ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 13
Ջերմորեն սիրեք իրար
«Սրտանց և ջերմորեն սիրեք իրար» (1 ՊԵՏ. 1։22)։
ԵՐԳ 109 Սրտանց և ջերմորեն սիրենք իրար
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1. Ի՞նչ պատվիրեց Հիսուսը իր աշակերտներին (տես ամսագրի շապիկի նկարը)։
ԻՐ ՄԱՀՎԱՆԸ նախորդող գիշերը Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց. «Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13։34, 35)։
2. Ինչո՞ւ է կարևոր սեր դրսևորել միմյանց հանդեպ։
2 Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ եթե իրար սիրեն այնպես, ինչպես ինքը սիրեց, ապա մարդիկ հստակ կտեսնեն, որ նրանք իսկապես իր հետևորդներն են։ Դա ճշմարիտ է նաև մեր օրերում։ Ուստի անչափ կարևոր է, որ շարունակենք սիրել իրար, նույնիսկ եթե դժվար է այդպես վարվել։
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Թեև անկատարության պատճառով մեզ համար դժվար է ուժգին սեր ունենալ միմյանց հանդեպ, բայց մենք պետք է ջանանք այս հարցում ընդօրինակել Քրիստոսին։ Հոդվածից կիմանանք, թե սերն ինչպես է օգնում, որ լինենք խաղաղարար, անկողմնակալ և հյուրասեր։ Այս նյութը ուսումնասիրելիս մտածիր. «Ի՞նչ կարող եմ սովորել այն քույրերից ու եղբայրներից, ովքեր շարունակել են սեր դրսևորել, նույնիսկ երբ այդպես վարվելը դժվար է եղել»։
ԵՂԻՐ ԽԱՂԱՂԱՐԱՐ
4. Մատթեոս 5։23, 24 համարների համաձայն՝ ինչո՞ւ պետք է ձգտենք խաղաղություն հաստատել այն հավատակցի հետ, ով մեր դեմ բան ունի։
4 Հիսուսը սովորեցրեց, որ շատ կարևոր է խաղաղություն հաստատել եղբոր հետ, ով մեր դեմ ինչ-որ բան ունի (կարդա Մատթեոս 5։23, 24)։ Նա ընդգծեց այն միտքը, որ եթե ուզում ենք հաճեցնել Աստծուն, ապա պետք է լավ փոխհարաբերություններ ունենանք ուրիշների հետ։ Եհովան ուրախանում է, երբ ամեն ջանք թափում ենք, որ հաշտվենք հավատակցի հետ։ Նա չի ընդունի մեր երկրպագությունը, եթե շարունակենք վիրավորված մնալ ու չփորձենք վերականգնել վնասված փոխհարաբերությունները (1 Հովհ. 4։20)։
5. Ինչո՞ւ էր մի եղբոր համար դժվար վերականգնել խաղաղ փոխհարաբերությունները։
5 Երբեմն գուցե դժվար լինի խաղաղություն հաստատել։ Ինչո՞ւ։ Քննենք Մարկի * օրինակը։ Նա վիրավորվեց, երբ ժողովի եղբայրներից մեկը սկսեց քննադատել իրեն ու հավատակիցների մոտ վատ բաներ ասել իր մասին։ Մարկը պատմում է, որ դա իրեն շատ բարկացրեց, և նա հունից դուրս եկավ։ Բայց հետո զղջաց իր պահվածքի համար և փորձեց ներողություն խնդրել ու վերականգնել խաղաղությունը այդ եղբոր հետ։ Սակայն վերջինս չցանկացավ հաշտվել։ Սկզբում Մարկը մտածեց. «Ինչո՞ւ պետք է ես ջանքեր թափեմ, եթե նա չի ուզում հաշտվել ինձ հետ»։ Բայց շրջանային վերակացուն Մարկին հորդորեց չհանձնվել։ Ի՞նչ արեց Մարկը։
6. ա) Մարկը ինչպե՞ս հետամուտ եղավ խաղաղության։ բ) Ինչպե՞ս Մարկը կիրառեց Կողոսացիներ 3։13, 14 համարները։
