Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

«Նրանց, ում վստահված է գործը»

«Նրանց, ում վստահված է գործը»

1919 ԹՎԱԿԱՆԻ սեպտեմբերի 1-ն էր՝ երկուշաբթի։ Անձրևոտ և քամոտ օրերից հետո տաք և արևոտ եղանակ էր։ Այդ օրը Սիդար Փոյնթում (Օհայո, ԱՄՆ) համաժողովի ծրագրի առաջին մասը լսելու համար 2500 նստատեղ ունեցող դահլիճում հավաքվել էին պատվիրակներ, որոնց թիվը հասնում էր գրեթե 1000-ի։ Երեկոյին մոտ նրանց թիվը ավելացավ ևս 2000 պատվիրակներով, որոնք եկել էին նավերով, մեքենաներով և հատուկ գնացքներով։ Երեքշաբթի այնքան շատ մարդ էր հավաքվել, որ համաժողովի ծրագրի մնացած մասը ստիպված անցկացրին դրսում՝ հսկա ծառերի տակ։

Արևի ճառագայթները թափանցում էին տերևների արանքից և ժանյականման ստվերներ գցում տղամարդկանց պիջակների վրա։ Էրի լճի կողմից փչող մեղմ զեփյուռը ծածանում էր կանանց գլխարկների փետուրները։ Մի եղբայր հիշում է. «Չքնաղ պարտեզում էինք՝ հեռու աշխարհի թոհուբոհից. ասես դրախտում լինեինք»։

Շրջապատի գեղեցկությունը խամրում էր ներկաների երեսից ճառագող ուրախության առաջ։ Տեղի թերթերից մեկում գրվեց. «Երևում է, որ բոլորը շատ աստվածապաշտ մարդիկ են, և միևնույն ժամանակ՝ անչափ ուրախ ու աշխույժ»։ Աստվածաշունչ ուսումնասիրողների համար իրենց եղբայրների հետ ընկերակցությունը հատկապես հաճելի էր նախորդ տարիների դաժան փորձություններից հետո, երբ պատերազմի ընթացքում նրանք բախվել էին հակառակությունների, ժողովներում պառակտումներ էին եղել, փակվել էր Բրուքլինի Բեթելը, Թագավորության գործի պատճառով շատերը բանտարկվել էին, այդ թվում ութ պատասխանատու եղբայրներ, որոնք դատապարտվել էին մինչև 20 տարվա ազատազրկման։ *

Ճիշտ է, վհատության ու շփոթմունքի պատճառով որոշ Աստվածաշունչ ուսումնասիրողներ այդ դժվար տարիներին դադարել էին վկայության գործը կատարելուց, սակայն շատերն իրենց լավագույնն էին արել՝ տոկալով իշխանությունների գործադրած ճնշումների ներքո։ Մի անգամ քննիչներից մեկն ասաց, որ չնայած խիստ նախազգուշացումներին՝ Աստվածաշունչ ուսումնասիրողները, որոնց նա հարցաքննել էր, վճռականորեն ասել էին, որ «կշարունակեն Աստծու խոսքը քարոզել մինչև վերջ»։

Փորձության այս ժամանակաշրջանում հավատարիմ Աստվածաշունչ ուսումնասիրողները «հետևում էին Տիրոջ առաջնորդությանը.... ամեն ժամանակ աղոթելով, որ Հայրը ուղղություն տա իրենց»։ Այժմ այստեղ՝ Սիդար Փոյնթում տեղի ունեցող համաժողովում, նրանք անչափ ուրախ էին, որ կրկին միասին են։ Մի քույր արտահայտեց շատերի զգացմունքները, ովքեր մտածել էին, թե ինչպես են «նորից շարժման մեջ դնելու ակտիվ ծառայության անիվը»՝ ասելով, որ ամենից շատ նրանք ցանկանում էին գործի անցնել։

ԲՈԼՈՐՈՎԻՆ ՆՈՐ ԳՈՐԾԻՔ

Ողջ շաբաթվա ընթացքում պատվիրակները տարակուսանքի մեջ էին՝ մտածելով, թե ինչ են նշանակում GA անգլերեն տառերը, որոնք տպված էին համաժողովի ծրագրի, ողջույնի խոսքերով բացիկների և համաժողովի տարածքի շուրջը եղող նշանների վրա։ Ուրբաթ՝ «Համագործակիցների օրը», Ջոզեֆ Ֆ. Ռադերֆորդը վերջապես բացահայտեց GA տառերի առեղծվածը 6000 պատվիրակների համար։ Հայտարարվեց, որ լույս է տեսել ծառայության համար նախատեսված նոր պարբերագիր՝ «Ոսկե դար» (The Golden Age)։ *

