ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍԻՆՆԵՐ
Ինչպես գնահատանք ցույց տալ
ԽՆԴԻՐ
Գնահատանքի խոսքեր ասելը երջանիկ ամուսնության բանալիներից է։ Սակայն շատ տղամարդիկ ու կանայք այլևս չեն նկատում իրենց կողակիցների լավ կողմերը, ուր մնաց թե գնահատանք արտահայտեն դրանց համար։ Մի խորհրդատու ամուսնական փոխհարաբերությունների մասին մի գրքում նշում է. «[Շատ զույգեր] ավելի շատ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչն է պակասում [իրենց ամուսնության մեջ], փոխանակ կենտրոնանալու դրական բաների վրա։ Ինձ հետ խոսելիս նրանք ավելի հաճախ նշում են, թե ինչն է հարկավոր փոխել, բայց երբեք չեն ասում, թե ինչը կուզեին՝ անփոփոխ մնար։ Այդ բոլոր զույգերի մեծագույն սխալն այն է, որ նրանք թերանում են գնահատանք դրսևորելու և այդպիսով իրենց սերը փաստելու հարցում» (Emotional Infidelity)։
Ինչպե՞ս կարող եք դուք և ձեր կողակիցը խուսափել այդ սխալից։
ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ
Գնահատանք ցույց տալը կարող է թուլացնել ընտանեկան լարվածությունը։ Երբ թե՛ ամուսինը, թե՛ կինը ջանքեր են գործադրում, որ նկատեն իրենց կողակցի լավ կողմերը և գովեն դրանց համար, նրանց փոխհարաբերությունները բարելավվում են։ Նույնիսկ ուժեղ լարվածությունը կարող է թուլանալ, եթե կողակիցներն իրենց գնահատված զգան։
Կանայք։ Վերոհիշյալ գրքում նաև ասվում է. «Շատ կանայք չեն նկատում, թե ինչ մեծ դժվարություններ են հաղթահարում իրենց ամուսինները ընտանիքի կարիքները հոգալու համար»։ Որոշ վայրերում մեծ դժվարությունների են բախվում նույնիսկ այն ընտանիքները, որտեղ թե՛ ամուսինը, թե՛ կինը աշխատում են։
Տղամարդիկ։ Տղամարդիկ հաճախ այդքան էլ չեն կարևորում այն ամենը, ինչ անում են կանայք ընտանիքի համար՝ աշխատելը, երեխաներին մեծացնելը, տնային գործեր անելը։ Ֆիոնան, * որը արդեն երեք տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Բոլորս էլ սխալվում ենք։ Եվ երբ ես ինչ-որ սխալ բան եմ անում, ինձ շատ վատ եմ զգում։ Իսկ երբ ամուսինս գովում է ինձ որևէ բանի համար, նույնիսկ տան հետ կապված փոքր գործերի, հասկանում եմ, որ չնայած իմ թերացումներին՝ նա շարունակում է սիրել ինձ։ Այդպես ես ինձ հանգիստ եմ զգում և բավարարվածության զգացում եմ ունենում»։
Մյուս կողմից՝ երբ կողակիցներից մեկը իրեն անտեսված է զգում, վտանգվում է նրանց ամուսնական միությունը։ Վալերի անունով մի կին ասում է. «Երբ զգում ես, որ կողակիցդ քեզ չի գնահատում, գուցե ձգտես մտերմանալ մեկի հետ, ում կողմից ավելի գնահատված կզգաս»։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
Ուշադիր եղեք։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ուշադրություն դարձրեք ձեր կողակցի դրսևորած դրական հատկություններին։ Բացի այդ, փորձեք նկատել այն ամենը, ինչ նա անում է հանուն ընտանիքի, բաներ, որոնք գուցե ժամանակի ընթացքում սովորական են դարձել ձեզ համար։ Շաբաթվա վերջում ցուցակ կազմեք և գրեք 1) այն հատկությունները, որոնք գնահատում եք ձեր կողակցի մեջ, 2) այն ամենը, ինչ նա անում է ձեր ընտանիքի բարօրության համար։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Փիլիպպեցիներ 4։8։
Ինչո՞ւ է ուշադիր լինելը կարևոր։ Էրիկան ասում է. «Երբ արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած ես, թերևս կողակիցդ քեզ համար դառնա սովորական մի անձնավորություն։ Գուցե այլևս չնկատես նրա դրական կողմերը ու սկսես ավելի շատ կենտրոնանալ այն բաների վրա, որոնք նա չի անում»։
Հարցրեք ինքներդ ձեզ. «Արդյոք կողակցիս թափած ջանքերի հանդեպ անտարբե՞ր եմ դարձել»։ Օրինակ՝ երբ ձեր ամուսինը տան հետ կապված գործեր է անում, շնորհակալություն հայտնո՞ւմ եք նրան, թե՞ մտածում եք, որ նա պարզապես իր պարտականություններն է կատարում։ Իսկ երբ ձեր կինը երեխաների դաստիարակությամբ է զբաղվում, արդյոք մտածո՞ւմ եք, թե նա առանձնապես մեծ բան չի անում, այլ միայն այն, ինչ ակնկալվում է իրենից։ Նպատակ դրեք նկատել ընտանիքի բարօրության համար ձեր կողակցի ներդրած բոլոր ջանքերը՝ լինեն դրանք մեծ, թե փոքր, և գնահատանք արտահայտեք այդ ամեն համար։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հռոմեացիներ 12։10։
Առատաձեռն եղեք գովելու հարցում։ Աստվածաշունչը հորդորում է ոչ միայն «երախտագետ լինել», այլև «ամեն ինչի համար շնորհակալություն հայտնել» (Կողոսացիներ 3։15, 1 Թեսաղոնիկեցիներ 5։18)։ Ուստի ձեր կողակցին շնորհակալություն հայտնելը սովորություն դարձրեք։ Ջեյմս անունով մի տղամարդ ասում է. «Երբ կինս շնորհակալություն է հայտնում իմ արածների համար, դա ինձ մղում է, որ ավելի շատ ջանք գործադրեմ լավ ամուսին լինելու և մեր ընտանիքն ավելի ամրապնդելու համար»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Կողոսացիներ 4։6։
Երբ կողակիցները գնահատանքի խոսքեր են ասում մեկը մյուսին, դրանով ամրացնում են իրենց փոխհարաբերությունները։ Մայքլ անունով մի տղամարդ ասում է. «Համոզված եմ, որ շատ ընտանիքներ չէին քանդվի, եթե կողակիցները միշտ ասեին, թե ինչն է իրենց դուր գալիս միմյանց մեջ։ Այդ դեպքում խնդիրներ ծագելիս նրանք չէին շտապի վերջ դնել իրենց ամուսնությանը, քանի որ միմյանցից միշտ հավաստիացում են ստացել, որ իրենց փոխհարաբերությունները շատ թանկ են»։
^ պարբ. 9 Որոշ անուններ փոխված են։