ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԵՐԻ ՀԱՄԱՐ
1. Հավատարմություն
Ի՞ՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Միմյանց հավատարիմ ամուսինն ու կինը իրենց ամուսնությունը համարում են հարատև միություն, և դա նրանց ապահովության զգացում է տալիս։ Յուրաքանչյուրը վստահ է, որ դիմացինը անխախտ կպահի իրենց միությունը անգամ դժվարությունների բախվելիս։
Որոշ զույգեր շարունակում են ապրել միասին լոկ այն պատճառով, որ վախենում են շրջապատի կամ ընտանիքի անդամների կարծիքից։ Բայց շատ ավելի լավ է, երբ ամուսինները փոխադարձ սիրուց ու հարգանքից մղված են հավատարիմ մնում միմյանց։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Ամուսինը չպետք է թողնի իր կնոջը» (1 Կորնթացիներ 7։11)։
«Երբ հավատարիմ ես կողակցիդ, սրտիդ շատ մոտ չես ընդունում այն, որ նա սխալ է վարվում քո հանդեպ, արագ ես ներում և հեշտությամբ ես ներողություն խնդրում։ Իսկ առաջացած խնդիրները դիտում ես ընդամենը որպես հերթական խոչընդոտ, ոչ թե փակուղի, որից միակ ելքը ամուսնալուծությունն է» (Միկա)։
ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ
Այն կողակիցները, ովքեր պատասխանատվությամբ չեն վերաբերվում իրենց ամուսնական խոստմանը, խնդիրների բախվելիս սովորաբար մտածում են, թե իրենք պարզապես իրար համապատասխան չեն, և կերպեր են փնտրում վերջ դնելու ամուսնությանը։
«Շատերը ամուսնանում են՝ ի մտի ունենալով, որ միշտ էլ պահուստային տարբերակ ունեն՝ ամուսնալուծությունը։ Սակայն եթե մարդիկ իրենց ամուսնության հիմքը դնելիս արդեն իսկ մտածում են ամուսնալուծվելու հնարավորության մասին, նշանակում է՝ հենց սկզբից չունեն հավատարիմ մնալու վճռականություն և պատասխանատվության զգացում» (Ջին)։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
ՍՏՈՒԳԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ
Ձեր կողակցի հետ վիճելիս՝
-
զղջո՞ւմ եք, որ ամուսնացել եք նրա հետ,
-
մտածո՞ւմ եք արդյոք, որ ձեր կյանքն ավելի լավը կլիներ մեկ ուրիշի հետ,
-
ասո՞ւմ եք այսպիսի խոսքեր՝ «ես կհեռանամ քեզնից» կամ «ես կգտնեմ մեկին, ով կգնահատի ինձ»։
Եթե վերոհիշյալ հարցերից առնվազն մեկին դրական պատասխան տվեցիք, նշանակում է, որ կարիք կա ամրացնելու հավատարիմ մնալու ձեր վճռականությունը։
ԽՈՍԵՔ ՁԵՐ ԿՈՂԱԿՑԻ ՀԵՏ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
-
Միմյանց հավատարիմ մնալու մեր վճռականությունը թուլացե՞լ է։ Եթե այո, ապա ո՞րն է պատճառը։
-
Ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի ամրացնենք այն։
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
-
Ժամանակ առ ժամանակ սիրային երկտող գրեք ձեր կողակցին։
-
Ցույց տվեք, որ նվիրված եք նրան՝ աշխատասենյակում դնելով նրա լուսանկարները։
-
Երբ աշխատավայրում եք կամ ձեր կողակցից հեռու եք գտնվում, ամեն օր զանգահարեք կամ հաղորդագրություն գրեք նրան։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։6)։