6 Մարկը ինքնաքննություն արեց ու նկատեց, որ խոնարհության պակաս ունի և որ իրեն մյուսներից ավելի արդար է համարում։ Նա հասկացավ, որ պետք է փոխի իր մտածելակերպը (Կող. 3։8, 9, 12)։ Ուստի խոնարհություն դրսևորելով՝ կրկին ներողություն խնդրեց այդ եղբորից։ Նաև նամակներ գրեց նրան՝ ասելով, թե որքան է ափսոսում պատահածի համար, և որքան կուզեր ամեն ինչ մաքուր էջից սկսել։ Մարկը նույնիսկ այդ եղբորը փոքր նվերներ տվեց, որոնք, իր կարծիքով, նրան դուր կգային։ Ցավոք, այդ եղբայրը չներեց նրան ու չդադարեց ոխ պահել։ Չնայած դրան՝ Մարկը չհանձնվեց. հետևելով Հիսուսի պատվերին՝ շարունակեց սիրել իր եղբորը ու ներողամիտ լինել նրա հանդեպ (կարդա Կողոսացիներ 3։13, 14)։ Այս օրինակից սովորում ենք, որ նույնիսկ եթե ուրիշները անտեսում են խաղաղություն հաստատելու մեր ջանքերը, ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշ սերը կօգնի, որ ներենք նրանց ու աղոթենք նրանց հետ հաշտվելու մասին (Մատթ. 18։21, 22; Գաղ. 6։9)։
7. ա) Հիսուսն ի՞նչ է պատվիրել, որ անենք։ բ) Մի քույր ի՞նչ դժվար իրավիճակում հայտնվեց։
7 Հիսուսը պատվիրեց, որ մարդկանց հետ վարվենք այնպես, ինչպես կուզենք՝ մեզ հետ վարվեն։ Նաև ասաց, որ չպետք է սահմանափակվենք՝ սիրելով միայն մեզ սիրողներին (Ղուկ. 6։31–33)։ Իսկ ի՞նչ անել, եթե ժողովում ինչ-որ մեկը խուսափում է քեզանից և նույնիսկ չի բարևում։ Իհարկե, նման բան հաճախ չի լինում, բայց Լառա անունով մի քույր հայտնվեց այդպիսի իրավիճակում։ Նա պատմում է. «Քույրերից մեկը արհամարհում էր ինձ, ու ես չէի հասկանում՝ ինչու։ Շատ էի լարվում դրանից ու չէի ուզում նույնիսկ ժողով գնալ»։ Սկզբում Լառան մտածեց. «Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Բացի այդ՝ ժողովում էլ բոլորը նկատում են, որ նա իրեն տարօրինակ է պահում»։
8. Ի՞նչ արեց Լառան խաղաղություն հաստատելու համար, և մենք ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից։
8 Լառան քայլեր ձեռնարկեց, որ խաղաղություն հաստատի։ Նա աղոթեց Եհովային ու որոշեց խոսել այդ քրոջ հետ։ Նրանք խոսեցին խնդրի մասին, գրկախառնվեցին ու հաշտվեցին։ Կարծես ամեն ինչ լավ էր։ Բայց որոշ ժամանակ անց այդ քույրը կրկին սկսեց իրեն առաջվա պես պահել։ Լառան ասում է. «Ես ուղղակի թևաթափ եղա»։ Սկզբում Լառան կարծում էր, որ իսկապես երջանիկ կլինի միայն այն դեպքում, եթե այդ քույրը փոխի վերաբերմունքը իր հանդեպ։ Բայց ի վերջո հասկացավ, որ այդ իրավիճակում լավագույն բանը, որ կարող է անել, այդ քրոջը սիրելն ու նրան «մեծահոգաբար ներելն» է (Եփես. 4։32–5։2)։ Նա մտածեց այն խոսքերի շուրջ, որ իսկական սերը «վիրավորանքները չի հաշվում», «ամեն ինչի դիմանում է, ամեն ինչի հավատում է, ամեն ինչի համար հույս ունի, ամեն ինչի տոկում է» (1 Կորնթ. 13։5, 7)։ Արդյունքում՝ Լառան վերագտավ մտքի խաղաղությունը, այդ քույրն էլ ժամանակի ընթացքում սկսեց ավելի ընկերական վերաբերվել նրան։ Համոզված եղիր, որ եթե ձգտես խաղաղ փոխհարաբերություններ ունենալ քույրերիդ ու եղբայրներիդ հետ և սիրես նրանց, «սիրո ու խաղաղության Աստվածը քեզ հետ կլինի» (2 Կորնթ. 13։11)։
ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԵՂԻՐ
9. Գործեր 10։34, 35 համարների համաձայն՝ ինչո՞ւ պետք է անկողմնակալ լինենք։
9 Եհովան կողմնակալ չէ (կարդա Գործեր 10։34, 35)։ Երբ մենք էլ նրա պես անկողմնակալությամբ ենք վարվում, փաստում ենք, որ նրա զավակներն ենք։ Կատարելով մերձավորին մեր անձի պես սիրելու պատվերը՝ նպաստում ենք մեր հոգևոր ընտանիքի խաղաղությանը (Հռոմ. 12։9, 10; Հակ. 2։8, 9)։
10–11. Ինչպե՞ս մի քույր հաղթահարեց իր բացասական զգացումները։
10 Ոմանց համար հեշտ չէ անկողմնակալ լինել։ Քննենք Ռութ անունով մի քրոջ օրինակը։ Երբ նա դեռահաս էր, օտարերկրացի մի կին շատ վատ վարվեց իր ընտանիքի հետ։ Դա ի՞նչ ազդեցություն ունեցավ Ռութի վրա։ Նա պատմում է. «Ես ատում էի այդ երկրի հետ կապված ամեն ինչ։ Կարծում էի, թե այնտեղից եկած բոլոր մարդիկ էլ նույնն են, անգամ մեր քույրերն ու եղբայրները»։ Ռութն ինչպե՞ս ազատվեց իր բացասական զգացումներից։
11 Նա հասկանում էր, որ պետք է փոխի իր վերաբերմունքը։ Ուստի սկսեց «Տարեգրքից» տեղեկություններ կարդալ այդ երկրի մասին։ Ռութն ասում է. «Ձգտում էի դրական բան գտնել այդ երկրի մարդկանց մեջ։ Նկատեցի, որ այնտեղի եղբայրներն ու քույրերը մեծ եռանդով են ծառայում Եհովային, և մտածեցի. «Չէ՞ որ նրանք էլ են մեր համաշխարհային եղբայրության մի մասը»»։ Ժամանակի ընթացքում Ռութը հասկացավ, որ ավելին պետք է անի։ Նա պատմում է. «Երբ այդ երկրից որևէ քրոջ կամ եղբոր էի հանդիպում, ջանում էի ընկերական լինել, զրուցում էի նրա հետ և փորձում ավելի լավ ճանաչել»։ Արդյունքում Ռութի թափած ջանքերը իզուր չանցան. նրա բացասական զգացումները աստիճանաբար նահանջեցին։
12. Սառա անունով մի քույր ի՞նչ խնդիր ուներ։
12 Հնարավոր է՝ մարդը կողմնակալ լինի, բայց չգիտակցի դա։ Օրինակ՝ Սառան կարծում էր, թե անկողմնակալ է, քանի որ մարդկանց մասին կարծիք չէր կազմում՝ ելնելով նրանց ռասայից, ֆինանսական վիճակից կամ կազմակերպության մեջ ունեցած պատասխանատվություններից։ Բայց նա խոստովանում է. «Մի օր հասկացա, որ իրականում աչառություն եմ դնում մարդկանց մեջ»։ Իսկ ինչպե՞ս էր դա դրսևորվում։ Լինելով կրթված ընտանիքից՝ Սառան նախընտրում էր շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր նույնպես բարձրագույն կրթություն ունեին։ Մի անգամ նա նույնիսկ իր ընկերներից մեկին ասաց. «Ես սիրում եմ շփվել բարձրագույն կրթություն ստացած հավատակիցների հետ, իսկ մյուսներից հեռու եմ մնում»։ Հստակ էր, որ Սառան պետք է փոխեր իր մտածելակերպը։
