Մի՞թե հարբելն այդքան վատ բան է
Աստվածաշնչի տեսակետը
Մի՞թե հարբելն այդքան վատ բան է
«ԱՆՄԵՂ» հարբեցողի ծիծաղաշարժ կերպարը տարիներ շարունակ եղել է բեմերի և էկրանների գլխավոր համարներից մեկը։ Թեև դա լոկ դերասանի խաղ է, սակայն այդ հումորը պարզ ցույց է տալիս, թե սովորաբար ինչպիսի հակասական կարծիքներ ունեն շատերը հարբեցողության վերաբերյալ։ Նրանք այն թուլություն են համարում, բայց անմեղ թուլություն։
Իրողությունը, սակայն, ամենևին էլ ծիծաղելի չէ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ալկոհոլի չարաշահումը դասում է ողջ աշխարհում առողջությանը սպառնացող ամենամեծ վտանգների շարքում։ Որոշ կարծիքներով՝ բացառությամբ ծխախոտամոլության՝ հարբեցողությունը ավելի շատ մահերի և հիվանդությունների պատճառ է դառնում, քան կախվածություն առաջացնող այլ նյութերի չարաշահումը։ Միայն Ամերիկայի տնտեսությանը այն տարեկան հասցնում է ավելի քան 184 միլիարդ դոլարի վնաս։
Չնայած այս փաստերին՝ շատերը շարունակում են մատների արանքով նայել հարբելուն։ Թեև այդպիսի անհատներն ընդունում են, որ ալկոհոլի չարաշահումը վնասաբեր է, երբ այդ բանն արվում է երկար ժամանակվա ընթացքում, սակայն առիթից առիթ հարբելու մեջ նրանք ոչ մի վատ բան չեն տեսնում։ Աշխարհի որոշ մասերում հարբելը պատանիների կողմից դիտվում է որպես չափահասության անցնելու նշան։ Ու չնայած առողջապահական կազմակերպությունների ահազանգերին՝ խրախճական հարբեցողությունը՝ մի անգամից հինգ կամ ավելի բաժակ դատարկելը, գնալով ավելի ու ավելի լայն տարածում է գտնում բոլոր տարիքային խմբերում։ Ուստի հասկանալի է, թե ինչու են շատերը հարցնում. «Մի՞թե հարբելն այդքան վատ բան է»։ Սակայն ի՞նչ է այս մասին ասում Աստվածաշունչը։
Գինի և թունդ խմիչքներ՝ պարգևներ Աստծո կողմից
Աստվածաշունչը հաճախ է հիշատակում գինին և թունդ խմիչքները։ Սողոմոն թագավորն, օրինակ, գրում է. «Գնա ուրախութեամբ կեր հացդ, եւ զուարթ սրտով խմիր գինիդ, որովհետեւ վաղուց հաւանել է Աստուած քո գործքին» (Ժողովող 9։7)։ Իսկ սաղմոսերգուի խոսքերով՝ Եհովա Աստված է տվել «գինի[ն], որ ուրախացնում է մարդի սիրտը» (Սաղմոս 104։14, 15)։ Ակնհայտ է, որ գինին այն պարգևներից մեկն է, որոնցով Եհովան օրհնել է մարդկությանը։
Հիսուսն, ակներևաբար, ոչ մի վատ բան չէր տեսնում գինի խմելու մեջ։ Իրականում, նրա առաջին հրաշքը հարսանեկան տոնախմբության ժամանակ ջուրն ընտիր գինու վերածելն էր (Յովհաննէս 2։3–10)։ Նաև նա գործածեց գինին որպես իր արյան հարմար խորհրդանիշ Տերունական ընթրիքը հաստատելիս (Մատթէոս 26։27–29)։ Աստվածաշնչում նույնիսկ խոսվում է գինու բուժիչ հատկությունների մասին։ Պողոս առաքյալը քաջալերեց Տիմոթեոսին ‘մի քիչ գինի գործածել իր ստամոքսի և շուտ–շուտ տկարանալու համար’ (Ա Տիմոթէոս 5։23; Ղուկաս 10։34)։
Բանալին չափավորությունն է
