Հիսուսն իրականում ի՞նչ արտաքին է ունեցել
Ոչ ոք չգիտի, թե իրականում ինչպիսի արտաքին է ունեցել Հիսուսը, քանի որ իր երկրային կյանքի ընթացքում ոչ ոք նրան չի դիմանկարել կամ քանդակել։ Այդուհանդերձ, դարերի ընթացքում բազմաթիվ արվեստագետներ պատկերել են Հիսուսին։
Ինչ խոսք, այդ մարդիկ չեն իմացել, թե իրականում ինչպիսի տեսք է ունեցել Հիսուսը։ Իրենց ժամանակների մշակույթը, կրոնական հավատալիքները և պատվիրատուների ցանկությունները հաճախ մեծ դեր են ունեցել այն հարցում, թե նրանք ինչ տեսքով են պատկերել Հիսուսին։ Թերևս նրանք չեն էլ մտածել այն մասին, որ արվեստի այդ գործերը կարող էին ազդել Հիսուսի և նրա ուսմունքների վերաբերյալ մարդկանց ունեցած տեսակետի վրա և անգամ աղավաղել այն։
Որոշ արվեստագետներ Հիսուսին պատկերել են որպես թույլ ու խեղճ մի անձնավորության՝ երկար մազերով, նոսր մորուքով և մելամաղձոտ հայացքով։ Ոմանք էլ նրան պատկերել են որպես գերբնական էակի՝ լուսապսակով, իրեն շրջապատողների հանդեպ սառը ու անտարբեր։ Արդյոք այս բոլոր պատկերները համապատասխանո՞ւմ են իրականությանը։ Ինչպե՞ս կարող ենք պարզել դա։ Կերպերից մեկը աստվածաշնչյան արձանագրություններն ուսումնասիրելն է։ Դրանք կարող են որոշ չափով լույս սփռել այն հարցի վրա, թե ինչ արտաքին է ունեցել Հիսուսը, և օգնել մեզ ճիշտ տեսակետ ունենալու նրա վերաբերյալ։
«ՄԻ ՄԱՐՄԻՆ ՊԱՏՐԱՍՏԵՑԻՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ»
Հիսուսն այս խոսքերն ասել է իր աղոթքում, հավանաբար, իր մկրտության ժամանակ (Եբրայեցիներ 10։5; Մատթեոս 3։13–17)։ Իսկ ինչպիսի՞ն էր այդ մարմինը։ Դրանից մոտ 30 տարի առաջ Գաբրիել հրեշտակը հայտնվել էր Մարիամին ու ասել. «Դու կհղիանաս և մի որդի կծնես.... Աստծու Որդի» (Ղուկաս 1։31, 35)։ Փաստորեն, Հիսուսը կատարյալ մարդ էր, ինչպիսին որ Ադամն էր, երբ Աստված ստեղծեց նրան (Ղուկաս 3։38; 1 Կորնթացիներ 15։45)։ Սա նշանակում է, որ նա բարեկազմ տղամարդ էր և, հավանաբար, նման էր իր հրեա մորը՝ Մարիամին։
Ըստ ամենայնի՝ Հիսուսը մորուք ուներ, քանի որ ի տարբերություն հռոմեացիների՝ հրեաների շրջանում ընդունված էր մորուք կրել։ Այն արժանապատվության և հարգված լինելու նշան էր և երկար ու անխնամ չէր լինում։ Անկասկած, Հիսուսը խնամում էր իր մորուքը և կոկիկ կտրված ու հարդարված մազեր ուներ։ Իրենց մազերը չէին կտրում միայն նրանք, ովքեր Սամսոնի պես ուխտավոր էին (Թվեր 6։5; Դատավորներ 13։5)։
Իր կյանքի մեծ մասը Հիսուսը ատաղձագործ է եղել և աշխատել է առանց ժամանակակից հզոր գործիքների (Մարկոս 6։3)։ Ուստի նա պետք է որ բավականին ամրակազմ տղամարդ լիներ։ Իր ծառայության սկզբում Հիսուսը մեն-մենակ «տաճարից դուրս վռնդեց բոլորին իրենց եզների ու ոչխարների հետ, ցիրուցան արեց դրամափոխների մետաղադրամները և շուռ տվեց նրանց սեղանները» (Հովհաննես 2։14–17)։ Նման բան կարող էր անել միայն ֆիզիկապես ուժեղ տղամարդը։ Հիսուսն օգտագործեց Աստծու «պատրաստած» մարմինը, որպեսզի կատարի նրա տված հանձնարարությունը։ Նա ասաց. «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկաս 4։43)։ Արտասովոր ֆիզիկական ուժ էր հարկավոր Պաղեստինով մեկ ոտքով շրջելու և բարի լուրը քարոզելու համար։
«ԻՆՁ ՄՈՏ ԵԿԵՔ.... ԵՎ ԵՍ ԿԹԱՐՄԱՑՆԵՄ ՁԵԶ»
Հիսուսի դեմքի ջերմ արտահայտությունը և հաճելի վարվելակերպը, անկասկած, առավել գրավիչ էին դարձնում այս հրավերը նրանց համար, ովքեր «հոգնած ու բեռնավորված» էին (Մատթեոս 11։28–30)։ Նրա ջերմ վերաբերմունքն ու բարությունը մարդկանց վստահությամբ էին լցնում նրա տված այն խոստման հանդեպ, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սովորել իրենից, թարմություն կստանան։ Անգամ երեխաներն էին ցանկանում մոտ լինել Հիսուսին։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նա գրկեց երեխաներին» (Մարկոս 10։13–16)։
