Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մեր զգացողությունը մի՞շտ է հուսալի

Ճի՞շտ, թե՞ սխալ. որոշումներ. շատերն ինչո՞վ են առաջնորդվում

Ճի՞շտ, թե՞ սխալ. որոշումներ. շատերն ինչո՞վ են առաջնորդվում

Գրեթե բոլորը կհամաձայնեն, որ որոշ արարքների դեպքում հեշտ է տարբերել ճիշտը սխալից։ Օրինակ՝ սպանությունը, բռնաբարությունը և երեխաների հանդեպ սեռական բռնությունը մեծամասամբ դատապարտվում են, մինչդեռ արդարությունը, բարությունը և կարեկցանքը հիմնականում գովելի են։ Բայց շատ մարդիկ մտածում են, որ ճիշտ ու սխալ ընտրություն չկա այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ սեռական հարաբերությունները, ազնիվ լինելը և երեխաներին դաստիարակելը։ Նրանք կարծում են, որ գրեթե ցանկացած ընտրություն ընդունելի է։ Մարդիկ հաճախ որևէ հարցի վերաբերյալ իրենց որոշումները հիմնում են իրենց զգացածի և ուրիշների տեսակետների վրա։ Արդյո՞ք այդպես վարվելը միշտ տեղին է։

ՈՐՈՇՈՒՄՆԵՐ՝ ՀԻՄՆՎԱԾ ՄԵՐ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Մենք հաճախ որոշումներ ենք ընդունում՝ առաջնորդվելով ճշտի ու սխալի վերաբերյալ մեր ներքին զգացողությամբ. այդ զգացողությունը հայտնի է որպես խիղճ (Հռոմեացիներ 2։14, 15)։ Երեխաները նույնիսկ դեռ վաղ տարիքից կարողանում են տարբերել արդարությունն անարդարությունից ու մեղավորության զգացում են ունենում, երբ սխալ բան են անում։ Մեծանալուն զուգընթաց մեր խղճի ձևավորման վրա ազդեցություն են թողնում մեր ընտանիքը, հասակակիցները, ուսուցիչները, հասարակությունը, կրոնը և մշակույթը։ Երբ որոշումներ ենք կայացնում, մեր խիղճը կարող է հուշել մեզ, թե արդյոք մեր ընտրությունը համապատասխանում է ճշտի ու սխալի վերաբերյալ մեր սովորածին։

Ճշտի ու սխալի վերաբերյալ մեր զգացողությունը մղում է մեզ ապրումակցելու մյուսներին, դրսևորելու կարեկցանք, երախտագիտություն և արդարություն։ Այն նաև մեզ հետ է պահում այնպիսի բաներ անելուց, որոնց պատճառով կարող ենք ցավեցնել մեզ հարազատ մարդկանց կամ ամոթի և մեղավորության զգացում ունենալ։

Մեր զգացողությունը մի՞շտ է հուսալի։ Գարրիկ անունով մի մարդ պատմում է, որ երիտասարդ տարիքում անում էր այն, ինչ ուզում էր։ Սակայն հասկացավ, որ ճիշտն անելու հարցում իր զգացողությանը վստահելը լավ արդյունքներ չէր բերում։ Նա սկսեց ապրել մի կյանքով, որը հետագայում կոչեց «մութ ճանապարհ՝ լի անբարոյականությամբ, թմրանյութերի օգտագործմամբ, հարբեցողությամբ և բռնությամբ»։

ՈՐՈՇՈՒՄՆԵՐ՝ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏԻ ՎՐԱ

Մեր ներքին զգացողությունից բացի՝ մենք հաճախ որոշումներ կայացնելիս հիմնվում ենք ուրիշների տեսակետի վրա։ Դա հնարավորություն է տալիս օգուտ քաղել այլ մարդկանց փորձից և իմաստությունից։ Մենք ձեռք ենք բերում մեր ընտանիքի, ընկերների և հասարակության հարգանքը, երբ անում ենք այն, ինչ նրանք են ճիշտ համարում։

Ուրիշների տեսակետը մի՞շտ է հուսալի։ Պրիսիլա անունով մի երիտասարդ կին անում էր այն, ինչ իր ընկերներն էին անում, և արտամուսնական սեռական հարաբերություններ էր ունենում։ Չնայած ուրիշների տեսանկյունից Պրիսիլան ճիշտ էր վարվում, բայց նա երջանիկ չէր։ Նա ասում է. «Ուրիշների պես վարվելը ինձ վրա վատ անդրադարձավ։ Ես անխոհեմ ու վտանգավոր քայլեր արեցի»։

ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՄԻՋՈՑ ԿԱ՞

Երբ որոշում ենք՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, մեր խիղճը և ուրիշների տեսակետները կարևոր դեր են խաղում։ Բայց միայն դրանց վրա հիմնվելը միշտ չէ, որ լավ արդյունքի է հանգեցնում։ Հաճախ մեր անհեռատես որոշումների պատճառով կարող ենք վնասել թե՛ մեզ, թե՛ մյուսներին (Առակներ 14։12)։ Ոչ մի երաշխիք չկա, որ մեր և ուրիշների տեսանկյունից ճիշտ համարվող արժեքները իսկապես լավն են ու փոփոխման ենթակա չեն։ Վերջիվերջո որոշ արարքներ, որոնք ժամանակին սխալ էին համարվում, այժմ ընդունելի են դարձել, և հակառակը՝ այն, ինչ մի ժամանակ ընդունելի էր, այսօր համարվում է անընդունելի։

Ուրիշների տեսակետը մի՞շտ է հուսալի

Կա՞ ուղեցույց, որը կօգնի զանազանել ճիշտը սխալից։ Կա՞ն բարոյական չափանիշներ, որոնց այսօր հետևելով՝ երբեք հիասթափություն չենք ապրի։

Հուրախություն մեզ՝ կա վստահարժան և հուսալի աղբյուր. այն գործնական է բոլորի համար և ցանկացած իրավիճակում։ Հաջորդ հոդվածում կխոսվի, թե որտեղ կարող ենք գտնել ճիշտը սխալից զանազանելու վերաբերյալ առաջնորդություն։