Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Դուք բոլոր ճնճղուկներից թանկ եք» (ՄԱՏԹԵՈՍ 10։31)

Աստված հետաքրքրվա՞ծ է ձեզանով

Աստված հետաքրքրվա՞ծ է ձեզանով

Ի՞ՆՉ ԵՆՔ ԻՄԱՆՈՒՄ ԱՍՏԾՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Նորածնի կյանքի առաջին 60 րոպեները նոր պայմաններին հարմարվելու վճռորոշ շրջան է։ Այն մայրերը, ովքեր սերտ շփվում են իրենց նորածին մանկիկների հետ նրանց կյանքի այդ կենսական փուլում, զգալիորեն նպաստում են նրանց հետագա աճին և առողջ զարգացմանը։ *

Ի՞նչն է մղում մորը քնքշորեն հոգ տանելու իր նորածին երեխային։ Պրոֆեսոր Ջանեթ Քրենշոուն ծննդաբերական շրջանի մասին մի հանդեսում նշում է, որ ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմում բարձրանում է օքսիտոցին հորմոնի մակարդակը, «ինչի շնորհիվ նորածնին նայելիս, նրան դիպչելիս կամ կրծքով կերակրելիս մայրական զգացմունքներն ավելի են ուժգնանում» (The Journal of Perinatal Education)։ Այդ ժամանակ արտադրվող մեկ այլ հորմոն «օգնում է մորը արագ արձագանքելու իր մանկիկի պահանջմունքներին» և ամրացնում է նրանց միջև եղած փոխկապվածությունը։ Սա անչափ կարևոր է։

Մոր և մանկան միջև այս սերտ կապը ի սկզբանե ծրագրված է եղել մեր սիրառատ Արարչի՝ Եհովա * Աստծու կողմից։ Դավիթ թագավորը իր փառաբանական երգի մեջ գովաբանում է Աստծուն մոր «որովայնից» իրեն հանելու և մայրական ջերմ գրկի մեջ ապահովություն տալու համար։ Նա այսպիսի խոսքեր է ասում. «Արգանդից ես քեզ եմ հանձնված, մորս որովայնից դու ես իմ Աստվածը» (Սաղմոս 22։9, 10

ՄՏԱԾԵՔ։ Եթե Աստված մոր օրգանիզմում այդպիսի բարդ համակարգ է ստեղծել հատուկ այն նպատակով, որ վերջինս քնքշորեն խնամի իր փոքրիկին ու արձագանքի նրա կարիքներին, ապա մի՞թե տրամաբանական չէ եզրակացնել, որ նա հետաքրքրված է մեզանով, ում Աստվածաշունչը կոչում է «Աստծու զավակներ» (Գործեր 17։29

Ի՞ՆՉ ԵՆՔ ԻՄԱՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

Հիսուս Քրիստոսը, ով ավելի լավ գիտի մեր Արարչին, քան ուրիշ որևէ մեկը, ասել է. «Չէ՞ որ երկու ճնճղուկը չնչին արժեք ունեցող մետաղադրամով է վաճառվում։ Սակայն նրանցից և ոչ մեկը գետին չի ընկնի առանց ձեր Հոր իմացության։ Բայց ձեր գլխի ամեն մի մազը հաշվված է։ Ուրեմն մի՛ վախեցեք, դուք բոլոր ճնճղուկներից թանկ եք» (Մատթեոս 10։29–31

Մարդկանց մեծ մասը հազիվ թե ուշադրություն դարձնի իրեն հանդիպած ամեն մի փոքր թռչնակի, ուր մնաց թե նկատի, երբ դրանցից մեկը «գետին ընկնի»։ Բայց մեր երկնային Հայրը նկատում է դրանցից յուրաքանչյուրին։ Մինչդեռ մարդ արարածը թռչուններից, անգամ բազմաթիվ թռչուններից շատ ավելի թանկ է նրա համար։ Հետևաբար հստակ է, թե ինչ էր ուզում սովորեցնել Հիսուսը. չպետք է «վախենանք»՝ մտավախություն ունենանք, թե Աստված գուցե չի նկատում մեզ։ Նա խորապես հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով։

Աստված խորապես հետաքրքրված է մեր բարօրությամբ և հետևում է մեզ ջերմ հոգատարությամբ

Աստվածաշնչում ասվում է.