13. Ի՞նչ ենք սովորում Սառայի օրինակից։
13 Շրջանային վերակացուն օգնեց Սառային վերանայել իր տեսակետը։ Սառան հիշում է. «Նա գովեց ինձ իմ հավատարիմ ծառայության, լավ մեկնաբանությունների և աստվածաշնչյան խոր գիտելիքների համար։ Հետո օգնեց հասկանամ, որ գիտելիքներ ձեռքբերելուն զուգընթաց պետք է նաև զարգացնեմ այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ խոնարհությունը, համեստությունն ու ողորմածությունը»։ Սառան կիրառեց շրջանային վերակացուի խորհուրդը։ Նա ասում է. «Հասկացա, որ բարի և սիրող լինելը կրթված լինելուց շատ ավելի կարևոր է»։ Նա փոխեց իր վերաբերմունքը եղբայրների ու քույրերի հանդեպ և հասկացավ, թե իրականում ինչն է մարդկանց արժեքավոր դարձնում Եհովայի համար։ Ի՞նչ ենք սովորում այս օրինակից։ Թող որ երբեք մեզ ուրիշներից բարձր չհամարենք մեր կրթության 1 Պետ. 2։17)։
պատճառով։ Եկեք ջերմորեն «սիրենք ողջ եղբայրությունը». այդ դեպքում կողմնակալությամբ չենք վարվի (ՀՅՈՒՐԱՍԵՐ ԵՂԻՐ
14. Ըստ Եբրայեցիներ 13։16 համարի՝ Եհովան ինչպե՞ս է վերաբերվում հյուրասիրությանը։
14 Հյուրասիրությունը Եհովայի համար շատ թանկ հատկություն է (կարդա Եբրայեցիներ 13։16)։ Նա դա համարում է իրեն մատուցվող երկրպագության մի մասը, հատկապես եթե հյուրասեր ենք կարիքի մեջ եղողների հանդեպ (Հակ. 1։27; 2։14–17)։ Այդ պատճառով էլ Աստվածաշունչը հորդորում է, որ «ձգտենք հյուրասեր լինել» (Հռոմ. 12։13)։ Երբ ինչ-որ մեկի հանդեպ հյուրասիրություն ենք դրսևորում, ցույց ենք տալիս, որ իրոք հետաքրքրված ենք նրանով, սիրում ենք նրան և ուզում ենք նրա ընկերը լինել։ Եվ անկախ այն բանից, հրավիրում ենք նրան ճաշի, թե նվիրում ենք մեր ժամանակն ու ուշադրությունը, ուրախացնում ենք Եհովային (1 Պետ. 4։8–10)։ Սակայն կարող են լինել բաներ, որոնց պատճառով գուցե դժվար լինի հյուրասիրություն դրսևորել։
15–16. ա) Ինչո՞ւ գուցե ոմանք վարանեն հյուրասիրություն դրսևորել։ բ) Ի՞նչն օգնեց Էդիթին հյուրասեր դառնալ։
15 Գուցե մեր հանգամանքների պատճառով վարանենք հյուրասիրություն դրսևորել։ Նկատի առնենք Էդիթ անունով մի այրի քրոջ օրինակը։ Նախքան Վկա դառնալը նա շատ քիչ էր շփվում մարդկանց հետ։ Նա կարծում էր, որ ուրիշները իրենից ավելի լավ կկարողանան հյուրեր ընդունել։
16 Վկա դառնալուց հետո Էդիթը շատ փոխվեց։ Նա սկսեց ջանքեր թափել, որ հյուրասեր դառնա։ Քույրը հիշում է. «Մեր Թագավորության սրահի շինարարության ժամանակ երեցներից մեկն ինձ ասաց, որ մի ամուսնական զույգ է գալու, որ օգնի։ Նա հարցրեց, թե արդյոք կարող եմ երկու շաբաթով նրանց հյուրընկալել։ Այդ պահին հիշեցի սարեփթացի այրուն, և թե ինչպես Եհովան օրհնեց նրան» (1 Թագ. 17։12–16)։ Էդիթը համաձայնվեց հյուրընկալել այդ զույգին։ Իսկ Եհովան օրհնե՞ց նրան։ Քույրը պատմում է. «Այնպես ստացվեց, որ երկու շաբաթվա փոխարեն նրանք երկու ամիս մնացին։ Այդ ընթացքում մենք մտերմացանք»։ Էդիթը մտերիմ ընկերներ ձեռք բերեց նաև ժողովում։ Նա այժմ ռահվիրա է և հաճախ է ծառայակիցներին հրավիրում իր տուն։ Էդիթն ասում է. «Տալը ինձ հաճույք է պատճառում։ Իմ փորձից կարող եմ ասել, որ հյուրասեր լինելով՝ մեծապես օրհնվում ես» (Եբր. 13։1, 2)։
