Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Տառապանքը Աստծու պատի՞ժն է

Տառապանքը Աստծու պատի՞ժն է

ԼՈՒԻԶԱՆ ԿԱՂՈՒՄ Է ՁԱԽ ՈՏՔԻՑ։ Բանն այն է, որ նա փոքր տարիքում հիվանդացել էր պոլիոմիելիտով՝ սուր վարակիչ հիվանդություն, որը ախտահարում է մարդու նյարդային համակարգը։ Երբ նա 16 տարեկան էր, մի կին, որի համար նա որոշ աշխատանքներ էր անում, ասաց նրան. «Աստված քեզ անդամալույծ է դարձրել, որովհետև չես լսել մորդ ու նեղացրել ես նրան»։ Տարիներ են անցել, բայց Լուիզան մինչ օրս հիշում է, թե այդ խոսքերը որքան էին ընկճել իրեն։

ԵՐԲ ԴԱՄԱՐԻՍԻՆ ԳԼԽՈՒՂԵՂԻ ՔԱՂՑԿԵՂ ԱԽՏՈՐՈՇԵՑԻՆ, նրա հայրը հարցրեց. «Ի՞նչ ես արել, որ քեզ այսպիսի բան եղավ։ Հաստատ ինչ-որ վատ բան ես արել, դրա համար էլ Աստված պատժում է քեզ»։ Այդ խոսքերը խոր ցավ պատճառեցին Դամարիսին։

Դեռևս հնուց մարդիկ մտածել են, թե հիվանդությունները Աստծու պատիժն են։ Աստվածաշնչյան երկրների սովորությունների մասին պատմող մի գրքում ասվում է, որ Քրիստոսի օրերում շատերը հավատում էին, որ «եթե մարդ որևէ հիվանդությամբ է տառապում, ապա պատճառը կա՛մ նրա գործած մեղքն է, կա՛մ նրա հարազատներից մեկի, և հիվանդությունը տրվել է նրան որպես պատիժ այդ մեղքի համար» (Manners and Customs of Bible Lands)։ Իսկ միջնադարյան բժշկության մասին մի գրքում ասվում է, որ միջին դարերում «որոշ մարդիկ հավատում էին, թե համաճարակները Աստծու տված պատիժն են մարդկանց գործած մեղքերի համար» (Medieval Medicine and the Plague)։ Ուրեմն, երբ 14-րդ դարում Եվրոպայում միլիոնավոր մարդիկ մահացան ժանտախտից, մի՞թե Աստված էր դատաստան տեսնում չար մարդկանց հետ։ Թե՞ ժանտախտի պատճառը պարզապես հիվանդածին մանրէներն էին, ինչպես հետագայում ցույց են տվել բժշկական հետազոտությունները։ Գուցե մտածեք. իսկապե՞ս Աստված հիվանդությունների միջոցով տառապանք է պատճառում մարդկանց նրանց մեղքերի համար։ *

ՄՏԱԾԵՔ։ Եթե հիվանդություններն ու տառապանքը Աստծու կողմից ըստ արժանվույն տրված պատիժն են, ինչո՞ւ էր Հիսուսը, բուժում հիվանդ մարդկանց։ Արդյո՞ք դա չէր նշանակի ընդդիմանալ Աստծու արդարությանն ու արդարադատությանը (Մատթեոս 4։23, 24)։ Հիսուսը երբեք նման բան չէր անի՝ Աստծու կամքին հակառակ չէր գնա։ Նա ասել է. «Ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում»։ «Ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ, այնպես եմ անում» (Հովհաննես 8։29; 14։31

Աստվածաշունչը պարզ ասում է, որ Եհովա Աստծու «մեջ անարդարություն չկա» (2 Օրենք 32։4)։ Օրինակ՝ Աստված երբեք այնպես չի անի, որ ավիավթար տեղի ունենա ու հարյուրավոր անմեղ մարդիկ մահանան, ինչ է թե ուզում է պատժել այդ ինքնաթիռի մեջ գտնվող ինչ-որ մեկի։ Իմանալով, թե որքան արդար է Աստված՝ նրա հավատարիմ ծառա Աբրահամը ասաց, որ Աստված երբեք չի կործանի «արդարին ամբարշտի հետ», և նույնիսկ ասաց, որ «դա անհնար է» (Ծննդոց 18։23, 25)։ Սուրբ Գիրքը նաև ասում է, որ «Աստված ամբարշտությամբ չի վարվում» և «անարդարացիորեն» չի գործում (Հոբ 34։10–12

Ի՞ՆՉ ԵՆՔ ԻՄԱՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

Տառապանքը մեղքերի համար Աստծու տված պատիժը չէ։ Հիսուսն ինքը դա հստակ ցույց տվեց։ Երբ նա ու իր աշակերտները տեսան մի մարդու, որը ի ծնե կույր էր, նրա աշակերտները հարցրին. «Ռաբբի՛, ո՞վ է մեղք գործել, որ նա կույր է ծնվել, այս մա՞րդը, թե՞ նրա ծնողները»։ Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ այս մարդն է մեղք գործել, ո՛չ էլ նրա ծնողները, բայց սա եղել է նրա համար, որ դրանով Աստծու գործերը հայտնի դառնան» (Հովհաննես 9։1–3

Հիսուսի աշակերտները, որոնց հայտնի էր այդ ժամանակներում տարածված սխալ տեսակետը, հավանաբար շատ զարմացան՝ լսելով Հիսուսի խոսքերը, որ կուրության պատճառը ո՛չ այդ մարդու գործած մեղքն էր, ո՛չ էլ նրա ծնողների։ Հիսուսը բուժեց այդ մարդուն և դրանով իսկ հերքեց այն սխալ տեսակետը, թե տառապանքը Աստծու տված պատիժն է (Հովհաննես 9։6, 7)։ Նրանք, ովքեր տառապում են ծանր հիվանդություններից, կարող են մխիթարություն գտնել՝ իմանալով, որ Աստված չէ այդ ամենի պատճառը։

Մի՞թե Հիսուսը կբուժեր հիվանդ մարդկանց, եթե այդ հիվանդությունները Աստծուց տրված պատիժ լինեին նրանց մեղքերի համար

Աստվածաշնչում ասվում է.

  • «Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում» (ՀԱԿՈԲՈՍ 1։13)։ Մարդկությանը դարեր շարունակ պատուհասող «չար բաները», որոնց թվում են հիվանդությունները, ցավը և մահը, մոտ ապագայում կվերանան։

  • Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, «բուժեց բոլոր հիվանդներին» (ՄԱՏԹԵՈՍ 8։16)։ Դրանով նա ցույց տվեց, թե Աստծու Թագավորությունը ապագայում ինչ է իրականացնելու ողջ երկրի մասշտաբով։

  • «Նա [Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 21։3–5

Ո՞Վ է ՄԵՂԱՎՈՐ

Բայց եթե տառապանքը Աստծու պատիժը չէ, այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ տառապում։ Դարեր շարունակ այս հարցի մասին շատերն են մտածել։ Եթե Աստված չէ մեղավոր այդ ամենում, ապա ո՞վ է։ Այս հարցերի մասին կխոսվի հաջորդ հոդվածում։

^ պարբ. 4 Չնայած անցյալում եղել են ժամանակներ, երբ Աստված որոշ մեղքերի համար պատժել է մարդկանց, սակայն Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, թե մեր օրերում Եհովան մարդկանց գործած մեղքերի համար պատժում է նրանց՝ բերելով հիվանդություններ, դժբախտություններ կամ նման այլ բաներ։