Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երբ ձեր երեխան ջերմություն ունի

Երբ ձեր երեխան ջերմություն ունի

Երբ ձեր երեխան ջերմություն ունի

«Ես հիվա՜նդ եմ»։ Երբ ձեր երեխան այսպիսի գանգատ է ներկայացնում, հավանաբար անմիջապես չափում եք նրա ջերմությունը։ Եթե այն բարձր է, ըստ երևույթին, սկսում եք տագնապել, և դա հասկանալի է։

Համաձայն մի ուսումնասիրության, որ անցկացվել է Ջոն Հոփքինսի անվան Մանկական կենտրոնի կողմից (Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ)՝ ծնողների 91 տոկոսը հավատացած է, թե «նույնիսկ ոչ այնքան բարձր ջերմությունը կարող է առնվազն մի վնաս հասցնել երեխային, ինչպես օրինակ՝ հանգեցնել ուշագնացության կամ վնասել ուղեղը»։ Նույն ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ «ծնողների 89 տոկոսը երեխային ջերմիջեցնող դեղանյութ է տվել, նախքան նրա մարմնի ջերմաստիճանը կհասներ 102 աստիճան Ֆարենհայտի (38,9 աստիճան Ցելսիուս)»։

Պե՞տք է արդյոք տագնապել, երբ երեխայի ջերմությունը բարձրանում է։ Ինչպիսի՞ մեթոդներով ճիշտ կլինի բուժել նրան։

Տենդի կարևոր դերը

Ի՞նչը կարող է տենդի առաջացման պատճառ դառնալ։ Թեպետ մարդու մարմնի միջին ջերմաստիճանը 37 աստիճան է (բերանում), օրվա ընթացքում այն սովորաբար տատանվում է մինչև մեկ աստիճան կամ մի փոքր ավելին։ a Այսպես՝ ձեր մարմնի ջերմաստիճանը առավոտյան կարող է փոքր–​ինչ ցածր լինել, իսկ երեկոյան փոքր–​ինչ բարձր։ Մարմնի ջերմաստիճանը կարգավորվում է միջանկյալ ուղեղում գտնվող ենթատեսաթումբի օգնությամբ, որը գործում է թերմոստատի պես։ Տենդի առաջացման պատճառ կարող է դառնալ այն, որ իմուն համակարգը, ամենայն հավանականությամբ հակազդելով որևէ մանրէի կամ վիրուսի ներխուժմանը, արյան մեջ առաջ է բերում պիրոգեն նյութեր։ Ի պատասխան՝ ենթատեսաթումբը «բարձրացնում է» մարմնի ջերմաստիճանը։

Թեպետ տենդը կարող է տհաճություն պատճառել և հանգեցնել ջրազրկման, սակայն բոլոր դեպքերում չէ, որ այն վնասակար է։ Մեյոյի՝ բժշկական կրթության և հետազոտությունների կենտրոնի տվյալների համաձայն՝ տենդը, ինչպես երևում է, կարևոր դեր է խաղում օրգանիզմից հիվանդության հարուցիչների հեռացման գործում։ Ըստ այդ տվյալների՝ «մրսածություն և շնչառական ուղիների այլ վարակներ առաջացնող վիրուսները ցրտասեր են։ Ուստի իր ջերմաստիճանը փոքր–​ինչ բարձրացնելով՝ ձեր մարմինն իրականում փորձում է ազատվել վիրուսից»։ Նույն աղբյուրում այնուհետև ասվում է, որ «հարկ չկա իջեցնել ոչ այնքան բարձր ջերմաստիճանը, քանի որ դա կարող է խոչընդոտ հանդիսանալ ձեր երեխայի ապաքինմանը նպաստող բնական մեխանիզմների համար»։ Հետաքրքիր է, որ Մեքսիկայի հիվանդանոցներից մեկում հիվանդներին որոշ դեպքերում անգամ բուժում են մարմնի ջերմաստիճանը բարձրացնելու միջոցով։ Այդպիսի բուժումը կոչվում է հիպերթերմիա։