Ճիշտ է, մահից առաջ Հիսուսը չարչարանքներ կրեց, բայց նա մելամաղձոտ անձնավորություն չէր։ Օրինակ՝ Կանայում մի հարսանեկան խնջույքի ժամանակ նա նպաստեց ներկաների ուրախությանը՝ ջուրը գինի դարձնելով (Հովհաննես 2։1–11)։ Այլ հավաքույթների ժամանակ էլ նա մարդկանց բազմաթիվ օգտակար բաներ սովորեցրեց, որոնք նրանք երբեք չէին մոռանա (Մատթեոս 9։9–13; Հովհաննես 12։1–8)։
Իսկ որ ամենից կարևորն է, Հիսուսն այնպես էր քարոզում մարդկանց, որ բոլոր նրան լսողները հավիտենական կյանքի չքնաղ հույս էին ձեռք բերում (Հովհաննես 11։25, 26; 17։3)։ Երբ նրա աշակերտներից 70-ը իրենց ծառայությունից դեպքեր պատմեցին նրան, նա ուրախությունից «ցնծաց» ու ասաց. «Ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկաս 10։20, 21)։
«ԲԱՅՑ ԴՈՒՔ ՉՊԵՏՔ Է ԱՅԴՊԻՍԻՆ ԼԻՆԵՔ»
Հիսուսի օրերի կրոնական առաջնորդները ամեն կերպ ջանում էին մարդկանց ուշադրությունը իրենց վրա հրավիրել և ի ցույց դնել իրենց ունեցած իշխանությունը (Թվեր 15։38–40; Մատթեոս 23։5–7)։ Բայց Հիսուսն իր առաքյալներին պատվիրեց «չտիրել», կամ՝ իշխանություն չբանեցնել ուրիշների վրա (Ղուկաս 22։25, 26)։ Ավելին, նա հետևյալ նախազգուշացումը տվեց. «Զգո՛ւյշ եղեք դպիրներից, որ սիրում են պատմուճաններով շրջել, հրապարակներում ողջույններ ընդունել» (Մարկոս 12։38)։
Ի տարբերություն այդ կրոնական առաջնորդների՝ Հիսուսը չէր փորձում մարդկանց բազմության մեջ ինչ-որ կերպով առանձնանալ, և երբեմն նրան նույնիսկ չէին ճանաչում (Հովհաննես 7։10, 11)։ Անգամ իր 11 հավատարիմ առաքյալների մեջ նա որևէ առանձնահատուկ բանով աչքի չէր ընկնում։ Այդ պատճառով դավաճան Հուդան իր հետ եկած մարդկանց «նշան էր տվել»՝ ասելով, որ ում որ համբուրի, նա է Հիսուսը (Մարկոս 14։44, 45)։
Թերևս շատ մանրամասներ մեզ հայտնի չեն, բայց մի բան ակնհայտ է. Հիսուսը այնպիսի արտաքին չի ունեցել, ինչպիսին որ հաճախ նրան պատկերում են։ Շատ ավելի կարևոր է ոչ թե այն, թե իրականում նա ինչ արտաքին է ունեցել, այլ այն, թե ինչպիսին պետք է պատկերացնենք նրան այժմ։
«ՄԻ ՓՈՔՐ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ, ԵՎ ԱՇԽԱՐՀՆ ԱՅԼԵՎՍ ԻՆՁ ՉԻ ՏԵՍՆԻ»
Այս խոսքերն ասելուց ժամեր անց Հիսուսը սպանվեց, և նրան թաղեցին (Հովհաննես 14։19)։ Նա «իր կյանքը փրկանք տվեց շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28)։ Երրորդ օրը Աստված նրան հարություն տվեց «ոգով», այսինքն՝ որպես ոգեղեն անձնավորություն և «թույլ տվեց, որ հայտնվի» առաքյալներից ոմանց (1 Պետրոս 3։18; Գործեր 10։40)։ Ի՞նչ արտաքին ուներ Հիսուսը, երբ հայտնվեց իր առաքյալներին։ Հավանաբար, բոլորովին ուրիշ, քանի որ անգամ նրա մտերիմ ընկերները անմիջապես չճանաչեցին նրան։ Օրինակ՝ Մարիամ Մագդաղենացին նրան այգեպանի տեղ դրեց, իսկ աշակերտներից երկուսը, որ Էմմաուսի ճանապարհին տեսան նրան, կարծեցին, թե օտարական է (Ղուկաս 24։13–18; Հովհաննես 20։1, 14, 15)։
Իսկ ինչպիսի՞ն պետք է պատկերացնենք Հիսուսին այսօր։ Հիսուսի մահից ավելի քան 60 տարի հետո նրա սիրելի առաքյալը՝ Հովհաննեսը, նրա մասին տեսիլքներ տեսավ։ Հովհաննեսը չտեսավ խաչի վրա մեռնող մի մարդու, այլ տեսավ Աստծու Թագավորության Թագավորին՝ «թագավորների Թագավորին և տերերի Տիրոջը»։ Վերջինս շուտով հաղթելու է Աստծու բոլոր թշնամիներին՝ և՛ դևերին, և՛ չար մարդկանց, ու հավիտենական օրհնություններ է բերելու մարդկությանը (Հայտնություն 19։16; 21։3, 4)։