Գիտեի՞ք արդյոք
Հիսուսը վիրավորելու նպատակո՞վ բերեց «շնիկների» մասին օրինակը։
Մի անգամ, երբ Հիսուսը Իսրայելի սահմանից դուրս էր եկել և գտնվում էր Հռոմի պրովինցիա Ասորիքում, մի հույն կին մոտեցավ նրան և օգնություն խնդրեց։ Ի պատասխան՝ Հիսուսը մի օրինակ բերեց՝ ոչ հրեաներին համեմատելով «շնիկների» հետ։ Ըստ Մովսիսական օրենքի՝ շները անմաքուր կենդանիներ էին համարվում (Ղևտական 11։27)։ Բայց մի՞թե Հիսուսը ցանկանում էր վիրավորել այդ հույն կնոջը և մյուս ոչ հրեաներին։
Ամենևի՛ն։ Հիսուսը ուզում էր ասել, որ այդ ժամանակ ինքը առաջնահերթությունը տալիս էր հրեաներին օգնելուն, ինչը երևում է աշակերտներին ասած նրա խոսքերից։ Նա ընդգծեց այդ միտքը՝ հույն կնոջն ասելով. «Ճիշտ չէ երեխաների հացը վերցնել և շնիկների առաջ գցել» (Մատթեոս 15։21–26; Մարկոս 7։26)։ Հույների և հռոմեացիների շրջանում շունը սիրված կենդանի էր և հաճախ ապրում էր իր տիրոջ տանը և խաղում երեխաների հետ։ Ուստի «շնիկներ» բառը պետք է որ ջերմ ու հաճելի պատկեր ստեղծեր այդ կնոջ մտքում։ Վերջինս հասկացավ, թե Հիսուսն ինչ էր ուզում ասել և պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, բայց շնիկներն էլ իրենց տերերի սեղանից թափվող փշրանքներն են ուտում»։ Հիսուսը գովեց կնոջը նրա հավատի համար և բուժեց նրա աղջկան (Մատթեոս 15։27, 28)։
Ծովային ուղևորությունը հետաձգելու վերաբերյալ Պողոս առաքյալի խորհուրդը ողջամի՞տ էր։
Նավը, որը Պողոս առաքյալին տանում էր Իտալիա, դժվարությամբ առաջ էր ընթանում՝ պայքարելով հանդիպակաց քամիների դեմ։ Կանգառներից մեկի ժամանակ Պողոսը խորհուրդ տվեց հետաձգել ուղևորությունը (Գործեր 27։9–12)։ Իսկ հիմքեր կայի՞ն նման խորհուրդ տալու համար։
Հին ժամանակների ծովագնացները լավ գիտեին, որ ձմռան ամիսներին շատ վտանգավոր էր Միջերկրական ծով դուրս գալ։ Նոյեմբերի կեսերից մինչև մարտի կեսերը նրանք ընդհանրապես այդ ծովով չէին նավարկում։ Բայց ճանապարհորդությունը, որի մասին խոսեց Պողոսը, տեղի էր ունենալու սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Հռոմեացի գրող Վեգետիոսը (մ. թ. 4-րդ դար) իր աշխատություններից մեկում Միջերկրական ծովով նավարկելու մասին գրեց. «Որոշ ամիսներ շատ հարմար են ծով դուրս գալու համար, որոշները՝ կասկածելի, իսկ մնացած ամիսներին ուղղակի անհնար է նավարկել» (Epitome of Military Science)։ Վեգետիոսը գրում էր, որ նավարկելը անվտանգ էր մայիսի 27–սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, բայց կային երկու կասկածելի, կամ՝ վտանգավոր շրջաններ՝ սեպտեմբերի 15–նոյեմբերի 11-ը և մարտի 11–մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածները։ Պողոսը, որը փորձառու ճանապարհորդ էր, անկասկած տեղյակ էր այս փաստերին։ Ըստ ամենայնի, նավավարն ու նավի տերը նույնպես գիտեին այդ ամենը, բայց չհետևեցին Պողոսի խորհրդին, և նրանց ճանապարհորդությունն ավարտվեց նավաբեկությամբ (Գործեր 27։13–44)։