Արդյո՞ք քրիստոնյաները պետք է Աստծուն երկրպագեն սրբավայրերում
ԱՄԵՆ տարի ավելի քան վեց միլիոն մարդ ուղևորվում է դեպի Ճապոնիայի Շիմա թերակղզում գտնվող մայրիների անտառ։ Նրանք գալիս են Իսե տաճարային համալիր, որտեղ արդեն մոտ երկու հազար տարի է՝ երկրպագություն է մատուցվում սինտոյականության արևի աստվածուհի Ամատերասու Օմիկամիին։ Երկրպագություն մատուցողները նախ մաքրվում են՝ լվանալով իրենց ձեռքերն ու բերանը։ Հետո սրբավայրի աղոթարանի՝ հայդենի առջև կանգնած՝ հատուկ արարողություն են կատարում. խոնարհվում են, ծափ տալիս և աղոթում աստվածուհուն։ * Սինտոյականությունը թույլ է տալիս, որ իր հետևորդները այլ կրոններ դավանեն։ Իսկ բուդդայականություն, քրիստոնեություն և այլ կրոններ դավանող որոշ մարդիկ ոչ մի սխալ բան չեն տեսնում այս սրբավայրում սինտոյական արարողություններին մասնակցելու մեջ։
Աշխարհի հիմնական կրոններից շատերը ունեն սրբատեղիներ, * և անթիվ-անհամար մարդիկ են այցելում այդպիսի վայրեր։ Քրիստոնեական երկրներում կան Հիսուսին, Մարիամին և սրբերին նվիրված բազմաթիվ եկեղեցիներ և սրբավայրեր։ Որոշ սրբատեղիներ էլ գտնվում են այնպիսի վայրերում, որտեղ, ըստ որոշ կարծիքների՝ տեղի է ունեցել աստվածաշնչյան որևէ դեպք կամ ավելի ուշ ժամանակաշրջանի ինչ-որ «հրաշք»։ Սրբատեղիներ են համարվում նաև այն վայրերը, որտեղ պահվում են կրոնական մասունքներ։ Շատերը գնում են սրբատեղիներ, քանի որ մտածում են, թե իրենց աղոթքները ավելի շուտ կլսվեն, եթե դրանք մատուցվեն սուրբ վայրում։ Ոմանք էլ, ովքեր իրենց նվիրվածությունը ցույց տալու համար երկար ուխտագնացություններ են կատարում, որպես իրենց ճանապարհորդության վերջնակետ ընտրում են տարբեր սրբավայրեր։
Բայց արդյո՞ք աղոթքներն ավելի շուտ կլսվեն և կպատասխանվեն, եթե դրանք մատուցվեն սուրբ վայրում։ Կամ արդյո՞ք Աստծուն հաճելի են դեպի սրբավայրեր կատարվող այդպիսի ուխտագնացությունները։ Իսկ որ ավելի կարևոր է, պե՞տք է արդյոք քրիստոնյաները երկրպագեն Աստծուն սրբավայրերում։ Այս հարցերի պատասխանները ոչ միայն կօգնեն իմանալու, թե ինչպես պետք է վերաբերվենք սրբավայրերում մատուցվող երկրպագությանը, այլև կօգնեն հասկանալու, թե ինչպիսի երկրպագությունն է Աստծուն հաճելի։
ԵՐԿՐՊԱԳԵՆՔ «ՈԳՈՎ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ»
Մի անգամ Հիսուսի և սամարացի մի կնոջ միջև հետաքրքիր զրույց տեղի ունեցավ, որից կարող ենք իմանալ Աստծու տեսակետը «սուրբ վայրերում» կամ սրբատեղիներում մատուցվող երկրպագության վերաբերյալ։ Հիսուսը Սամարիայի միջով անցնելիս կանգ առավ՝ հանգստանալու Սյուքար քաղաքի մոտակայքում գտնվող մի ջրհորի մոտ։ Նա սկսեց խոսել մի կնոջ հետ, որը եկել էր ջրհորից ջուր հանելու։ Զրույցի ընթացքում կինը հիշատակեց հրեաների և սամարացիների կրոնների միջև եղած էական մի տարբերության մասին։ Նա ասաց. «Մեր նախահայրերը այս սարի վրա էին երկրպագություն անում, բայց դուք ասում եք, Հովհաննես 4։5–9, 20)։
