Գիտեի՞ք արդյոք
Ինչպե՞ս էին աստվածաշնչյան ժամանակներում հաշվում ամիսներն ու տարիները
ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐՈՒՄ հրեաների համար աշխարհիկ օրացույցային տարին սկսվում էր այն ժամանակ, երբ հերկում էին հողը և ցանք անում։ Դա համապատասխանում է սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։
Ամսվա տևողությունը հաշվում էին լուսնի պտույտի հիման վրա, որը տևում է 29 կամ 30 օր։ Իսկ տարվա տևողությունը որոշվում էր արեգակի պտույտի հիման վրա։ Այդպես լուսնային տարին ավելի կարճ էր տևում, քան արեգակնային տարին։ Այդ պատճառով տարբեր մեթոդներ են կիրառվել տարին հաշվելու այս երկու ձևերը միաձուլելու համար։ Օրինակ՝ նախքան հաջորդ տարվա սկսվելը հավելյալ օրեր կամ ամիս էին ավելացնում։ Այդպիսի օրացույցը համընկնում էր ցանքի և բերքահավաքի սեզոնների հետ։
Բայց Մովսեսի ժամանակներում Աստված իր ժողովրդին ասաց, որ սուրբ օրացույցային տարին պետք է սկսվի գարնանը, այսինքն՝ աբիբ (նիսան) ամսից (Ելք 12։2; 13։4)։ Այդ ամսին հրեաները տոնում էին գարու բերքահավաքը (Ելք 23։15, 16)։
Գիտնական Էմիլ Շյուռերը իր գրքում հետևյալն է ասում. «Օր կամ ամիս ավելացնելու կարգը շատ պարզ էր։ Պասեքի տոնը, որը նշվում էր նիսան ամսին՝ լիալուսնի օրը (նիսանի 14-ին), պետք է միշտ լիներ գարնանային գիշերահավասարից հետո.... Եթե տարվա վերջում նկատում էին, որ Պասեքի տոնը ընկնում է գարնանային գիշերահավասարից առաջ, ապա նախքան նիսան ամիսը [13-րդ] ամիս էին ավելացնում» (The History of the Jewish People in the Age of Jesus Christ, (175 B.C.–A.D. 135))։
Եհովայի վկաները հետևում են այս կարգին, երբ որոշում են, թե որ օրն է հարկավոր նշել Տիրոջ ընթրիքը, որը տեղի է ունենում գարնանը և համապատասխանում է հրեական օրացույցի նիսանի 14-ին։ Ամբողջ աշխարհում Եհովայի վկաների ժողովներին նախօրոք տեղեկացվում է այդ ամսաթվի մասին։ a
Իսկ ինչպե՞ս էին հրեաները իմանում, թե երբ է ամիսը վերջանում, և երբ է սկսվում մյուսը։ Այսօր մենք դա իմանում ենք՝ պարզապես նայելով տպագիր օրացույցին կամ մեր էլեկտրոնային սարքում առկա օրացույցի հավելվածին։ Բայց աստվածաշնչյան ժամանակներում դա այդքան էլ հեշտ չէր։
Նոյի օրերում ամիսը բաղկացած էր 30 օրից (Ծննդ. 7։11, 24; 8։3, 4)։ Բայց հետագայում հրեական օրացույցով ամսվա տևողությունը կոնկրետ 30 օր չէր։ Հրեաների համար ամիսը սկսվում էր այն ժամանակ, երբ երևում էր նորալուսինը։ Իսկ դա տեղի էր ունենում ամեն 29 կամ 30 օրը մեկ։
Մի առիթով թե՛ Դավիթը, թե՛ Հովնաթանը նոր ամսվա սկզբի մասին խոսելիս ասացին. «Վաղը նորալուսին է» (1 Սամ. 20։5, 18)։ Ինչպես երևում է, մինչև մ. թ. ա. 11-րդ դարը ամսվա տևողությունը նախապես էր հաշվարկվում։ Այդ դեպքում հասարակ իսրայելացին ինչպե՞ս էր կարողանում որոշել, թե երբ էր նոր ամիսը սկսվելու։ Միշնայում, որը հրեական բանավոր օրենքների և սովորույթների հավաքածու է, որոշակի տեղեկություն կա այդ մասին։ Այնտեղ նշվում է, որ Բաբելոնի գերությունից վերադառնալուց հետո նոր ամսվա սկիզբը որոշում էր Սինեդրիոնը (հրեական գերագույն ատյանը)։ Տարվա յոթ ամիսների ընթացքում, երբ հրեաները տոներ էին նշում, ամեն ամսվա 30-րդ օրը ատյանը հավաքվում էր, որպեսզի որոշեր, թե երբ է սկսվելու հաջորդ ամիսը։ Իսկ ինչպե՞ս էին նրանք դա որոշում։
Ողջ Երուսաղեմով մեկ բարձրադիր գոտիներում նշանակվում էին տղամարդիկ, ովքեր գիշերը դիտում էին երկինքը, որպեսզի տեսնեին, թե երբ է հայտնվելու նորալուսինը։ Նրանք անմիջապես տեղեկացնում էին այդ մասին Սինեդրիոնին։ Երբ այնտեղ հավաքվածները բավարար ապացույցներ էին ունենում այն մասին, որ նորալուսինը ի հայտ է եկել, հայտարարում էին նոր ամսվա սկիզբը։ Իսկ ի՞նչ էին անում, եթե երկինքը ամպամած կամ մառախլապատ էր լինում, և հնարավոր չէր լինում
տեսնել նորալուսինը։ Այդ դեպքում հայտարարում էին, որ ընթացքի մեջ եղող ամիսը 30 օրից է բաղկացած, որից հետո կարող է սկսվել նոր ամիս։Միշնայում նաև ասվում է, որ նոր ամսվա վերաբերյալ Սինեդրիոնի կայացրած որոշման մասին տեղեկացվում էր՝ Երուսաղեմի մոտ գտնվող Ձիթենյաց լեռան գագաթին կրակ վառելով։ Իսրայելում գտնվող մյուս բարձրադիր վայրերում նույնպես կրակ էին վառում, որպեսզի տարածեին այդ լուրը։ Հետագայում այդ մասին սկսեցին տեղեկացնել սուրհանդակների միջոցով։ Այդպես Երուսաղեմում, ինչպես նաև Իսրայելում և այլ վայրերում գտնվող հրեաները իմանում էին նոր ամսվա սկզբի մասին։ Դրա շնորհիվ նրանք կարողանում էին տոները նշել նույն ժամանակահատվածում։
Կից աղյուսակը կօգնի հասկանալ, թե հրեական օրացույցում ինչպես էին ամիսները, տոները և եղանակները փոխկապակցված։
a Տես «Դիտարան», 1990, փետրվարի 15, էջ 15, անգլ. (br2, էջ 17, ռուս.) և «Դիտարան», 1977, հունիսի 15, «Ընթերցողների հարցերը», անգլ. («Դիտարան», 1978, մայիսի 1, «Ընթերցողների հարցերը», ռուս.)։