ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Ինչո՞ւ օգնեմ ուրիշներին
Երկու գաղտնիք, որ շատերը չգիտեն
Գաղտնիք #1։ Եթե օգնում ես, ապա շատ հնարավոր է՝ քեզ էլ կօգնեն։
Մարդիկ կտեսնեն, որ դու առատաձեռն ես, և արդյունքում նրանք կմղվեն քո հանդեպ առատաձեռն լինել։ Աստվածաշնչում սա հետևյալ կերպ է շարադրված.
«Տվեք, և մարդիկ կտան ձեզ.... Ինչ չափով որ չափում եք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն» (Ղուկաս 6:38)։
«Ինչպես վերաբերվում եք ուրիշներին, այնպես էլ ձեզ կվերաբերվեն» (Ղուկաս 6:38, Contemporary English Version)։
Գաղտնիք #2։ Երբ օգնում ես, առաջինը քեզ ես օգնում։
Երբ լավ բան ես անում ուրիշների համար, քո ինքնահարգանքը բարձրանում է, և ունենում ես այն բավարարվածության զգացումը, որ պատճառում է տալը։ Աստվածաշնչում սա հետևյալ կերպ է շարադրված.
«Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20:35)։
«Երբ խնջույք ես կազմակերպում, հրավիրիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին, կույրերին, և դու երջանիկ կլինես, որովհետև նրանք փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն» (Ղուկաս 14:13, 14)։
Երիտասարդներ, ովքեր անտարբեր չեն
Ուրիշների հանդեպ հոգատար երիտասարդներ կան ամեն տեղ։ Ծանոթացիր նրանցից մի քանիսի հետ։
«Երբեմն, երբ ուղղակի ուզում եմ նստել բազմոցին ու հեռուստացույց նայել, մտածում եմ ծնողներիս մասին, թե ինչքան հոգնած կլինեն գործից հետո։ Ուստի տեղիցս վեր եմ կենում, լվանում եմ ամանները, մաքրում եմ սենյակը և սրբում եմ փոշիները։ Նաև միացնում եմ սրճեփը, քանի որ ծնողներս սուրճ շատ են սիրում։ Երբ մայրս տուն է մտնում, ասում է. «Ի՜նչ սիրուն է մեր տունը, այս ի՜նչ լավ հոտ է գալիս։ Ապրե՛ս, իմ անո՛ւշ աղջիկ»։ Այնքան հաճելի է ինչ-որ լավ բան անել մայրիկիս ու հայրիկիս համար» (Կեյսի)։
«Ծնողներս միշտ աջակցել են ինձ՝ տալով այն ամենը, ինչի կարիքն ունեցել եմ։ Ուստի երբ նրանք մեքենայի հետ կապված լուրջ խնդիր ունեցան անցած տարի, ես վերանորոգման ծախսերը ինձ վրա վերցրի, թեև դա իմ խնայողությունների զգալի մասը կազմեց։ Ճիշտ է, նրանք սկզբում հրաժարվում էին իմ օգնությունից, բայց ես պնդեցի։ Ծնողներս շատ ավելիին են արժանի։ Այնքան հաճելի է, որ կարող եմ ինչ-որ չափով օգնել նրանց» (Հոլի)։
Գիտեի՞ր, որ... Շատ երիտասարդ Եհովայի վկաներ մեծ ուրախություն են ստանում Աստվածաշնչի կրթական ծրագրի միջոցով ուրիշներին օգնելուց։ Ոմանք նույնիսկ տեղափոխվել են այլ երկրներ, որտեղ Աստվածաշունչ ուսուցանողների կարիք կա։
«Ես Միացյալ Նահանգներից տեղափոխվեցի Մեքսիկա, որ օգնեմ մարդկանց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Քանի որ ես այդքան էլ շատ միջոցներ չունեմ, երբեմն դժվար է լինում ինձ համար առատաձեռն լինել փողի կամ նյութականի հետ կապված հարցերում։ Սակայն կարող եմ ասել, որ երբ ծառայում եմ՝ իմ ժամանակն ու էներգիան տրամադրում եմ մարդկանց, դա ավելի շատ է գնահատվում, քան նյութական օգնությունը» (Էվըն)։
Ինչո՞վ կարող եմ օգնել
Ուզո՞ւմ ես զգալ այն ուրախությունը, որը կարելի է ստանալ ուրիշներին օգնելուց։ Ահա մի քանի առաջարկներ։
Օգնիր ընտանիքիդ.
Մաքրիր հատակը, լվա ամանները, հավաքիր սենյակը առանց սպասելու, որ քեզ ասեն
Ուտելու բան պատրաստիր
Ծնողներիդ շնորհակալական բացիկ գրիր
Օգնիր քրոջդ կամ եղբորդ անել տնային աշխատանքները
Օգնիր այլ մարդկանց.
Բացիկ գրիր և ուղարկիր մեկին, ով հիվանդ է
Օգնիր տարեց հարևանիդ ծանր գործերում
Այցելիր մեկին, ով չի կարողանում տնից դուրս գալ
Նվեր տուր մեկին, ով դժվարությունների միջով է անցնում
Հուշում։ Ինքդ էլ ինչ-որ տարբերակներ մտածիր։ Այս շաբաթ որևէ մեկին օգնելու նպատակ դիր։ Միգուցե զարմանաս, թե դրանից հետո ինչքան լավ կզգաս քեզ։
«Երբ օգնում ես ուրիշներին, քեզ երջանիկ ես զգում։ Զգում ես, որ ինչ-որ կարևոր բան ես արել, հատկապես, երբ տեսնում ես, որ մարդիկ գնահատում են դա։ Ուրիշներին օգնելը կարող է նույնիսկ այնքան հաճելի լինել, որ սկզբում գուցե չէիր էլ պատկերացնում։ Հնարավոր է՝ նույնիսկ չզգաս, որ դու ինչ-որ զոհողություն ես անում, որովհետև իրականում այնքա՜ն շատ բան ես ստանում փոխարենը» (Ալեյնա)։