Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 27

ԵՐԳ 73 Համարձակություն տուր մեզ

Քաջ եղիր, ինչպես Սադոկը

Քաջ եղիր, ինչպես Սադոկը

«Սադոկը.... զորեղ ու քաջազուն երիտասարդ էր» (1 ՏԱՐ. 12։28

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Սադոկի օրինակը ինչպե՞ս կարող է օգնել, որ քաջ լինենք։

1-2. Ո՞վ էր Սադոկը (1 Տարեգրություն 12։22, 26-28

 ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ հետևյալ տեսարանը. ավելի քան 340 000 տղամարդ հավաքվել են, որպեսզի Դավթին ողջ Իսրայելի թագավորը դարձնեն։ Երեք օր շարունակ Քեբրոնի մոտակայքում գտնվող լեռներում աշխույժ զրույցների, ուրախ փառաբանական երգերի և ծիծաղի ձայներ են լսվում (1 Տար. 12։39)։ Այնտեղ է նաև Սադոկ անունով մի երիտասարդ, ով այդ մեծ բազմության մեջ հազիվ թե նկատվի։ Բայց Եհովան այնպես է արել, որ մենք իմանանք, որ նա այնտեղ է եղել (կարդա 1 Տարեգրություն 12։22, 26-28)։ Իսկ ո՞վ էր Սադոկը։

2 Սադոկը քահանա էր և սերտ համագործակցում էր Աբիաթար քահանայապետի հետ։ Նա նաև տեսանող էր, այսինքն՝ Աստված նրան օժտել էր մեծ իմաստությամբ և իր կամքը հասկանալու կարողությամբ (2 Սամ. 15։27)։ Երբ ժողովուրդը իմաստուն խորհրդի կարիք էր ունենում, Սադոկին էր դիմում։ Նա աչքի էր ընկնում իր քաջությամբ։ Այս հոդվածում կխոսենք հենց այդ մասին։

3. ա) Եհովայի ծառաները ինչո՞ւ քաջության կարիք ունեն։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Այս վերջին օրերում Սատանան սաստկացնում է Աստծու ժողովրդի դեմ իր հարձակումները (1 Պետ. 5։8)։ Ուստի մենք քաջության կարիք ունենք, մինչ սպասում ենք, որ Եհովան կործանի Սատանային և նրա չար համակարգը (Սաղ. 31։24)։ Տեսնենք, թե որ երեք կերպերով կարող ենք ընդօրինակել Սադոկին քաջություն դրսևորելու հարցում։

ԹԻԿՈՒՆՔ ԿԱՆԳՆԻՐ ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ

4. Աստծու Թագավորությանը թիկունք կանգնելու հարցում Եհովայի ժողովուրդը ինչո՞ւ քաջության կարիք ունի (տես նաև նկարը)։

4 Որպես Աստծու ժողովուրդ՝ մենք ամբողջ սրտով թիկունք ենք կանգնում նրա Թագավորությանը, բայց հաճախ այդպես վարվելու համար քաջություն է հարկավոր (Մատթ. 6։33)։ Այս ապականված աշխարհում քաջություն է պետք Եհովայի չափանիշներով ապրելու և Թագավորության մասին բարի լուրը քարոզելու համար (1 Թեսաղ. 2։2)։ Եվ քանի որ այս համակարգը գնալով պառակտվում է, հաճախ նաև քաջություն է անհրաժեշտ քաղաքական հարցերում չեզոք մնալու կամ զինվորական ծառայությունից հրաժարվելու համար (Հովհ. 18։36)։ Եհովայի ծառաներից շատերը դրա պատճառով ֆինանսապես տուժել են, բռնության ենթարկվել կամ ազատազրկվել։

Ինչպե՞ս կվարվես, երբ քո շրջապատի մարդիկ որևէ քաղաքական գործչի կողմը բռնեն (տես պարբերություն 4)