Ուշադրություն դարձնենք, որ Պողոսը խորհուրդ տվեց խմել միայն «մի քիչ գինի»։ Աստվածաշունչը դատապարտում է ալկոհոլի չարաշահումը։ Հրեա քահանաներն, օրինակ, ազատորեն կարող էին չափավոր քանակությամբ խմիչքներ օգտագործել, երբ չէին գտնվում ծառայության մեջ։ Սակայն քահանայական պարտականությունները կատարելու ժամանակ նրանց արգելված էր խմել որևէ ալկոհոլային ըմպելիք (Ղեւտացոց 10։8–11)։ Շատ տարիներ անց առաջին քրիստոնյաներին նախազգուշացում տրվեց այն մասին, որ հարբեցողները «Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ» (Ա Կորնթացիս 6։9, 10)։
Ավելին, Տիմոթեոսին ուղղված իր ցուցումների մեջ Պողոսը նշում է, որ ժողովում առաջնորդություն վերցնող եղբայրը չի կարող լինել «հարբեցող» և ոչ էլ «գինու մոլի» a (Ա Տիմոթէոս 3։3 ԱՆԹ, 8)։ Աստվածաշունչը պահանջում է, որ չզղջացող հարբեցողները զրկվեն ընկերակցությունից (Ա Կորնթացիս 5։11–13)։ Ինչպես որ արդարացիորեն ասում են Գրությունները, գինին ծաղրող է (Առակաց 20։1)։ Ալկոհոլի օգտագործման մեջ չափն անցնելը կարող է թուլացնել հարբեցողի ինքնատիրապետումը և խոչընդոտել առողջ դատելու նրա ունակությունը։
Ինչո՞ւ է Աստծո Խոսքը դատապարտում հարբեցողությունը
Եհովան ‘մեզ սովորեցնում է օգտակար եղողը’. նա գիտի, որ երբ որևէ բան չարաշահում ենք, ի վերջո վնաս ենք հասցնում ինքներս մեզ, ինչպես նաև ուրիշներին (Եսայիա 48։17, 18)։ Սա ճշմարիտ է նաև ալկոհոլային խմիչքներ օգտագործելու դեպքում։ Աստծո Խոսքը տալիս է հետևյալ հարցերը. «Ո՞ւմն է վա՜յը, ո՞ւմն է վո՜ւյը, ո՞ւմն են կռիւները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են ի զուր ստացուած վէրքերը, ո՞ւմն են կարմրոտած աչքերը»։ Իսկ հետո պատասխանում է. «Նորանցը, որ ուշանում են գինիի մօտ, նորանցը, որ գնում են խառնած գինին քննելու» (Առակաց 23։29, 30)։
Չափից շատ ալկոհոլ օգտագործելու պատճառով մարդիկ նրա ազդեցության տակ անմտածված ու վտանգավոր շատ քայլեր են արել. հարբած վիճակում ավտոմեքենա են վարել և վտանգի են ենթարկել ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների կյանքը, չափից շատ ուշադրություն են դարձրել ուրիշի կողակցին և լուրջ վնաս հասցրել ուրիշների հետ իրենց փոխհարաբերություններին, խոսել և գործել են հիմարաբար, նույնիսկ վերին աստիճանի անպարկեշտ կերպով (Առակաց 23։33)։ Ալկոհոլի չարաշահումը իրավամբ կոչվել է ժամանակակից հասարակության ամենավնասակար պատուհասներից մեկը։ Զարմանալի չէ, որ Աստված խորհուրդ է տալիս. «Գինեմոլների մէջ մի լինիր» (Առակաց 23։20)։
Գաղատացիս 5։19–21-ում Պողոս առաքյալը հարբեցողությունն ու անառակությունը թվարկում է ‘մարմնի գործերի’ շարքում, որոնք հակադրում է Աստծո ոգու պտղին։ Ալկոհոլի չարաշահումը կվնասի մարդու փոխհարաբերությունները Աստծո հետ։ Պարզ է, ուրեմն, որ քրիստոնյան բոլոր դեպքերում պետք է խուսափի չափից շատ ալկոհոլ գործածելուց։
[Ծանոթագրություններ]
a Վերակացուները և ծառայող օգնականները պետք է օրինակ ծառայեն հոտին իրենց վարքով և առողջ դատողությամբ՝ Եհովայի վեհ չափանիշները իրենց հնարավորության սահմաններում լավագույնս դրսևորելով։ Սակայն տրամաբանական է, որ այս պահանջը կիրառելի է նաև մյուս քրիստոնյաների դեպքում։