Արարիչը մեզ հույս է տալիս
Աստված հրաշալի փոփոխություններ է խոստանում ապագայի համար. նա վերջ է դնելու տառապանքին և այնպես է անելու, որ կյանքը քաղցր դառնա մարդկանց համար (Սաղմոս 37։11)։ Ինչո՞ւ կարող ենք վստահել այդ խոստմանը։ Քանի որ «Աստված մարդ չէ, որ սուտ խոսի» (Թվեր 23։19)։ Նկատի առնենք մի քանի լավ փոփոխություններ, որ անելու է Արարիչը։
Աստված վերացնելու է չար մարդկանց
«Թեև ամբարիշտները խոտի նման բուսնում են, և չարիք գործողները՝ ծաղկում, միևնույնն է, նրանք հավերժ պիտի կործանվեն» (ՍԱՂՄՈՍ 92։7)։
Ինչպես իմացանք նախորդ հոդվածից, չարությունը գնալով շատանում է։ Դա չպետք է զարմացնի մեզ։ Չէ՞ որ Աստվածաշնչում՝ 2 Տիմոթեոս 3։1–5-ում, կանխագուշակվել էր, որ «վերջին օրերում» մարդիկ չափազանց վատն են լինելու։ Իսկ ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «վերջին օրեր»։ Աստծուն չհնազանդվող բոլոր մարդկանց վերջին օրերը։ Շուտով Աստված կկործանի նրանց, ովքեր չեն ցանկանում հետ կանգնել իրենց վատ գործերից։ Կմնան միայն լավ մարդիկ՝ նրանք, ովքեր հնազանդվում են Աստծուն։ «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29)։
Աստված ոչնչացնելու է Սատանային
«Աստված, որ խաղաղություն է տալիս, շուտով կջախջախի Սատանային» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 16։20)։
Ողջ երկրագնդի վրա խաղաղություն կտիրի, երբ Սատանան, դևերը ու բոլոր չար մարդիկ այլևս չլինեն։ Մեր Ստեղծիչը խոստանում է. «Ոչ ոք չի վախեցնի [ձեզ]» (Միքիա 4։4)։
Աստված վերջ է դնելու հիվանդություններին ու մահվանը
«Ահա Աստծու խորանը մարդկանց հետ է.... Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 21։3, 4)։
Տառապանքն ու հիվանդությունները կվերանան, քանի որ Աստված կփոխհատուցի այն վնասները, որ պատճառել են Սատանան, Ադամը, Եվան և մեր անկատարությունը։ Անգամ «մահ այլևս չի լինի»։ Այն մարդիկ, ովքեր սիրում ու հնազանդվում են մեր Արարչին, կապրեն հավիտյան։ Բայց որտե՞ղ։
Մեր Ստեղծիչը երկիրը շուտով դրախտ կդարձնի
«Անապատն ու անջուր վայրը կցնծան, և անապատային հարթավայրը կուրախանա ու կծաղկի զաֆրանի պես» (ԵՍԱՅԻԱ 35։1)։
Երբ Աստված կործանի չար մարդկանց, երկիրը կծաղկի։ Այն կծածկվի փարթամ ու հրաշալի այգիներով, որոնք առատ բերք կտան (Սաղմոս 72։16)։ Օվկիանոսները, լճերը ու գետերը կմաքրվեն և կրկին լի կլինեն կյանքով։ Անգամ «աղտոտվածություն» բառը հնարավոր է՝ դուրս գա գործածությունից։ Մարդիկ իրենց համար տներ կկառուցեն ու կապրեն դրանցում։ Ոչ ոք այլևս չի լինի անտուն, սոված կամ աղքատ (Եսայիա 65։21, 22)։
Աստված մահացածներին կյանքի է կոչելու
«Հարություն պիտի լինի» (ԳՈՐԾԵՐ 24։15)։
Ցանկանո՞ւմ եք կրկին տեսնել ձեր սիրելի հարազատներին, որոնք մահացել են։ Դրախտային երկրի վրա Ամենակարող Աստված նրանց կյանքի կկոչի՝ հարություն կտա։ Դուք անշուշտ կճանաչեք միմյանց։ Պատկերացրեք, թե ինչ ուրախությամբ կլցվեն ձեր սրտերը։ Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ այս ամենը իրականություն կդառնա։ Քանի որ Աստվածաշնչում արձանագրված են դեպքեր, երբ մահացած մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, հարություն են ստացել ու միացել իրենց ընտանիքներին։ Ավելին, Հիսուսը հաճախ ուրիշների աչքի առաջ է հարություն տվել մահացածներին (Ղուկաս 8։49–56; Հովհաննես 11։11–14, 38–44)։