5. Դավթին աջակցելու համար ինչո՞ւ էր Սադոկից քաջություն պահանջվում։

5 Հատկանշական է, որ Սադոկը Քեբրոն չէր գնացել պարզապես Դավթի թագադրմանը մասնակցելու համար։ Նա գնացել էր զինված և կռվելու պատրաստ (1 Տար. 12։38)։ Սադոկը պատրաստ էր Դավթի հետ ռազմի դաշտ դուրս գալ և հաղթել Իսրայելի թշնամիներին։ Իհարկե, հնարավոր է՝ որպես ռազմիկ՝ նա մեծ փորձ չուներ, սակայն շատ քաջ երիտասարդ էր։

6. Ի՞նչ առումով էր Դավիթը Սադոկի համար քաջության լավ օրինակ (Սաղմոս 138։3

6 Իսկ ինչպե՞ս էր Սադոկը, քահանա լինելով, նման քաջություն զարգացրել։ Նա շրջապատված էր զորեղ ու քաջ մարդկանցով և, անկասկած, շատ բան էր սովորում նրանցից։ Այդ մարդկանցից էր Դավիթ թագավորը։ Նա քաջաբար «Իսրայելին պատերազմի էր առաջնորդում», ինչն էլ մղում էր ամբողջ ազգին սրտանց աջակցելու իրեն (1 Տար. 11։1, 2)։ Բացի այդ՝ թշնամիների դեմ պատերազմելիս Դավիթը միշտ Եհովային էր ապավինում (Սաղ. 28։7; կարդա Սաղմոս 138։3)։ Սադոկին ոգեշնչում էին նաև այնպիսի խիզախ տղամարդիկ, ինչպիսիք էին Հովիադան, վերջինիս ռազմիկ որդի Բանեան և 22 իշխաններ, որոնք համախմբվել էին Դավթի շուրջ (1 Տար. 11։22-25; 12։26-28)։ Այս բոլոր տղամարդիկ վճռականորեն թիկունք էին կանգնում Դավթի իշխանությանը։

7. ա) Աստծու մերօրյա քաջ ծառաներից ո՞ւմ կարող ենք ընդօրինակել։ բ) Դիտելով տեսանյութը՝ ի՞նչ ես սովորում եղբայր Նսիլուի օրինակից։

7 Մենք նույնպես զորանում և քաջությամբ ենք լցվում, երբ խորհում ենք այնպիսի մարդկանց օրինակների շուրջ, ովքեր քաջաբար թիկունք են կանգնում Եհովայի իշխանությանը։ Մեր Թագավորը՝ Քրիստոս Հիսուսը, հաստատակամորեն հրաժարվեց Սատանայի քաղաքական համակարգում որևէ դիրք զբաղեցնել (Մատթ. 4։8-11; Հովհ. 6։14, 15)։ Զորություն ստանալու հարցում նա միշտ Եհովային էր ապավինում։ Մեր օրերում մենք անհամար երիտասարդ եղբայրների օրինակներ ունենք, ովքեր համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվել են զինծառայությունից կամ չեն ներգրավվել քաղաքականության մեջ։ Օգտակար կլինի jw.org կայքում կարդալ նրանց մասին։ a

ՕԳՆԻՐ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻԴ

8. Երեցները հատկապես ե՞րբ գուցե քաջության կարիք ունենան։

8 Եհովայի ծառաները սիրով աջակցում են միմյանց (2 Կորնթ. 8։4)։ Սակայն այդպես վարվելու համար երբեմն քաջություն է պահանջվում։ Օրինակ՝ երբ պատերազմ է բռնկվում, տեղի երեցները քայլեր են ձեռնարկում իրենց հավատակիցներին քաջալերելու, նրանց հանդեպ ուշադրություն ցույց տալու, ինչպես նաև նրանց հոգևոր և ֆիզիկական կարիքները հոգալու համար։ Եհովայի գառների հանդեպ սիրուց մղված՝ երեցները նույնիսկ վտանգում են իրենց կյանքը նրանց անհրաժեշտ իրեր հասցնելու համար (Հովհ. 15։12, 13)։ Այդպես վարվելով՝ նրանք Սադոկի պես քաջություն են դրսևորում։

9. 2 Սամուել 15։27-29 համարների համաձայն՝ Դավիթն ի՞նչ հանձնարարեց Սադոկին (տես նաև նկարը)։

