադրվելուց հետո երիտասարդ տղան ու աղջիկը գուցե պարզեն, որ այնքան էլ նման չեն իրար, ինչքան սկզբում կարծում էին։ Օրինակ՝

  •   Մեկը նախընտրում է ժամանակ անցկացնել ծովափում, մյուսը՝ լեռնագնացությամբ զբաղվել։

  •   Մեկը ակտիվ է ու ասող-խոսող, մյուսը՝ փակ ու ինքնամփոփ։

  •   Մեկը խնդիր չի տեսնում ստելու մեջ, իսկ մյուսը միշտ ազնիվ է։

 Հարկ է նշել, որ այս իրավիճակներից յուրաքանչյուրը տարբեր է։ Առաջին դեպքում չեն համընկնում հետաքրքրությունները, երկրորդ դեպքում՝ բնավորությունը, իսկ երրորդ դեպքում՝ արժեքները։

 Մտածիր։ Եթե ամուսնանայիր, այս երեք գործոններից որի՞ն ավելի դժվար կհարմարվեիր։ Իսկ ո՞ր մեկի պարագայում երկուսդ էլ զիջումների կգնայիք։

 Ամուսինն ու կինը կարող են տարբեր հետաքրքրություններ կամ բնավորություններ ունենալ, բայց միևնույն ժամանակ՝ երջանկություն վայելել։ Լինել համապատասխան չի նշանակում լինել միանման։ Որոշ դեպքերում ամուսինն ու կինը սովորում են հետաքրքրվել միմյանց նախասիրություններով կամ նույնիսկ օգուտներ քաղել միմյանց բնավորության գծերից։ a

 Մյուս կողմից՝ խիստ կենսական է, որ քո ապագա կողակիցը նույն արժեքների տերը լինի, ինչ դու՝ ունենա նույն հոգևոր և բարոյական հայացքները։ Հակառակ դեպքում դա լուրջ ահազանգ կլինի, որ գուցե պետք է վերջ դնես ձեր մտերմությանը։

 Օրինակ՝ դիտարկենք կրոնական անհամատեղելի հայացքները։ «Պայքարիր քո ամուսնության համար» գրքում ասվում է. «Ուսումնասիրությունները շարունակ ցույց են տալիս, որ տարակրոն զույգերի դեպքում ամուսնալուծության հավանականությունն ավելի մեծ է» (Fighting for Your Marriage)։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Մի՛ փորձեք հավասարի պես համագործակցել անհավատի հետ, քանի որ դա անհնար է» (2 Կորնթացիներ 6։14, «Բարի լուր» թարգմանություն, անգլ.)։

 Երբ որոշում ես կայացնում

 Աստվածաշնչում ասվում է, որ «ամուսնացողները դժվարություններ կունենան» (1 Կորնթացիներ 7։28)։ Ուստի մի՛ զարմացիր, եթե սկսես առնչվել դրանց արդեն իսկ մտերմության շրջանում։

 Չնչին տարակարծությունները միշտ չէ, որ ձախողված հարաբերությունների նշան են։ Հարցն այն է, թե կարող եք արդյոք խաղաղ ճանապարհով հարթել դրանք։ Այդ հմտությունը, անշուշտ, պետք կգա, եթե ամուսնանաք։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Իրար հանդեպ եղեք բարի և կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար» (Եփեսացիներ 4։32

 Մյուս կողմից՝ հաճախակի և լուրջ անհամաձայնությունները թերևս ազդանշան են, որ դուք չեք համապատասխանում։ Ավելի լավ է դա պարզել հիմա, քան ամուսնանալ և հետո փաստի առաջ կանգնել։

Հաճախակի կամ լուրջ տարաձայնությունները թերևս ահազանգ են, որ դուք չեք համապատասխանում իրար

 Ամփոփում։ Եթե լուրջ կասկածներ ունես այն մարդու առնչությամբ, ում հետ ժամադրվում ես, կամ անգամ մտավախություն ունես, որ պատրաստ չես ամուսնանալու, ոչ մի դեպքում մի՛ անտեսիր այդ կասկածները։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 22։3

 Երբ որոշում ես խզել հարաբերությունները

 Բաժանումը կարող է ցավ պատճառել։ Սակայն եթե ձեզնից մեկը կամ երկուսդ էլ շարունակ լուրջ մտահոգություններ ունեք ձեր հարաբերությունների հետ կապված, ապա բաժանվելը թերևս լավագույն լուծումը լինի։

 Ինչպե՞ս դա անել։ Ինչպիսին էլ լինեն հանգամանքները, ճիշտ կլինի դրա մասին չխոսել տեքստային հաղորդագրության կամ հեռախոսազանգի միջոցով։ Փոխարենը ընտրեք համապատասխան ժամ և վայր այդ լուրջ հարցը միասին քննարկելու համար։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ճշմարտությունն ասեք իրար» (Զաքարիա 8։16

 Արդյոք մտերմությանը վերջ դնելը նշանակո՞ւմ է, որ ձախողակ ես։ Ամենևի՛ն։ Հիշիր. ժամադրվելն օգնում է որոշել՝ ամուսնանալ տվյալ մարդու հետ, թե ոչ։ Նույնիսկ եթե հարաբերություններին վերջ է դրվում, դու կարող ես արժեքավոր դասեր սովորել այդ փորձառությունից։

 Հարցրու ինքդ քեզ. «Այս հարաբերություններից ի՞նչ սովորեցի ինքս իմ մասին։ Նկատեցի՞ մի ոլորտ, որում կարող եմ բարելավվել։ Եթե որոշեմ նորից ժամադրվել, ի՞նչը այլ կերպ կանեմ»։

a Որպեսզի ավելի լավ հասկանաս, թե այս խնդիրները ինչ ազդեցություն կարող են ունենալ կնոջ և ամուսնու վրա, տես հետևյալ հոդվածները՝ «Աջակցություն ընտանիքին—Ինչպե՞ս վերաբերվեմ մեր միջև եղած տարբերություններին» և «Աջակցություն ընտանիքին—Դրական տեսանկյունից նայիր կողակցիդ բնավորության նյարդայնացնող գծերին»։