17. Հյուրասիրության հետ կապված՝ Լուկասն ու իր կինը ի՞նչ նկատեցին։
17 Գուցե արդեն իսկ հյուրասեր ենք, բայց կարո՞ղ ենք բարելավվել այս հարցում։ Օրինակ՝ Լուկասը և իր կինը հյուրասեր զույգ են։ Նրանք սովորություն ունեն հյուրընկալելու իրենց ծնողներին, բարեկամներին, մտերիմներին և շրջանային վերակացուին ու նրա կնոջը։ Բայց Լուկասն ասում է. «Մենք նկատեցինք, որ հյուրընկալում ենք միայն մեր մտերիմներին»։ Տեսնենք, թե այս զույգը ինչ փոփոխություն արեց։
18. Լուկասն ու իր կինը ի՞նչ փոփոխություն արեցին։
18 Լուկասն ու իր կինը մտածեցին Հիսուսի հետևյալ խոսքերի շուրջ. «Եթե սիրեք ձեզ սիրողներին, էլ ի՞նչ վարձատրություն կունենաք» (Մատթ. 5։45–47)։ Նրանք հասկացան, որ պետք է ընդօրինակեն Եհովային, ով առատաձեռն է բոլորի հանդեպ։ Ուստի նպատակ դրեցին հյուրասիրություն ցույց տալ այն եղբայրներին ու քույրերին, որոնց երբեք չէին հրավիրել իրենց տուն։ Լուկասն ասում է. «Այժմ առիթ ենք ունենում տարբեր մարդկանց հետ հաճելի ժամանակ անցկացնել։ Այսպես բոլորս քաջալերվում ենք և մտերմանում Եհովայի ու միմյանց հետ»։
19. Ինչպե՞ս կարող ես փաստել, որ Հիսուսի աշակերտն ես, և ի՞նչ ես մղվում անելու։
19 Մենք քննեցինք, թե միմյանց հանդեպ ունեցած ուժգին սերը ինչպես կարող է օգնել, որ լինենք խաղաղարար, անկողմնակալ և հյուրասեր։ Մենք պետք է հաղթահարենք բացասական զգացումները և սրտանց ու ջերմորեն սիրենք մեր եղբայրներին ու քույրերին։ Եթե այդպես վարվենք, կլինենք երջանիկ ու կփաստենք, որ Քրիստոսի ճշմարիտ աշակերտներն ենք (Հովհ. 13։17, 35)։
ԵՐԳ 88 Ճանաչեցրու ինձ քո ճանապարհները
^ պարբ. 5 Հիսուսն ասել է, որ սերը ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող նշանն է։ Եղբայրների ու քույրերի հանդեպ սերը մղում է մեզ, որ լինենք խաղաղարար, անկողմնակալ և հյուրասեր։ Բայց միշտ չէ, որ դա հեշտ է։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք շարունակել սրտանց ու ջերմորեն սիրել իրար։
^ պարբ. 5 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։
^ պարբ. 57 ՆԿԱՐ։ Քույրը փորձում է խաղաղություն հաստատել։ Նրա առաջին փորձը ձախողվում է, սակայն նա չի հանձնվում։ Քույրը շարունակում է սեր դրսևորել և ի վերջո կարողանում է խաղաղության հասնել։
^ պարբ. 59 ՆԿԱՐ։ Տարեց եղբայրը իրեն անտեսված է զգում ժողովում։
^ պարբ. 61 ՆԿԱՐ։ Քույրը, ով նախկինում վարանում էր հյուրասիրություն ցուցաբերել, փոխում է իր մտածելակերպը, և դա իրեն ավելի երջանիկ է դարձնում։