9 Դավթի որդի Աբիսողոմը վճռել էր զավթել թագավորությունը (2 Սամ. 15։12, 13)։ Դավթի կյանքին վտանգ էր սպառնում. նա պետք է անմիջապես հեռանար Երուսաղեմից։ Ուստի դիմելով իր ծառաներին՝ ասաց. «Վեր կացեք փախչենք, որովհետև մեզ փրկություն չի լինի Աբիսողոմից» (2 Սամ. 15։14)։ Սակայն Դավիթը հասկանում էր, որ ինչ-որ մեկը պետք է մնար քաղաքում, որպեսզի Աբիսողոմի ծրագրերի մասին իրեն տեղեկություններ փոխանցեր։ Դրա համար նա Սադոկին և այլ քահանաների որպես լրտեսներ ուղարկեց Երուսաղեմ (կարդա 2 Սամուել 15։27-29)։ Նրանք պետք է շատ զգույշ լինեին։ Դավթի տված հանձնարարությունը վտանգավոր էր. նրանք գուցե կորցնեին իրենց կյանքը։ Պատկերացրու, թե Աբիսողոմը, ով եսասեր, ոխակալ և դավաճան մարդ էր, ինչպես կվարվեր Սադոկի և մյուս քահանաների հետ, եթե իմանար, որ նրանք Դավթի կողմից ուղարկված լրտեսներ են։

Դավիթը Սադոկին վտանգավոր հանձնարարություն է տալիս (տես պարբերություն 9)


10. Սադոկն ու մյուսները ինչպե՞ս փրկեցին Դավթի կյանքը։

10 Դավիթը մի ծրագիր էր մշակել, որը պետք է իրականացնեին Սադոկն ու Քուսին։ Վերջինս նույնպես Դավթի հավատարիմ ընկերն էր (2 Սամ. 15։32-37)։ Հետևելով այդ ծրագրին՝ Քուսին շահեց Աբիսողոմի վստահությունը և այնպիսի մարտավարություն առաջարկեց, որը Դավթին ժամանակ կտար պատրաստվելու Աբիսողոմի հարձակմանը։ Այնուհետև Քուսին Սադոկին և Աբիաթարին տեղեկացրեց այդ մասին (2 Սամ. 17։8-16)։ Վերջիններս էլ այդ լուրը հայտնեցին Դավթին (2 Սամ. 17։17)։ Եհովայի օգնությամբ Սադոկը և մյուս քահանաները կարևոր դեր խաղացին Դավթի կյանքը փրկելու հարցում (2 Սամ. 17։21, 22

11. Հավատակիցներին օգնելիս ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Սադոկի քաջությունը։

11 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Սադոկի քաջությունը, եթե մեզ խնդրեն աջակցել մեր հավատակիցներին վտանգավոր իրավիճակներում։ 1) Հետևիր առաջնորդությանը։ Նման հանգամանքներում կարևոր է միասնական լինել և հետևել տեղի մասնաճյուղի տված ցուցումներին (Եբր. 13։17)։ Երեցները կանոնավորաբար պետք է աչքի անցկացնեն աղետներին պատրաստված լինելու հետ կապված տեղի իշխանությունների տված հրահանգները, ինչպես նաև հետևեն վերահաս աղետի վերաբերյալ մեր կազմակերպության տված առաջնորդությանը (1 Կորնթ. 14։33, 402) Եղիր քաջ, բայց նաև զգուշավոր (Առակ. 22։3)։ Գործի դիր առողջ դատողությունդ և անտեղի ռիսկի մի՛ դիմիր։ 3) Ապավինիր Եհովային։ Հիշիր՝ Եհովան խորապես հետաքրքրված է թե՛ հավատակիցներիդ, թե՛ քո բարօրությամբ։ Նա կարող է օգնել քեզ, որ աջակցես նրանց և դա անես անվտանգ կերպով։