թե Երուսաղեմն է այն վայրը, որտեղ մարդիկ պետք է երկրպագություն անեն» (Սարը, որի մասին նշեց կինը, Գարիզին լեռն էր, որը գտնվում էր Երուսաղեմից մոտ 50 կիլոմետր դեպի հյուսիս։ Այդ լեռան վրա մի ժամանակ տաճար կար, որտեղ սամարացիները նշում էին տարբեր տոներ, օրինակ՝ Պասեքը։ Սակայն Հիսուսը չկենտրոնացավ հրեաների և սամարացիների երկրպագության միջև եղած այդ տարբերության վրա։ Նա ասաց. «Հավատա՛ ինձ, ո՛վ կին. գալիս է ժամը, երբ ո՛չ այս սարի վրա կերկրպագեք Հորը և ո՛չ էլ Երուսաղեմում» (Հովհաննես 4։21)։ Սրանք, ինչ խոսք, ապշեցուցիչ խոսքեր էին, ընդ որում դրանք հնչում էին ազգությամբ հրեա մարդու շուրթերից։ Ինչո՞ւ այլևս չպետք է երկրպագություն մատուցվեր Աստծու տաճարում, որը գտնվում էր Երուսաղեմում։
Հիսուսը շարունակեց. «Գալիս է ժամը և հիմա էլ է, երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը ոգով և ճշմարտությամբ, որովհետև Հայրը հենց այդպիսի երկրպագուներ է փնտրում իր համար» (Հովհաննես 4։23)։ Դարեր շարունակ հրեաները Երուսաղեմի վեհաշուք տաճարը համարել էին իրենց երկրպագության կենտրոնը։ Նրանք տարին երեք անգամ ուղևորվում էին այնտեղ, որ զոհեր մատուցեն Աստծուն՝ Եհովային (Ելք 23։14–17)։ Բայց Հիսուսն ասաց, որ այդ ամենը փոխվելու էր, և որ «ճշմարիտ երկրպագուները» երկրպագելու էին Աստծուն «ոգով և ճշմարտությամբ»։
Հրեաների տաճարը տեսանելի կառույց էր, որը գտնվում էր որոշակի աշխարհագրական տեղանքում։ Մինչդեռ ոգին և ճշմարտությունը նյութական բաներ չեն, ոչ էլ ինչ-որ բառացի վայրի հետ են առնչվում։ Հետևաբար, Հիսուսը նկատի ուներ, որ քրիստոնեական ճշմարիտ երկրպագությունը կենտրոնացած չէր լինելու որևիցե նյութեղեն կառույցում կամ աշխարհագրական վայրում և ոչ էլ կախում էր ունենալու այդպիսի կառույցից կամ տեղանքից, լիներ դա Գարիզին լեռը, Երուսաղեմի տաճարը թե մեկ այլ սուրբ վայր։
Սամարացի կնոջ հետ զրուցելիս Հիսուսը նաև նշեց, որ «գալիս է» Աստծու երկրպագության մեջ այդ փոփոխության «ժամը»։ Իսկ ե՞րբ էր գալու այդ ժամը։ Այն եկավ, երբ Հիսուսը իր զոհաբերական մահով վերջ դրեց հրեական կրոնական համակարգին, որը հիմնված էր Մովսիսական օրենքի վրա (Հռոմեացիներ 10։4)։ Սակայն Հիսուսը նաև ասաց, որ ժամը «հիմա էլ է»։ Ինչո՞ւ այդպես ասաց։ Քանի որ նա՝ որպես Մեսիա, արդեն հավաքում էր աշակերտներ, որոնք կվարվեին այն խոսքերի համաձայն, որ նա ասաց կնոջը. «Աստված Ոգի է, և նրան երկրպագողները պետք է ոգով ու ճշմարտությամբ երկրպագեն նրան» (Հովհաննես 4։24)։ Իսկ ի՞նչ է նշանակում երկրպագել ոգով և ճշմարտությամբ։