  • «Եհովայի աչքերը ամեն տեղ են. նրանք դիտում են և՛ չարերին, և՛ բարիներին» (ԱՌԱԿՆԵՐ 15։3

  • «Եհովայի աչքերն արդարներին են ուղղված, և ականջները՝ նրանց օգնության աղաղակին» (ՍԱՂՄՈՍ 34։15

  • «Քո սիրառատ բարությամբ եմ ուրախանալու ու ցնծալու, որովհետև դու տեսար իմ տառապանքը, իմացար հոգուս վիշտը» (ՍԱՂՄՈՍ 31։7

«ԱՅՆՊԻՍԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵԻ, ԹԵ ԵՀՈՎԱՆ ՉԻ ՍԻՐՈՒՄ ԻՆՁ»

Արդյոք որևէ բան կփոխվի՞ մեր կյանքում, եթե իմանանք, որ Աստված խորապես հետաքրքրված է մեր բարօրությամբ և հետևում է մեզ ջերմ հոգատարությամբ։ Անկասկած կփոխվի։ Հաննան, * ով ապրում է Անգլիայում, ասում է.

«Հաճախ այնպիսի զգացողություն ունեի, թե Եհովան չի սիրում ինձ և չի պատասխանում իմ աղոթքներին։ Մտածում էի, որ պատճառը իմ հավատի պակասն է։ Ինձ թվում էր, թե Աստված պատժում կամ անտեսում է ինձ, քանի որ կարևոր չեմ նրա համար։ Կարծում էի՝ նա հոգ չի տանում իմ մասին»։

Այժմ Հաննան այլևս չի մտածում, թե Եհովան հոգատար չէ ու չի սիրում իրեն։ Ինչի՞ շնորհիվ փարատվեցին նրա կասկածները։ «Դա տեղի ունեցավ աստիճանաբար,— պատմում է նա։— Հիշում եմ, որ տարիներ առաջ Հիսուսի քավիչ զոհի վերաբերյալ մի ելույթ լսեցի, որը շատ խոր տպավորություն թողեց ինձ վրա և օգնեց, որ հավաստիանամ Եհովայի սիրո մեջ։ Եվ երբ ստանում էի աղոթքներիս պատասխանները, հաճախ սրտագին լաց էի լինում՝ հասկանալով, որ Եհովան, այնուամենայնիվ, սիրում է ինձ։ Ինձ շատ է օգնել նաև Աստվածաշունչն ուսումնասիրելը և քրիստոնեական հանդիպումներին հաճախելը. այդ ամենի շնորհիվ շատ ավելին եմ սովորել Եհովայի անձնավորության և մեր հանդեպ ունեցած նրա վերաբերմունքի մասին։ Այժմ ես հստակ տեսնում եմ, որ Եհովան թիկունք է կանգնում ու սիրում է բոլորիս և սրտանց ցանկանում է հոգ տանել մեզանից յուրաքանչյուրին անհատապես»։

Հաննայի խոսքերը շատ քաջալերական են։ Բայց ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ Աստված հասկանում է ձեզ, և որ ձեր զգացմունքները կարևոր են նրա համար։ Հաջորդ հոդվածում կխոսվի այդ մասին։

^ պարբ. 3 Նոր ծննդաբերած որոշ կանայք, ովքեր տառապում են հետծննդյան դեպրեսիայով, գուցե դժվարանան կապվածություն հաստատել իրենց մանկիկի հետ։ Նման դեպքերում նրանք չպետք է մտածեն, թե իրենք են մեղավոր դրա համար։ Ինչպես նշում է ԱՄՆ-ի՝ Հոգեկան առողջության ազգային ինստիտուտը, հետծննդյան դեպրեսիան «ըստ ամենայնի առաջանում է մի շարք ֆիզիկական և հուզական գործոնների հետևանքով.... ոչ թե մոր ինչ-որ արարքի կամ թերացման պատճառով»։ Այս մասին ավելի շատ տեղեկություն կարող եք գտնել «Հետծննդյան դեպրեսիա. ի՞նչ է այն» հոդվածում («Արթնացե՛ք», 2003, հունիսի 8, անգլ., ռուս.)։

^ պարբ. 5 Եհովան Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում (Սաղմոս 83։18

^ պարբ. 15 Այս հոդվածաշարում որոշ անուններ փոխված են։