12-13. Ի՞նչ ես սովորում Վիկտորի և Վիտալիի օրինակից (տես նաև նկարը)։

12 Ուշադրություն դարձնենք երկու երեցների՝ Վիկտորի և Վիտալիի օրինակին, ովքեր Ուկրաինայում սնունդ և ջուր էին մատակարարում իրենց հավատակիցներին։ Վիկտորն ասում է. «Մենք ամենուր սնունդ էինք փնտրում։ Հաճախ մեր շրջակայքում կրակոցներ էին լինում։ Եղբայրներից մեկը իր պահեստից սնունդ էր նվիրաբերել, ինչի շնորհիվ շատ քարոզիչներ որոշ ժամանակ կարողացան գոյատևել։ Երբ մենք այդ սնունդը բարձում էինք բեռնատարը, մեզանից մոտ 20 մետր (66 ֆուտ) հեռավորության վրա մի արկ ընկավ, սակայն, բարեբախտաբար, այն չպայթեց։ Այդ դեպքից հետո ողջ օրվա ընթացքում ես քաջություն էի խնդրում Եհովայից, որ շարունակեմ օգնել քարոզիչներին»։

13 Իսկ Վիտալին ասում է. «Մեզանից մեծ քաջություն էր պահանջվում։ Իմ առաջին ուղևորությունը 12 ժամ տևեց։ Ամբողջ ընթացքում աղոթում էի Եհովային»։ Վիտալին քաջ էր, բայց նաև զգուշավոր։ Նա ավելացնում է. «Եհովայից անդադար իմաստություն և համեստություն էի խնդրում։ Մեքենան վարում էի միայն այն ճանապարհներով, որոնցով իշխանությունները թույլ էին տվել երթևեկել։ Հավատս ամրացավ, երբ ականատես եղա, թե ինչպես են եղբայրներն ու քույրերը համագործակցում։ Նրանք ճանապարհից հեռացնում էին խոչընդոտները, հավաքում և բեռնատարի մեջ էին տեղավորում մարդասիրական օգնության պարագաները, ինչպես նաև ողջ ճամփորդության ընթացքում ապահովում էին մեզ սննդով և կացարանով»։

Վտանգավոր ժամանակներում հավատակիցներիդ օգնելիս եղիր քաջ, բայց զգուշավոր (տես պարբերություն 12-13)


ՆՎԻՐՎԱԾ ՄՆԱ ԵՀՈՎԱՅԻՆ

14. Ի՞նչ զգացումներ թերևս ունենանք, եթե մեր մտերիմներից մեկը հեռանա Եհովայից։

14 Թերևս մեզ համար ամենածանր դժվարություններից մեկն այն է, երբ մեր ընտանիքի անդամը կամ մտերիմ ընկերը թողնում է Եհովային (Սաղ. 78։40; Առակ. 24։10)։ Որքան մտերիմ ենք այդ անհատի հետ, այնքան դժվար է իրավիճակին հարմարվելը։ Եթե նման փորձության միջով ես անցնում, Սադոկի հավատարմության օրինակը կարող է զորացնել քեզ։

15. Եհովային հավատարիմ մնալու համար ինչո՞ւ էր Սադոկից քաջություն պահանջվում (1 Թագավորներ 1։5-8

15 Սադոկը նվիրված մնաց Եհովային այն ժամանակ, երբ իր մտերիմ ընկերը՝ Աբիաթարը, հավատարիմ չմնաց Աստծուն։ Դա տեղի ունեցավ Դավթի իշխանության վերջում։ Երբ Դավիթը արդեն մահամերձ էր, նրա որդին՝ Ադոնիան, փորձում էր խլել գահը, որը Եհովան Սողոմոնին էր խոստացել (1 Տար. 22։9, 10)։ Աբիաթարը որոշեց աջակցել Ադոնիային (կարդա 1 Թագավորներ 1։5-8)։ Այդպիսով Աբիաթարը անհավատարմորեն վարվեց ոչ միայն Դավթի, այլ նաև Եհովայի հետ։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե որքան տխուր ու վհատված էր Սադոկը։ Ավելի քան չորս տասնամյակ նա և Աբիաթարը միասին ծառայել էին որպես քահանաներ (2 Սամ. 8։17)։ Միասին նրանք «ճշմարիտ Աստծու տապանակի» մասին էին հոգ տարել (2 Սամ. 15։29)։ Սկզբում նրանք երկուսն էլ աջակցում էին Դավթի իշխանությանը և Եհովայի գործում ուրիշ շատ բաներ անում (2 Սամ. 19։11-14