Խոսելով ոգով երկրպագելու մասին՝ Հիսուսը նկատի չուներ առանձնահատուկ ոգևորությամբ, խանդավառությամբ կամ նախանձախնդրությամբ երկրպագելը։ Նա խոսում էր երկրպագության մեջ Աստծու սուրբ ոգով առաջնորդվելու մասին, որը ոչ միայն առաջնորդություն է տալիս տարբեր հարցերում, այլև օգնում է հասկանալու Աստվածաշունչը (1 Կորնթացիներ 2։9–12)։ Իսկ ճշմարտությունը, որի մասին խոսեց Հիսուսը, աստվածաշնչյան ուսմունքների մասին ճշգրիտ գիտությունն է։ Հետևաբար, որպեսզի մեր երկրպագությունը ընդունելի լինի Աստծուն, այն ոչ թե պետք է մատուցվի ինչ-որ առանձնահատուկ վայրում, այլ պետք է համապատասխանի այն ամենին, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը, և մատուցվի սուրբ ոգու առաջնորդությանը ներդաշնակ։
ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՎԵՐԱԲԵՐՎԵՆ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԻՆ
Ուրեմն ինչպե՞ս պետք է քրիստոնյաները վերաբերվեն դեպի սրբավայրեր կատարվող ուխտագնացություններին և այնտեղ մատուցվող երկրպագությանը։ Քանի որ Հիսուսը պատվիրել է, որ ճշմարիտ երկրպագուները երկրպագեն Աստծուն ոգով ու ճշմարտությամբ, ուրեմն կարող ենք հստակ հետևություն անել, որ սրբավայրում մատուցվող երկրպագությունը ինչ-որ հատուկ արժեք չունի մեր երկնային Հոր համար։ Բացի այդ, Աստվածաշունչը հայտնում է, թե Աստված ինչպես է վերաբերվում կուռքեր գործածելուն և պաշտելուն։ Այնտեղ ասվում է. «Փախեք կռապաշտությունից»։ Նաև հորդոր է տրվում. «Հեռու պահեք ձեզ կուռքերից» (1 Կորնթացիներ 10։14; 1 Հովհաննես 5։21)։ Հետևաբար, ճշմարիտ քրիստոնյան երկրպագություն չի մատուցի այնպիսի վայրում, որը մարդիկ սրբացնում են և որտեղ կռապաշտությամբ են զբաղվում։
Սակայն դա չի նշանակում, թե Աստծու խոսքը արգելում է, որ ունենանք որևէ նախընտրելի տեղ աղոթելու, ուսումնասիրելու և խորհրդածելու համար։ Կոկիկ ու արժանավայել վայրը կարող է նպաստել հոգևոր բաներ սովորելուն և քննարկելուն։ Բացի այդ, սխալ չէ մահացած մարդու համար որևէ հուշաքար, օրինակ՝ տապանաքար դնելը, քանի որ դրանով պարզապես ցույց ենք տալիս, որ հիշում և սիրում ենք մահացածին։ Սակայն այդ վայրը սրբացնելը կամ այնտեղ եղած պատկերները կամ մասունքները մեծարելը լիովին կհակասի Հիսուսի խոսքերին։
Այսպիսով՝ մենք չպետք է մտածենք, որ սրբավայր գնալու ու այնտեղ աղոթելու դեպքում հավանականությունն ավելի մեծ է, որ Աստված կլսի մեր աղոթքը։ Բացի այդ, դեպի որևէ սրբավայր ուխտագնացություն կատարելով՝ մարդը չի արժանանում Աստծու հավանությանը, ոչ էլ յուրահատուկ օրհնություններ է ստանում։ Աստվածաշունչն ասում է, որ Եհովա Աստված, «երկնքի և երկրի Տերը լինելով, ձեռակերտ տաճարներում չի բնակվում»։ Բայց դա չի նշանակում, թե Աստված մեզանից հեռու է ու անմատչելի։ Մենք ցանկացած տեղում կարող ենք աղոթել մեր երկնային Հորը, և նա կլսի մեզ, քանի որ «մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։24–27)։
^ պարբ. 2 Սինտոյական տարբեր սրբավայրերում արարողությունները գուցե տարբեր լինեն։
^ պարբ. 3 Տես « Ի՞նչ է սրբավայրը» շրջանակը։