Պաշտպանիր ընտանիքդ գրիպից
Պաշտպանիր ընտանիքդ գրիպից
Մարգարեանալով ներկա համակարգի վախճանի մասին՝ Հիսուսն ասաց, որ «տեղ-տեղ համաճարակներ.... կլինեն» (Ղուկ. 21։11)։ Այդ համաճարակներից մեկը գրիպն է։
ԳՐԻՊԸ վիրուսային ծագման հիվանդություն է։ Վիրուսը միկրոօրգանիզմ է, որը ներթափանցում է կենդանի բջիջներ և հանգստացողի դերից անցնում բազմացողի։ Գրիպի վիրուսը ախտահարում է շնչառական ուղիների լորձաթաղանթը, հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Բջիջները պոկվում են և ընկնում օդի մեջ, երբ մարդը փռշտում, հազում և նույնիսկ խոսում է։ Երբ հիվանդությունը վարակում է շատ մարդկանց, ընդգրկելով մեծ տարածքներ, համաճարակ է սկսվում։
Վիրուսներով վարակվում են ոչ միայն մարդիկ, այլև կենդանիներն ու թռչունները։ Գրիպի հարուցիչներն են A, B և C տիպի վիրուսները։ Ամենատարածվածը A տիպի վիրուսն է։ Վիրուսների տեսակները դասակարգվում են հիմնականում ըստ վիրուսի մակերևութային երկու սպիտակուցների՝ հեմագլյուտինինի (H) և նեյրամինիդազի (N)։
Գրիպի վիրուսների հետ կապված՝ ամենաշատը անհանգստացնում է այն, որ դրանք կարող են շատ արագ վերարտադրվել և անընդհատ փոփոխվել՝ առաջացնելով նոր տեսակներ՝ նոր ախտանիշներով։ Մարդը վարակվում է նոր վիրուսով, քանի որ իր իմունային համակարգը հաճախ չի կարողանում պայքարել այդ տեսակի դեմ։
Սովորաբար գրիպը ավելի շատ տարածվում է ցուրտ ամիսներին։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ցածր ջերմաստիճանի դեպքում վիրուսի արտաքին թաղանթը վերածվում է պաշտպանիչ գելի։ Այդ պատճառով վիրուսը օդի մեջ երկար է մնում, սակայն շնչառական ուղիներում, որտեղ ջերմաստիճանը ավելի բարձր է, «հալչում է»՝ առաջացնելով վարակ։ Վիրուսային վարակները առաջ չեն գալիս սառը օդի պատճառով, սակայն սառը օդը կարող է նպաստել, որ վարակը տարածվի։
Կանխարգելիչ միջոցներ
Շատ պետություններ, գիտակցելով պատրաստված լինելու կարևորությունը, նախօրոք միջոցներ են ձեռնարկում։ Իսկ ի՞նչ կարող ես դու անել։ Եկեք քննենք երեք հիմնական քայլեր, որոնք կարող են պաշտպանել մեզ։
Բարձրացրու օրգանիզմիդ դիմադրողականությունը։ Համոզվիր, որ ընտանիքիդ անդամները բավականաչափ քնում են և ուտում են այնպիսի սնունդ, որը կնպաստի օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։ Քո սննդակարգում պետք է լինի բավարար քանակությամբ թարմ միրգ և բանջարեղեն, թեփախառն ալյուրով պատրաստված սնունդ և ցածր յուղայնությամբ կերակուր, որը օրգանիզմին կմատակարարի ամինաթթուներով, որոնք անհրաժեշտ են մեր իմունային համակարգի համար։
Միջավայրը զերծ պահիր մանրէներից։ Հնարավորինս ամեն օր լավ մաքրիր խոհանոցի սեղանը և այն մասը, որտեղ կերակուր ես պատրաստում։ Ամեն օգտագործելուց հետո լվա սպասքը, կանոնավորաբար փոխիր սպիտակեղենը։ Ախտահանիր այն իրերը, որոնց մարդիկ հաճախ են դիպչում՝ բռնակները, հեռախոսները, հեռակառավարման վահանակները։ Եթե հնարավոր է, օդափոխիր սենյակը կամ տունը։
Հետևիր անձնական հիգիենային։ Մանրակրկիտորեն լվա ձեռքերդ օճառով և ջրով կամ օգտագործիր ձեռքերը լվանալու համար նախատեսված սպիրտային լուծույթ (կարող ես քեզ մոտ պահել ձեռքերը ախտահանելու որևէ միջոց)։ Ընտանիքի