16. Թերևս ի՞նչն օգնեց Սադոկին հավատարիմ մնալ։

16 Սադոկը նվիրված մնաց Եհովային՝ չնայած Աբիաթարի ընտրությանը։ Դավիթը գիտեր, որ միշտ կարող է հույսը Սադոկի վրա դնել։ Երբ Ադոնիայի նենգ ծրագիրը բացահայտվեց, Դավիթը Սադոկին, Նաթանին և Բանեային խնդրեց, որ Սողոմոնին թագավոր օծեն (1 Թագ. 1։32-34)։ Սադոկի համար պետք է որ շատ զորացնող ու քաջալերական լիներ իր աչքի առաջ ունենալ Եհովային հավատարիմ այնպիսի մարդկանց օրինակներ, ինչպիսիք էին Նաթանը և Դավթի մյուս աջակիցները (1 Թագ. 1։38, 39)։ Երբ Սողոմոնը թագավոր դարձավ, նա «Աբիաթարի փոխարեն [նշանակեց] Սադոկ քահանային» (1 Թագ. 2։35

17. Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Սադոկին, եթե մտերիմներիցդ մեկը հեռանա Եհովայից։

17 Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Սադոկին։ Եթե մտերիմներիցդ մեկը որոշի թողնել Եհովային, հստակ արտահայտիր քո դիրքորոշումը (Հեսու 24։15)։ Այդպես վարվելու համար Եհովան կտա քեզ անհրաժեշտ ուժ և քաջություն։ Ապավինիր Եհովային՝ աղոթելով նրան և մտերիմ մնալով հավատակիցներիդ հետ։ Եհովան գնահատում է քո նվիրվածությունը և կվարձատրի քեզ դրա համար (2 Սամ. 22։26

18. Ի՞նչ ես սովորում Մարկոյի և Սիդսեյի օրինակից։

18 Քննենք Մարկոյի և նրա կնոջ՝ Սիդսեի օրինակը, որոնց չափահաս աղջիկները թողեցին Եհովային։ Մարկոն ասում է. «Երեխաներիդ ծննդյան պահից սկսած՝ դու անչափ սիրում ես նրանց։ Քո ձեռքից եկածն անում ես, որ պաշտպանես նրանց փորձանքներից։ Ուստի երբ նրանք հեռանում են Եհովայից, սիրտդ կտոր-կտոր է լինում»։ Նա ավելացնում է. «Բայց Եհովան օգնում է մեզ դիմանալ։ Նա այնպես է անում, որ կարողանանք քաջալերել իրար։ Երբ ես եմ թույլ, կինս է ուժեղ, իսկ երբ նա է թույլ, այդ պահերին ես եմ ուժեղ»։ Իսկ Սիդսեն ասում է. «Առանց Եհովայի տված զորության մենք չէինք կարողանա դիմանալ։ Ես տանջվում էի այն մտքից, որ կատարվածի մեջ ես եմ մեղավոր, ուստի իմ զգացմունքների մասին պատմում էի Եհովային։ Կարճ ժամանակ հետո Թագավորության սրահում ինձ մոտեցավ մի քույր, ում վաղուց չէի տեսել։ Նա ձեռքերը դրեց ուսերիս, նայեց աչքերիս մեջ ու ասաց. «Հիշի՛ր, Սի՛դսե, դա քո մեղքով չէ»։ Եհովայի օգնությամբ ինձ հաջողվեց պահպանել ուրախությունս ծառայության մեջ»։

19. Ի՞նչ ես վճռել անել։

19 Եհովան ուզում է, որ բոլոր իրեն պաշտողները Սադոկի պես քաջ լինեն (2 Տիմոթ. 1։7)։ Բայց նա նաև ուզում է, որ ապավինենք իրեն, ոչ թե ինքներս մեզ։ Ուստի երբ որևէ իրավիճակում քաջության կարիք ունենաս, Եհովային դիմիր։ Համոզված եղիր, որ Եհովան կօգնի քեզ Սադոկի պես քաջ լինել (1 Պետ. 5։10

ԵՐԳ 126 Արթուն մնացեք, հաստատ կանգնեք, զորացեք