«Ո՞ւր էր Աստված»
«ՇԱՐՈՒՆԱԿ ՄԻ ՀԱՐՑ Է ՏԱՆՋՈՒՄ ԻՆՁ. «Ո՞ՒՐ ԷՐ ԱՍՏՎԱԾ»»
Այս խոսքերն ասաց Բենեդիկտոս XVI պապը, երբ այցելել էր Օսվենցիմի նախկին համակենտրոնացման ճամբար (Լեհաստան)։
ԵՐԲ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔԵՐ ԵՆ ԼԻՆՈՒՄ, ԴՈՒՔ Է՞Լ ԵՔ ՀԱՐՑՆՈՒՄ. «Ո՞ՒՐ ԷՐ ԱՍՏՎԱԾ»։ ԿԱՄ ԵՐԲ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ Է ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԱՀՈՒՄ, ՄՏԱԾՈ՞ՒՄ ԵՔ, ԹԵ ԱՐԴՅՈՔ ԱՍՏՎԱԾ ՀՈԳ ՏԱՆՈՒՄ Է ԱՆՁԱՄԲ ՁԵՐ ՄԱՍԻՆ։
Շատերն են այդպիսի զգացումներ ունենում։ Օրինակ՝ Շեյլան, որն ապրում է Միացյալ Նահանգներում և մեծացել է շատ կրոնասեր ընտանիքում, ասում է. «Փոքրուց ձգտել եմ Աստծու մասին ավելին իմանալ, քանի որ նա մեր Արարիչն է։ Բայց ինձ երբեք մոտ չեմ զգացել նրան։ Մտածում էի, որ նա տեսնում է ինձ, հետևում է իմ կյանքին, բայց միայն հեռվից։ Ճիշտ է, չէի մտածում, թե նա ատում է ինձ, բայց չէի էլ հավատում, որ նա հոգ է տանում իմ մասին»։ Ինչո՞ւ Շեյլան այդպիսի զգացումներ ուներ։ Նա պատմում է. «Մեր ընտանիքում մեկը մյուսի հետևից ցավալի դեպքեր տեղի ունեցան, և թվում էր՝ Աստված ընդհանրապես չի օգնում մեզ»։
Շեյլայի պես գուցե դուք էլ եք վստահ, որ Ամենակարող Աստված գոյություն ունի, բայց դժվարանում եք հավատալ, որ նա իսկապես հոգ է տանում անձամբ ձեր մասին։ Աստվածավախ Հոբը հավատում էր, որ Ստեղծիչը իմաստուն է ու զորեղ, սակայն նա էլ նմանատիպ կասկածներ ուներ (Հոբ 2։3; 9։4)։ Երբ նրա կյանքում մեկը մյուսի հետևից աղետալի դեպքեր եղան, նա հայտնվեց հուսահատ վիճակում և այսպիսի խոսքեր ասաց Աստծուն. «Ինչո՞ւ ես ծածկում քո երեսը և ինձ քո թշնամին համարում» (Հոբ 13։24)։
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Աստվա՞ծ է մեղավոր տեղի ունեցող դժբախտությունների համար։ Կա՞ որևէ հիմք հավատալու, որ Աստված հոգ է տանում առհասարակ ողջ մարդկության, ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրի մասին։ Կարո՞ղ ենք անձամբ համոզվել, որ նա տեսնում, հասկանում ու կարեկցում է մեզ և օգնում է լուծել մեր խնդիրները։
Հաջորդ հոդվածներից կիմանանք, թե Աստծու ստեղծագործությունները ինչ են հայտնում նրա հոգատարության մասին (Հռոմեացիներ 1։20)։ Հետո կտեսնենք, թե այդ մասին ինչ է ասում Աստվածաշունչը։ Որքան լավ ճանաչենք Արարչին նրա ստեղծագործության և Աստվածաշնչի միջոցով, այդքան ավելի կհամոզվենք, որ նա «հոգ է տանում [մեր] մասին» (1 Հովհաննես 2։3; 1 Պետրոս 5։7)։