Շտապ օգնության բժիշկների ամերիկյան քոլեջի դոկտոր Ալ Սաքեյթին ասում է. «Մեծամասամբ, տենդն իրենից որևէ խնդիր չի ներկայացնում։ Բայց այն կարող է լինել օրգանիզմում վարակի առկայության նշան։ Ուստի երբ երեխան ջերմում է, ուշադրությունը հարկավոր է կենտրոնացնել երեխայի ու հավանական վարակի վրա և ոչ թե ջերմաչափի»։ Իսկ ըստ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի՝ «սովորաբար հարկ չկա երեխային բուժելու միջոցներ ձեռնարկել, եթե նրա մարմնի ջերմաստիճանը 101 Ֆարենհայտից (38,3 Ցելսիուս) ցածր է, և նա իրեն վատ չի զգում կամ էլ նախկինում ջերմության հետևանքով ուշագնացություններ չի ունեցել։ Նույնիսկ բարձր ջերմաստիճանը իրենից մեծ վտանգ չի ներկայացնում, եթե ձեր երեխան խրոնիկական հիվանդություն չունի կամ նրա հետ գիտակցության կորստի դեպքեր չեն պատահել։ Շատ ավելի կարևոր է ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես է երեխան պահում իրեն։ Եթե նա լավ է ուտում, լավ է քնում, խաղում է, ուրեմն, ամենայն հավանականությամբ, բուժման կարիք չունի»։

Ինչ անել ոչ այնքան բարձր ջերմության դեպքում

Այս ամենը չի նշանակում, թե ոչինչ չեք կարող անել երեխային օգնելու համար։ Այն դեպքերում, երբ երեխայի ջերմությունն այնքան էլ բարձր չէ, որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս հետևյալը. այնպես արեք, որ երեխայի սենյակում հով լինի, նրան թեթև հագցրեք (գերտաքացումը կարող է նպաստել ջերմության բարձրացմանը), տվեք շատ հեղուկներ՝ ջուր, ջրով բացված մրգահյութեր, սուպեր, քանի որ տենդը կարող է հանգեցնել ջրազրկման b (կոֆեին պարունակող ըմպելիքները, ինչպիսիք են՝ կոլան կամ սև թեյը, միզամուղներ են և կարող են նպաստել ջրազրկմանը)։ Հարկավոր է շարունակել կրծքով կերակրել նորածիններին։ Աշխատեք երեխային դժվարությամբ մարսվող սնունդ չտալ, քանի որ տենդը նվազեցնում է ստամոքսի աշխատունակությունը։

Եթե երեխայի ջերմությունը անցնում է 38,9 աստիճանից, նրան հաճախ տալիս են առանց դեղատոմսի վաճառվող դեղանյութեր, որոնք իջեցնում են մարմնի ջերմաստիճանը, ինչպես օրինակ՝ պարացետամոլ կամ իբուպրոֆեն։ Սակայն կարևոր է հետևել դոզավորման այն չափին, որը նշված է դեղի վրա (երկու տարեկանից ցածր երեխաներին, առանց բժշկի նշանակման, ոչ մի դեղանյութ չպետք է տրվի)։ Ջերմիջեցնող դեղանյութերը հակավիրուսային միջոցներ չեն, ուստի դրանք չենք արագացնում երեխայի ապաքինումը մրսածությունից կամ նման հիվանդություններից։ Սակայն այդ դեղերը կարող են թեթևացնել նրա վիճակը։ Որոշ բժիշկներ խորհուրդ չեն տալիս ասպիրին օգտագործել 16 տարեկանից ցածր երեխաների ջերմությունն իջեցնելու համար, քանի որ այն կարող է նպաստել Ռեյեի համախտանիշի առաջացմանը, որը մահացու հիվանդություն է։ c

Երեխայի մարմինը սպունգով շփելը նույնպես կարող է նվազեցնել ջերմությունը։ Նստեցրեք երեխային քիչ քանակությամբ գոլ ջրով լցված տաշտում և սպունգի օգնությամբ այդ ջրով շփեք նրա մարմինը (մի շփեք երեխայի մարմինը սպիրտով, քանի որ դա կարող է թունավորում առաջ բերել)։

