ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Ինչպե՞ս վերահսկեմ ծախսերս
«Վերջերս մտա խանութ՝ պարզապես նայելու, թե ինչ նոր բան կա։ Այնտեղից դուրս եկա մի թանկ իրով, որը մինչև խանութ մտնելը նպատակ չունեի գնելու» (Քոլին)։
Քոլինը ընդունում է, որ դժվարանում է վերահսկել իր ծախսերը։ Դու է՞լ այդպիսի խնդիր ունես։ Եթե այո, այս հոդվածը կարող է օգնել քեզ։
Ինչո՞ւ արժե վերահսկել ծախսերը
Սխալ տեսակետ։ Եթե մտահոգվես ծախսեր անելու քո սովորություններով, կսահմանափակես ազատությունդ։
Փաստ։ Ծախսերդ վերահսկելը ոչ թե կսահմանափակի քո ազատությունը, այլ ավելի շատ ազատություն կտա քեզ։ «Որքան շատ բան իմանաս փողը ծախսելու մասին, այնքան ավելի շատ փող կունենաս հիմա և ապագայում քո ուզած բաները գնելու համար»,— ասվում է մի գրքում (I’m Broke! The Money Handbook)։
Մտածիր այն օգուտների մասին, որ կունենաս՝ վերահսկելով ծախսերդ։
Դու ավելի շատ փող կունենաս, երբ դրա կարիքը լինի։ «Ես ուզում եմ Հարավային Ամերիկա մեկնել,— ասում է Ինեզ անունով մի աղջիկ։— Երբ որոշակի գումար եմ մի կողմ դնում, փորձում եմ այդ նպատակը պահել իմ մտքում»։
Դու ավելի քիչ պարտք կունենաս (կամ չես ունենա)։ Աստվածաշունչն ասում է. «Պարտք վերցնողը պարտք տվողին ծառա է» (Առակներ 22։7)։ Աննա անունով մի երիտասարդ աղջիկ համաձայն է այս խոսքերին։ Նա ասում է. «Պարտքը ղեկավարում է քո կյանքը։ Երբ պարտք չես ունենում, կենտրոնանում ես նպատակներիդ վրա»։
Դու ցույց ես տալիս, որ հասուն անձնավորություն ես։ Նրանք, ովքեր վերահսկում են իրենց ծախսերը, ավելի պատրաստված են լինում չափահաս կյանք մտնելու։ «Դա լավ փորձ է ապագայի համար, երբ սկսեմ ինքնուրույն ապրել,— ասում է 20-ամյա Ջինը։— Ես փորձում եմ այսօր իսկ պատասխանատվությամբ ծախսել իմ գումարը, որպեսզի հետագայում նույն կերպ վարվեմ»։
Ամփոփում։ «Փողը տնօրինելը ինքնուրույն դառնալու առաջին քայլերից է,— ասվում է մի գրքում։— Գումարը արդյունավետորեն օգտագործելը հմտություն է, որը օգուտ կբերի քեզ ողջ կյանքիդ ընթացքում» (The Complete Guide to Personal Finance: For Teenagers and College Students)։
Ինչպես դա անել
Իմացիր, թե ինչ թուլություններ ունես։ Եթե գումարդ միշտ շատ արագ է սպառվում, նախ պարզիր, թե ինչի վրա ես այն ծախսում։ Որոշ մարդկանց դեպքում պատճառը օնլայն գնումներն են։ Ոմանց դրամապանակն էլ ամսվա վերջում դատարկ է լինում մանր-մունր գնումներ անելու պատճառով։
«Օրական մանր-մունր ծախսեր են լինում. մի փոքրիկ նվեր այս մեկին, այն մեկին, սուրճի դադար, լրացուցիչ մի բան նպարեղենի խանութից, և ամսվա վերջում զարմանում ես, թե ուր է չքվել հարյուր դոլարը» (Հեյլի)։
Բյուջե կազմիր։ Աստվածաշունչն ասում է. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակներ 21։5)։ Բյուջե կազմելը կօգնի, որ ծախսերդ չգերազանցեն եկամուտդ։
«Եթե քո վաստակածից ավելի շատ գումար ես ծախսում, մտածիր, թե ինչի վրա ես այն ծախսում, և մի՛ գնիր այնպիսի իրեր, որոնց կարիքը չունես։ Քանի դեռ քո ծախսածից ավելի շատ չես վաստակում, կրճատիր ծախսերիդ ցուցակը» (Դանիելե)։
Կիրառիր։ Կան մի քանի միջոցներ, որոնք կարող են օգնել քեզ ճիշտ տնօրինելու գումարդ և խուսափելու անտեղի ծախսումներ անելուց։ Որոշ երիտասարդներ հաջողության են հասել այս հարցում՝ կիրառելով հետևյալ մեթոդները։
«Սովորաբար ես իմ գումարը անմիջապես գցում եմ բանկ, քանի որ գիտեմ՝ այդ դեպքում այն ծախսելու ավելի քիչ գայթակղություն կլինի» (Դեյվիդ)։
«Երբ գնում եմ խանութ, ողջամիտ քանակությամբ գումար եմ վերցնում։ Ուստի չեմ կարող ծախսել ավելին, քան նախատեսել էի» (Էլեն)։
«Մի բան առնելուց առաջ որքան երկար եմ սպասում, այնքան ավելի հստակ եմ տեսնում՝ արդյոք դա ինձ պետք է, թե ոչ» (Ջեսիա)։
«Կարիք չկա, որ ներկա լինեմ բոլոր հավաքույթներին։ Սխալ բան չկա «ո՛չ» ասելու մեջ, եթե դրա համար միջոցներ չունեմ» (Ջենիֆեր)։
Ամփոփում։ Գումարը ճիշտ տնօրինելը մեծ պատասխանատվություն է։ Հոդվածի սկզբում նշված Քոլին անունով երիտասարդը հասկացել է դա։ Նա ասում է. «Եթե պատրաստվում եմ մի օր տան գլուխ դառնալ, չեմ կարող վատնել գումարը։ Եթե այսօր, երբ դեռ ամուրի եմ, սխալ եմ ծախսում փողը, ապա ամուսնական կյանքում դա լավ բան չի խոստանում»։
Առաջարկ։ «Պատմիր ինչ-որ մեկին, որ բյուջե ես կազմել, և խնդրիր նրան քեզ հետ ժամանակ առ ժամանակ ստուգել այն։ Հաշվետու լինելը լավ բան է» (Վանեսա)։