յուրաքանչյուր անդամ պետք է ունենա իր անձնական սրբիչը՝ ձեռքերն ու դեմքը սրբելու համար։Կեղտոտ ձեռքերով մի՛ դիպչիր աչքերիդ, քթիդ և բերանիդ։ Եթե հնարավոր է, գործածիր անձեռոցիկներ՝ բերանդ ու քիթդ ծածկելու համար, երբ հազում կամ փռշտում ես, և անմիջապես դեն նետիր։ Աշխատիր ձեռքից ձեռք չփոխանցել այն իրերը, որոնց միջոցով մանրէները կարող են տարածվել, օրինակ՝ հեռախոսը։ Հարկավոր է երեխաներին մանրամասնորեն բացատրել այս ամենը։ Նշված սովորությունները միշտ են օգտակար, հատկապես գրիպի սեզոնին։
Մտածիր ուրիշների մասին
Սովորաբար ուրիշներին կարող ես վարակել մեկ օր առաջ նախքան նշանների ի հայտ գալը և հիվանդության առաջին հինգ օրերի ընթացքում։ Նախանշանները նման են հարբուխի նշաններին, բայց ավելի ուժեղ են։ Կարող ես ունենալ ջերմություն (սովորաբար բարձր), գլխացավ, գերհոգնածություն, չոր հազ և մկանային ցավ։ Երեխաների պարագայում ավելի հաճախ է քթից հոսում և ստամոքսի խանգարումներ լինում, ինչպես օրինակ՝ սրտխառնոց, փսխում և լուծ։ Եթե ունես այդ նախանշանները, ապա մնա տանը, որ ուրիշներին չվարակես։
Հանգիստ առ և շատ հեղուկ խմիր։ Հակավիրուսային դեղերը կարող են օգնել, սակայն դրանք հարկավոր է ընդունել նախանշանները տեսնելուն պես։ Գրիպով հիվանդ երեխաներին չի կարելի տալ ասպիրին (ացետիլսալիցիլային թթու)։ Շտապ բժշկի դիմիր, եթե թոքաբորբի նախանշաններ ես նկատում, օրինակ՝ ծանր շնչառություն, ցավեր կրծքավանդակի շրջանում կամ ուժեղ, շարունակական գլխացավ։
Գրիպը կարող է անհանգստություն պատճառել։ Սակայն եթե պատրաստված ես, ապա հեշտությամբ կպայքարես դրա դեմ։ Եվ ինչ խոսք, կարող ես վստահ լինել, որ շուտով կկատարվի աստվածաշնչյան հետևյալ խոստումը. «Այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24)։
[շրջանակ 27-րդ էջի վրա]
ԳՐԻՊԻ ԲԱՐԴ ՏԵՍԱԿԸ
H1N1 վիրուսի նոր տեսակը, որը առաջին անգամ հայտնաբերվեց 2009թ.-ին Մեքսիկայում, նման է 1918թ.-ին տարածված և տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած «իսպանկա» գրիպին։ Սակայն այդ նոր վիրուսը նաև այնպիսի տարրեր է պարունակում, որը վարակում է խոզերին ու թռչուններին։
[շրջանակ/նկարներ 28-րդ և 29–րդ էջերի վրա]
6 ՄԻՋՈՑ՝ ՔԵԶ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1. Հազալիս փակիր բերանդ
2. Լվա ձեռքերդ
4. Մաքուր պահիր տունդ
3. Օդափոխիր տունդ
5. Եթե հիվանդ ես, աշխատիր տանը մնալ
6. Խուսափիր ձեռքով բարևելուց, համբուրվելուց և այլն
[շրջանակ/նկար 29-րդ էջի վրա]
ԵՐԲ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ
Առաջին հերթին հետևիր առողջապահության ոլորտի աշխատողների հրահանգներին։ Խուճապի մի՛ մատնվիր և սուր մի՛ արձագանքիր։ Ավելի մանրակրկիտորեն հետևիր վերոհիշյալ խորհուրդներին։ Եթե հնարավոր է, խուսափիր մարդաշատ վայրերից։ Հիվանդ ժամանակ լավ կլինի, որ բժշկական դիմակ կրես։ Հաճախակի լվա ձեռքերդ։ Եթե չես կարող խանութ գնալ, տանը ունեցիր երկու շաբաթվա համար երկարաժամկետ ուտելիք, ինչպես նաև դեղամիջոցներ և հիգիենայի պարագաներ։
Հետևիր այս հրահանգներին, երբ գտնվում ես աշխատավայրում, երկրպագության կամ այլ վայրերում, որտեղ շատ մարդիկ կան։ Նաև աշխատիր օդափոխել այն սենյակը, որտեղ գտնվում ես։
[նկար 27-րդ էջի վրա]
H1N1 գրիպի վիրուսը՝ մեծացված
[թույլտվությամբ]
CDC/Cynthia Goldsmith