Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, որ ուժասպառ չլինեմ

Ի՞նչ անեմ, որ ուժասպառ չլինեմ

 Ուժասպա՞ռ ես եղել։ Եթե այո, այս հոդվածը կարող է օգնել քեզ։

 Ինչու է այդպես լինում

  •   Ծանրաբեռնվածություն։ «Կյանքի բոլոր ոլորտներում,— ասում է Ջուլի անունով մի երիտասարդ կին,— մեզ ասվում է, որ պետք է ամեն բան շարունակ ավելի լավ անենք, շարունակ բարելավվենք, շարունակ ավելի մեծ նպատակներ դնենք ու ավելի լավ արդյունքների հասնենք։ Դժվար է, երբ անընդհատ այսպիսի ճնշումների ես ենթարկվում»։

  •   Տեխնոլոգիա։ Սմարթֆոնների, պլանշետների և այլ սարքերի շնորհիվ մենք միշտ կապի մեջ ենք և հասանելի ենք շաբաթը 7 օր՝ 24 ժամ։ Դա կարող է սթրեսի ենթարկել մեզ և ժամանակի ընթացքում ուժասպառ անել։

  •   Քնի պակաս։ «Շատ երիտասարդներ, ընկած լինելով առօրյա կյանքի կատաղի հորձանուտի մեջ, շուտ են արթնանում և ուշ են քնում, որպեսզի հասցնեն դպրոց գնալ, աշխատել ու հանգստանալ»,— ասում է Միրանդա անունով մի երիտասարդ կին։ Այսպիսի ապրելակերպը հաճախ ուժասպառ է անում։

 Ինչու դա պետք է հետաքրքրի քեզ

 Աստվածաշունչը կարևորում է աշխատասիրությունը (Առակներ 6։6–8; Հռոմեացիներ 12։11)։ Սակայն Սուրբ Գիրքը չի խրախուսում այնքան աշխատել, որ կյանքում մնացած բոլոր բաները, այդ թվում՝ առողջությունը տուժեն։

 «Մի պահ գիտակցեցի, որ ողջ օրը ոչինչ չէի կերել, քանի որ կենտրոնացած էի իմ բազմաթիվ պարտականությունների վրա։ Հասկացա, որ ճիշտ չէ, երբ համաձայնում եմ կատարել ցանկացած բան, որ ինձ առաջարկվում է. դա չպետք է լինի իմ առողջության հաշվին» (Էշլի)։

 Աստվածաշունչը տեղին ասում է. «Կենդանի շունը սատկած առյուծից լավ է» (Ժողովող 9։4)։ Ինքդ քեզ ստիպելով ինչ-որ բան անել՝ գուցե մի որոշ ժամանակ քեզ թվա, թե առյուծի պես ուժեղ ես։ Սակայն եթե ուժասպառ լինես, դա կարող է ծանր հետևանքներ ունենալ քո առողջության համար։

 Ինչ կարող ես անել

  •   Սովորիր ասել՝ ո՛չ։ Աստվածաշունչն ասում է. «Իմաստությունը համեստների հետ է» (Առակներ 11։2)։ Համեստ մարդիկ գիտեն, որ իրենց հնարավորությունները սահմանափակ են, և ավելի մեծ բեռ չեն դնում իրենց ուսերին, քան կարող են տանել։

     «Առաջին հերթին այն մարդն է ենթակա ուժասպառ լինելու, ով չի կարող «ո՛չ» ասել, նա, ով համաձայնում է կատարել ցանկացած առաջադրանք, որ իրեն առաջարկում են անել։ Դա համեստություն չէ։ Վաղ թե ուշ նա ուժասպառ կլինի» (Ջորդան)։

  •   Բավականաչափ հանգստացիր։ Աստվածաշունչն ասում է. «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։6)։ Քունը կոչում են «սնունդ ուղեղի համար», սակայն պատանիներից շատերը չեն ստանում իրենց անհրաժեշտ ութից տասը ժամյա քունը։

     «Երբ խելացնոր գրաֆիկով էի ապրում, հակված էի բավականաչափ չքնելու։ Բայց երբեմն մեկ ժամ ավել քնելը հենց այն է, ինչի կարիքն ունեմ, որ հաջորդ օրը ավելի արդյունավետ և ուրախ անցնի» (Բրուքլին)։

  •   Կազմակերպված եղիր։ Աստվածաշունչն ասում է. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակներ 21։5)։ Եթե սովորես ժամանակդ ճիշտ տնօրինել և վերահսկել զբաղվածությանդ աստիճանը, այդ հմտությունը մեծ օգուտներ կբերի քեզ ողջ կյանքիդ ընթացքում։

     «Դու կխուսափես շատ սթրեսներից, եթե գրաֆիկ կազմես։ Երբ գրաֆիկդ աչքիդ առաջ է, ավելի հեշտ է տեսնել, թե որտեղ կարող ես փոփոխություններ անել, որ խուսափես ուժասպառ լինելուց» (Վանեսա)։