Իմաստուն խորհուրդներ ընտանեկան երջանկության համար
Ամուսնությունն ու երեխաները թանկ պարգևներ են մեր Արարչից։ Նա ուզում է, որ մենք երջանիկ լինենք։ Ուստի մի հինավուրց ու սուրբ գրքի միջոցով տվել է խորհուրդներ, թե ինչպես կարող ենք մեր ընտանեկան կյանքը ավելի երջանիկ դարձնել։ Քննենք դրանցից մի քանիսը։
Ամուսիննե՛ր, սիրեք ձեր կանանց
«Ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինները։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք երբեք չի ատել իր մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն խնամում է նրան» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 5։28, 29)։
Ամուսինը ընտանիքի գլուխն է (Եփեսացիներ 5։23)։ Լավ ամուսինը կոպիտ և պահանջկոտ չէ։ Նա թանկ է համարում իր կնոջը և հոգ է տանում նրա նյութական կարիքների մասին, նաև այնպես է անում, որ կինն իրեն սիրված զգա։ Սիրող ամուսինը ջանք է թափում, որ երջանկացնի կնոջը, ոչ թե պահանջում է, որ վերջինս միշտ իր ուզածն անի (Փիլիպպեցիներ 2։4)։ Ընտանիքի գլուխը անկեղծորեն խոսում է իր զգացումների մասին և ուշադրությամբ լսում է իր կնոջը, «դառնապես չի բարկանում» նրա վրա և ֆիզիկապես ու զգացապես չի ցավեցնում նրան (Կողոսացիներ 3։19)։
Կանա՛յք, հարգեք ձեր ամուսիններին
«Կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 5։33)։
Կինը, հարգելով իր ամուսնուն և թիկունք կանգնելով նրա կայացրած որոշումներին, նպաստում է ընտանիքի խաղաղությանը։ Երբ ամուսինը սխալվում է, կինը չի նվաստացնում նրան, այլ շարունակում է մեղմ ու հարգալից լինել (1 Պետրոս 3։4)։ Իսկ երբ կինն ուզում է որևէ խնդրի մասին խոսել, հարմար ժամանակ է ընտրում և հարգանքով է խոսում (Ժողովող 3։7)։
Հավատարիմ եղեք ձեր կողակցին
«Տղամարդը.... կմիանա իր կնոջը, ու նրանք մեկ մարմին կլինեն» (ԾՆՆԴՈՑ 2։24)։
Երբ տղամարդն ու կինը ամուսնանում են, նրանց միջև մտերիմ փոխհարաբերություններ են ձևավորվում, ու նրանք դառնում են մեկ ընտանիք։ Ամուսինները պետք է ամեն ջանք թափեն, որ ամուր պահեն իրենց միությունը։ Նրանք դա կարող են անել սրտաբուխ զրույցների միջոցով և միմյանց համար հաճելի գործեր անելով։ Կողակիցները պետք է հավատարիմ լինեն իրար և ամուսնությունից դուրս սեռական հարաբերություն չունենան։ Դավաճանությունը սրի պես խոցում է։ Այն անվստահության անդունդ է բացում և կարող է քանդել ընտանիքը (Եբրայեցիներ 13։4)։
Ծնողնե՛ր, կրթեք ձեր երեխաներին
«Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն. նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից» (ԱՌԱԿՆԵՐ 22։6)։
Աստված ծնողներին պատվիրել է կրթել իրենց երեխաներին։ Ծնողները պետք է լավ օրինակ լինեն երեխաների համար, ինչպես նաև սովորեցնեն ճիշտ վարվելակերպ ունենալ (2 Օրենք 6։6, 7)։ Երբ երեխան որևէ սխալ բան է անում, իմաստուն ծնողը ափերից դուրս չի գալիս։ Նա «արագ [է] լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1։19)։ Երբ երեխային ուղղելու կարիք է լինում, ծնողը խրատում է նրան ոչ թե զայրույթով, այլ սիրով ու մեղմությամբ։
Երեխանե՛ր, հնազանդվեք ձեր ծնողներին
«Երեխանե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին.... «Պատվիր քո հորն ու մորը»» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 6։1, 2)։
Երեխաները պետք է հնազանդվեն իրենց ծնողներին և խորապես հարգեն նրանց։ Երբ երեխաները պատվում են իրենց ծնողներին, տունն ուրախությամբ են լցնում և նպաստում են ընտանիքի խաղաղությանն ու միասնությանը։ Չափահաս երեխաները պատվում են իրենց ծնողներին, երբ կարիքի դեպքում աջակցում են նրանց։ Օրինակ՝ գուցե անհրաժեշտ լինի օգնել նրանց տնային գործերում կամ էլ ֆինանսապես աջակցել (1 Տիմոթեոս 5։3, 4)։