Այս հոդվածին առընթեր շրջանակից կարելի է որոշ օգտակար տեղեկություններ քաղել այն մասին, թե որ դեպքերում կարող եք դիմել բժշկի օգնությանը։ Բուժօգնությունը հատկապես կարևոր է այն վայրերում, որտեղ տարածված են մահացու վարակիչ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ դենգեի տենդը, Էբոլան, որովայնային տիֆը, դեղին տենդը։

Ձեր գլխավոր նպատակակետը, փաստորեն, այն է, որ երեխան իրեն լավ զգա։ Հիշեք. հազվադեպ է պատահում, որ մարմնի ջերմաստիճանն այնքան բարձրանա, որ վնաս հասցնի նյարդային համակարգին կամ դառնա մահվան պատճառ։ Նույնիսկ տենդով պայմանավորված ուշաթափությունները, որ թեպետ վտանգավոր են, սովորաբար լուրջ հետևանքներ չեն ունենում։

Ինչ խոսք, հիվանդության դեմ պայքարելու լավագույն ձևը այն կանխարգելելն է։ Ձեր երեխային վարակիչ հիվանդություններից պաշտպանելու ամենաճիշտ ձևերից մեկը կլինի այն, որ սովորեցնեք նրան պահպանել հիգիենայի հիմնական կանոնները։ Հարկավոր է սովորեցնել երեխաներին հաճախ լվանալ իրենց ձեռքերը, հատկապես ուտելուց առաջ կամ զուգարան գնալուց, մարդաշատ վայրում լինելուց, կենդանուն ձեռք տալուց հետո։ Սակայն նույնիսկ եթե այդքանից հետո երեխայի ջերմությունը փոքր–​ինչ բարձրանա, մի տագնապեք։ Ինչպես արդեն տեսանք, դուք շատ բան կարող եք անել նրա առողջությունը վերականգնելու ուղղությամբ։

[Ծանոթագրություններ]

a Այս ցուցանիշը տարբեր դեպքերում կարող է տարբեր լինել՝ կախված այն բանից, թե մարմնի որ մասում է չափվել ջերմաստիճանը և ինչպիսի ջերմաչափով։

b Այն մասին, թե ինչպես կարելի է պատրաստել օրգանիզմի ջրային բալանսը վերականգնող լուծույթ, երբ տենդը ստամոքսաղիքային որևէ հիվանդության հետևանք է, կարդացեք «Արթնացե՛ք»–ի 1995 թ. ապրիլի 8–ի համարում, էջ 11, ռուս., անգլ.։

c Ռեյեի համախտանիշը սուր նյարդային հիվանդություն է, որը կարող է զարգանալ երեխաների մոտ վիրուսային հիվանդությունից հետո։

[27րդ էջի վրայի շրջանակը]

Բժիշկ կանչիր, երբ ջերմող երեխան՝

◼ երեք ամսական է կամ ավելի փոքր, և նրա մարմնի ջերմաստիճանը (ուղիղ աղիքում) 38 աստիճան է կամ ավելի բարձր.

◼ եթե երեքից վեց ամսական է, և նրա ջերմությունը 38,3 աստիճան է կամ ավելի բարձր.

◼ վեց ամսականից մեծ է և ունի 40 աստիճան ջերմություն կամ ավելի բարձր.

◼ հրաժարվում է հեղուկներից, երևան են գալիս ջրազրկման նշաններ.

◼ կորցրել է գիտակցությունը կամ չափազանց թույլ է.

◼ շարունակում է ջերմել 72 ժամ անց.

◼ անդադար լաց է լինում, զառանցում է, երևան են գալիս զգայախաբության նշաններ.

◼ ունի արագ, ծանր շնչառություն կամ անընդհատ փսխում է.

◼ պարանոցը փայտանում է և հանկարծակի ուժեղ գլխացավեր է ունենում։

Աղբյուրը՝ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիա