Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ պետք է ներողություն խնդրեմ

Ինչո՞ւ պետք է ներողություն խնդրեմ

 Ի՞նչ կանեիր այս իրավիճակներում։

  1.   Ուսուցիչդ դասի ժամանակ վատ վարքիդ պատճառով նախատում է քեզ։

     Պե՞տք է ներողություն խնդրես ուսուցչիցդ, եթե նույնիսկ կարծում ես, որ նա սուր է արձագանքել։

  2.   Ընկերուհիդ իմանում է, որ վիրավորական բան ես ասել իր մասին։

     Պե՞տք է ներողություն խնդրես ընկերուհուցդ, եթե նույնիսկ կարծում ես, որ սխալ բան չես ասել։

  3.   Չես կարողանում քեզ զսպել և հորդ հետ անհարգալից ես խոսում։

     Պե՞տք է ներողություն խնդրես հորիցդ, եթե նույնիսկ կարծում ես, որ նա է բարկացրել քեզ։

 Այս երեք հարցերի պատասխանն է՝ այո՛։ Բայց ինչո՞ւ է կարևոր ասել՝ ներողություն, եթե անգամ կարծում ես, թե վարվելակերպդ արդարացի է։ 

 Ինչո՞ւ է հարկավոր ներողություն խնդրել

  •   Ներողություն խնդրելը հասունության նշան է։ Ասածիդ կամ արածիդ համար պատասխանատվություն վերցնելով՝ կարևոր հատկություններ ես մշակում, որոնք կյանքում քեզ պետք կգան։

     «Եթե խոնարհ ու համբերատար լինես, կկարողանաս ներողություն խնդրել և լսել դիմացինիդ տեսակետը» (Ռեյչլ)։

  •   Ներողություն խնդրելը օգնում է հաշտության գալ։ Ներողություն խնդրելով՝ ցույց ես տալիս, որ քեզ համար հաշտվելն ավելի կարևոր է, քան ապացուցելը, որ դու ճիշտ ես, իսկ դիմացինդ՝ սխալ։

     «Եթե նույնիսկ քեզ մեղավոր չես համարում, խաղաղություն հաստատելը պետք է ամենակարևորը լինի։ «Կներես» ասելով՝ ոչ մի բան չես կորցնի, բայց կվերականգնես ձեր ընկերությունը» (Միրիամ)։

  •   Ներողություն խնդրելով՝ թեթևության զգացում կունենաս։ Երբ ինչ-որ մեկին խոսքով կամ արարքով վիրավորում ես, խղճի խայթ ես զգում, որը նման է ծանր բեռի։ Իսկ երբ ներողություն ես խնդրում, ուսերիցդ գցում ես այդ բեռը։ a

     «Երբեմն կոպիտ էի խոսում ծնողներիս հետ։ Ու թեև հետո ինձ վատ էի զգում, բայց դժվարանում էի ներողություն խնդրել։ Սակայն երբ ներողություն էի խնդրում, միշտ լավ էի զգում, քանի որ դրա շնորհիվ մեր ընտանիքում վերականգնվում էր համերաշխությունը» (Նիա)։

    Խղճի խայթը նման է ծանր բեռի։ Երբ ներողություն ես խնդրում, ազատվում ես այդ բեռից

 Ներողություն խնդրելու համար հարկավո՞ր է ջանք թափել։ Այո՛։ Դենա անունով մի երիտասարդ կին, որը շատ անգամներ է ներողություն խնդրել մորից նրա հետ կոպիտ խոսելու համար, ասում է. «Հեշտ չէ ասել՝ կներես։ Կոկորդդ կարծես սեղմվում է, ու ոչ մի բառ բերանիցդ դուրս չի գալիս»։

 Ինչպես ասել՝ ներողություն

  •   Հնարավորության դեպքում երես առ երես ներողություն խնդրիր։ Դեմ առ դեմ խոսելը դիմացինիդ հնարավորություն է տալիս տեսնելու, որ անկեղծորեն ես զղջում, մինչդեռ տեքստային հաղորդագրություններով գուցե չհասնես նրա սրտին։ Նույնիսկ եթե տխուր էմոջի ավելացնես գրածիդ, այն թերևս չի փոխանցի քո իրական զգացմունքներն ու անկեղծությունը։

     Առաջարկ։ Եթե չես կարող երես առ երես ներողություն խնդրել, զանգահարիր կամ բացիկ գրիր այդ անհատին։ Ինչ միջոց էլ որ ընտրես, ուշադիր եղիր բառերիդ ընտրության մեջ։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Արդարի սիրտը մտածում է, թե ինչ պատասխանի» (Առակներ 15։28

  •   Մի՛ հապաղիր ներողություն խնդրել։ Որքան երկար հարցը չլուծված մնա, այնքան խնդիրը ձեր աչքում կլրջանա, և ձեր միջև անդունդը կմեծանա։

     Առաջարկ։ Նպատակ դիր։ Օրինակ՝ որոշիր, որ հենց նույն օրը ներողություն ես խնդրելու։ Ողջամիտ ժամկետ սահմանիր և հավատարիմ մնա որոշմանդ։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Գործերդ արագ հարթիր» (Մատթեոս 5։25

  •   Անկեղծորեն ներողություն խնդրիր։ «Ցավում եմ, որ այդպես ես զգում» ասելով՝ ներողություն չեն խնդրում։ «Այն մարդը, ում դեմ սխալ ես գործել, կհարգի քեզ, եթե լիովին ընդունես մեղքի քո բաժինը»,— ասում է Ջանել անունով մի երիտասարդ կին։

     Առաջարկ։ Ներողություն խնդրիր առանց նախապայմանների։ Մի՛ ասա. «Ես կընդունեմ իմ մեղքը, եթե դու էլ ընդունես, որ մեղավոր ես, ու ներողություն խնդրես»։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Եկեք հետամուտ լինենք այն ամենին, ինչը խաղաղություն է բերում» (Հռոմեացիներ 14։19

a Եթե կորցրել ես ինչ-որ մեկի իրը կամ վնասել ես այն, իմաստուն կլինի, որ ոչ միայն ներողություն խնդրես, այլև փոխհատուցես վնասը։