ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ
Ուշագրավ տեղեկություններ Ամերիկա աշխարհամասից
Լուրեր Արևմտյան կիսագնդից, որոնք ցույց են տալիս, թե որքան իմաստուն և գործնական են Աստվածաշնչի խորհուրդները։
Էլ. փոստը քիչ ստուգելը նվազեցնում է սթրեսը
Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ մարդիկ ավելի քիչ սթրեսի կենթարկվեն, եթե իրենց էլեկտրոնային փոստը անընդհատ ստուգելու փոխարեն՝ այն ստուգեն օրվա մեջ ընդամենը երեք անգամ։ Նկատի առնելով վերջնական արդյունքները՝ ուսումնասիրության ղեկավար Կոստադին Կուշլևն ասում է. «Մարդկանց համար դժվար է դիմանալ էլեկտրոնային փոստը ստուգելու գայթակղությանը, այնինչ այդպես վարվելը նվազեցնում է սթրեսը»։
ՄՏԱԾԵՔ։ Քանի որ ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում», մի՞թե խելամիտ չէ սթրեսը նվազեցնելու կերպեր փնտրել (2 Տիմոթեոս 3։1)։
Ձկնապաշարների վերականգնումը
Ինչպես հայտնում է Վայրի բնության պահպանության միությունը, «Բելիզում և Կարիբյան ծովի ավազանի այլ երկրներում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում խեցիավոր փափկամարմինների, ծովախեցգետինների և ձկների թվաքանակի աճ է գրանցվել»։ Այն նաև նշում է. «Բնության հատուկ պահպանվող տարածքներում.... ձկնորսության հետևանքով նվազած ձկնատեսակների թվաքանակը կարող է զգալիորեն ավելանալ ընդամենը 1–6 տարվա ընթացքում.... բայց լիարժեք վերականգնման համար տասնամյակներ են պետք»։ Վայրի բնության պահպանության միության նախագծերից մեկի ղեկավարը՝ Ջանեթ Գիբսոնը, Բելիզի առնչությամբ ասել է. «Հստակ է, որ բնության հատուկ պահպանվող տարածքների օգնությամբ հնարավոր է վերականգնել երկրի ձկնապաշարներն ու կենսաբազմազանությունը»։
ՄՏԱԾԵՔ։ Մի՞թե բնության ինքնավերականգնման ունակությունը չի վկայում իմաստուն Արարչի գոյության մասին (Սաղմոս 104։24, 25)։
Բռնության աճ Բրազիլիայում
Աժենսիա Բրազիլ լրատվական ծառայությունը հայտնում է, որ Բրազիլիայում բռնության դեպքերը գնալով շատանում են։ 2012 թ.-ին սպանությունների թիվը անցավ 56 000-ից, ինչը, առողջապահության նախարարության տվյալների համաձայն, երբևէ գրանցված ամենաբարձր տարեկան ցուցանիշն էր։ Հանրային անվտանգության գծով մասնագետ Լուիս Սապորին կարծում է, որ այդ աճը կապված է բարոյական անկման հետ։ Նա ասում է, որ երբ մարդ կորցնում է հարգանքը քաղաքակիրթ հասարակության մեջ ընդունված օրենքների հանդեպ, «սկսում է իր շահերն առաջ տանելու համար ֆիզիկական ուժի դիմել»։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ։ Աստվածաշնչում վաղուց ի վեր մարգարեացվել էր, որ գալու է մի ժամանակ, երբ մարդկանց սերը սառչելու է, և անօրենությունը շատանալու է (Մատթեոս 24։3, 12)։