Ո՞վ է մեղավոր
Եթե տառապանքն Աստծուց չէ, ինչո՞ւ են բազմաթիվ մարդիկ տառապում սովի, ծայրաստիճան աղքատության, դաժան պատերազմների, հյուծիչ հիվանդությունների և բնական աղետների պատճառով։ Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, ցույց է տալիս, որ տառապանքի երեք հիմնական պատճառ կա։
Մարդկանց վատ հակումները, ինչպիսիք են եսասիրությունը, ագահությունը և ատելությունը։ «Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9)։ Այո՛, հաճախ մարդկանց ցավ ու տառապանք են պատճառում իրենց նման անկատար մարդիկ, ովքեր դաժան են ու եսասեր։
Պատահականությունը։ Մարդիկ տառապում են նաև այն պատճառով, որ «ժամանակ և պատահար.... է լինում» (Ժողովող 9։11)։ Սա նշանակում է, որ նրանք պարզապես սխալ ժամանակ սխալ տեղում են լինում, դառնում են պատահարի զոհ կամ էլ վնասվում են անուշադրության կամ որևէ սխալ բան անելու պատճառով։
Այս աշխարհի չար տիրակալը։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, թե ով է մարդկանց կրած տառապանքի գլխավոր պատճառը։ Այնտեղ կարդում ենք. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Այդ «չարը» Սատանան է՝ հզոր ոգեղեն մի արարած, որը սկզբում Աստծու հրեշտակներից մեկն էր, բայց «ճշմարտության մեջ հաստատ չմնաց» (Հովհաննես 8։44)։ Սատանային միացան նաև այլ հրեշտակներ, որոնք իրենց եսասիրական ցանկությունները բավարարելու համար դուրս եկան Աստծու դեմ և այդպիսով դարձան դևեր (Ծննդոց 6։1–5)։ Աստծու դեմ ըմբոստնալուց հետո Սատանան և դևերը շատ հզոր ազդեցություն են ունեցել երկրի վրա՝ ամենուր տարածելով չարություն ու դաժանություն։ Դա հատկապես զգալի է մեր օրերում։ Բանն այն է, որ հիմա Սատանան «մեծ բարկությամբ է լցված» և «մոլորեցնում է ողջ երկիրը», ուստի զարմանալի չէ, որ Աստվածաշնչում ասվում է՝ «վա՜յ երկրին» (Հայտնություն 12։9, 12)։ Սատանան անգութ տիրակալ է։ Նա բավականություն է ստանում, երբ մարդիկ տառապում են։ Այդ նա է տառապանք ու ցավ պատճառում մարդկությանը, ոչ թե Աստված։
ՄՏԱԾԵՔ։ Միայն անսիրտ, դաժան ու հրեշավոր անձնավորությունը տառապանք ու ցավ կպատճառեր անմեղ մարդկանց։ Դրան հակառակ՝ Աստվածաշնչում Աստծու մասին ասվում է. «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Լինելով այդպիսի սիրառատ անձնավորություն՝ «անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի» (Հոբ 34։10)։
Սակայն գուցե հարց առաջանա. «Իսկ ինչո՞ւ է Ամենակարող Աստված թույլ տալիս, որ Սատանան շարունակի բանեցնել իր դաժան իշխանությունը»։ Ինչպես տեսանք, Աստծու համար ատելի է ամեն չարագործություն, և մարդկության կրած տառապանքը խոր ցավ է պատճառում նրան։ Դեռ ավելին, նրա Խոսքում՝ Աստվածաշնչում, այսպիսի հորդոր է տրվում. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։ Աստված սիրում է մեզ և ի զորու է վերացնելու ամեն տառապանք ու անարդարություն։ Այդ մասին կխոսվի հաջորդ հոդվածում։ *
^ պարբ. 7 Ավելի շատ տեղեկություն այն մասին, թե ինչու այսքան շատ տառապանք կա, կարող եք գտնել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 26-րդ դասում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Առկա է նաև www.mt1130.com/hy կայքում։