Օծյալ քրիստոնյաների մասին խոսելով՝ եղբայր Ռադերֆորդն ասաց. «Չնայած անհանգիստ ժամանակներին՝ նրանք հավատի աչքերով տեսնում են Մեսիայի փառահեղ իշխանության Ոսկե դարը.... Նրանք իրենց գլխավոր պարտականությունն ու առանձնաշնորհումն են համարում Ոսկե դարի գալուստը աշխարհին հռչակելը։ Դա աստվածատուր հանձնարարության մի մասն է»։

«Ոսկե դարը», որի շապիկի վրա գրված էր «Փաստերի, հույսի և համոզվածության պարբերագիր», լինելու էր մի գործիք, որի միջոցով ճշմարտությունը նոր մեթոդով էր տարածվելու՝ բաժանորդագրության քարոզարշավի, որն իրականացվելու էր տնից տուն ծառայության միջոցով։ Երբ համաժողովի ժամանակ ունկնդիրներին հարցրին, թե ովքեր են ցանկանում մասնակցել քարոզարշավին, բոլորն անմիջապես ոտքի կանգնեցին։ Այնուհետև «խանդավառությամբ ու եռանդով, ինչը բնորոշ է միայն նրանց, ովքեր քայլում են Հիսուսի հետքերով», նրանք երգեցին «Ուղարկիր քո լույսն ու ճշմարտությունը, ո՛վ Տեր» երգը։ Եղբայր Ջ. Մ. Նորիսը հիշում էր. «Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էին ծառերը ճոճվում նրանց ձայնից»։

Ծրագրից հետո պատվիրակները ժամերով հերթ էին կանգնել, որպեսզի լինեն պարբերագրի առաջին բաժանորդները։ Շատերը Մեյբլ Ֆիլբրիկի զգացումներն ունեին, որն ասաց. «Որքա՜ն ոգևորիչ էր իմանալ, որ մենք կրկին գործ ունեինք անելու»։

«ՆՐԱՆՑ, ՈՒՄ ՎՍՏԱՀՎԱԾ Է ԳՈՐԾԸ»

Մոտ 7000 Աստվածաշունչ ուսումնասիրողներ պատրաստվեցին գործի անցնելու։ «Կազմակերպչական մեթոդ» թռուցիկում և «Նրանց, ում վստահված է գործը» գրքույկում մանրամասնություններ էին նշված. գլխավոր վարչությունում նոր կազմավորված ծառայողական բաժինն էր վերահսկելու այդ գործը։ Ժողովներում պետք է հիմնվեր ծառայողական կոմիտե, և նշանակվեր ծառայողական ղեկավար՝ ցուցումներ տալու համար։ Տարածքները պետք է բաժանվեին հատվածների, որոնք ընդգրկելու էին 150–200 տներ։ Ծառայողական հանդիպումը տեղի էր ունենալու հինգշաբթի երեկոյան, որպեսզի եղբայրները պատմեին իրենց հետ տեղի ունեցած դեպքերը և հաշվետվություն հանձնեին։

«Տուն վերադառնալով՝ բոլորս սկսեցինք ակտիվորեն մասնակցել բաժանորդագրության քարոզարշավին»,— ասաց Հերման Ֆիլբրիկը։ Նրանք ամենուրեք լսող ականջ էին գտնում։ «Այնպիսի տպավորություն էր, որ պատերազմից և այդքան շատ ցավերից հետո ոսկե դարի մասին միտքն անգամ բոլորի կողմից ողջունվում էր»,— նշեց Բյուլա Քովին։ Արթուր Քլաուսը գրեց. «Ամբողջ ժողովը ապշել էր, թե որքան շատ մարդ էր բաժանորդագրվել»։ Երբ լույս տեսավ «Ոսկե դարի» առաջին թողարկումը, երկու ամսվա ընթացքում գրեթե կես միլիոն օրինակ տարածվեց, և այդ պարբերագիրը 50000 բաժանորդ ունեցավ։

1920թ. հուլիսի 1-ի «Դիտարանի»՝ «Թագավորության ավետիսը» վերնագրով հոդվածը Ա. Հ. Մակմիլանը հետագայում կոչեց «այժմ կատարվող համաշխարհային քարոզչական գործի առաջին պաշտոնական հորդորը»։ Այդ հոդվածը բոլոր օծյալ քրիստոնյաներին հորդորում էր «վկայություն տալ աշխարհին, որ երկնքի թագավորությունը մոտ է»։ Այսօր Քրիստոսի եղբայրներին՝ «նրանց, ում վստահված է գործը», միացել են միլիոնավոր մարդիկ, ովքեր նախանձախնդրորեն քարոզում են խոսքը, մինչ սպասում են Մեսիական ոսկե դարին։

^ պարբ. 5 Տես «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գիրքը, գլ. 6, «Փորձության ժամանակաշրջան (1914–1918)»։

^ պարբ. 9 1937թ. «Ոսկե դար» պարբերագիրը վերանվանվեց «Մխիթարություն», իսկ 1946թ.-ից սկսեց կոչվել «Արթնացե՛ք»։