Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Աստվածաշնչի տեսակետը

Այսօր Աստված պատժո՞ւմ է մարդկանց բնական աղետների միջոցով

Այսօր Աստված պատժո՞ւմ է մարդկանց բնական աղետների միջոցով

ՈՐՈՇ մարդիկ հավատում են, որ Աստված բնական աղետների միջոցով պատժում է մարդկանց։ Մյուսները համամիտ չեն այդ կարծիքին։ Ուրիշներն էլ չգիտեն՝ ինչին հավատալ։ Կրոնական գիտությունների մի պրոֆեսոր նշում է. «Կրոններից շատերն ընդունում են, որ ոչ ոք լիակատար վստահությամբ չի կարող խոսել բնական աղետների վերաբերյալ աստվածային կամքի մասին»։

Աստվածաշունչը, սակայն, բավարար պատասխաններ է տալիս։ Այդ գիրքը լույս է սփռում այն հարցի վրա, թե արդյոք Աստված այսօր բնական աղետների միջոցով պատժում է մարդկանց։ Նաև պարզաբանում է, թե ինչու են շատ-շատերը տառապում։

Աստվածաշնչյան օրինակներ

Աստվածաշունչը երկու հիմնավոր ճշմարտություն է բացահայտում Աստծու մասին, որի անունը Եհովա է։ Առաջին՝ նա Արարիչն է և որպես այդպիսին՝ զորություն և իշխանություն ունի վերահսկելու բնության ուժերը (Հայտնություն 4։11)։ Երկրորդ՝ նրա գործողությունները միշտ ներդաշնակ են իր էությանն ու սկզբունքներին։ Մաղաքիա 3։6-ում նա ասում է. «Ես Եհովան եմ, ես չեմ փոխվում»։ Այս ամենը հիշելով՝ նկատի առ անցյալում տեղի ունեցած երկու իրադարձություն՝ ջրհեղեղ ու երաշտ։ Դու կտեսնես, որ աստվածաշնչյան պատմությունը ցույց է տալիս, որ երբ Աստված օգտագործում էր բնության ուժերը՝ իր դատաստաններն իրագործելու համար, նա միշտ տալիս էր 1) նախազգուշացում, 2) պատճառ, 3) պաշտպանություն իր հնազանդ երկրպագուներին։

Նոյի օրերի Ջրհեղեղը

Նախազգուշացում։

Ջրհեղեղից տասնամյակներ առաջ Եհովան Նոյին ասաց. «Ես երկրի վրա ջրհեղեղ եմ բերելու, որ կործանեմ.... ամեն մարմին» (Ծննդոց 6։17)։ Նոյը, որը «արդարության քարոզիչ» էր, նախազգուշացրեց մարդկանց այդ մասին, բայց նրանք «ուշադրություն չդարձրին» (2 Պետրոս 2։5; Մատթեոս 24։39

Պատճառ։

Եհովան ասաց. «Ամեն մարմնի վերջը եկել է, որովհետև նրանց պատճառով երկիրը բռնությամբ է լցվել» (Ծննդոց 6։13

Պաշտպանություն իր հնազանդ երկրպագուներին։

Եհովան Նոյին մանրամասն հրահանգներ տվեց տապանը շինելու վերաբերյալ, որ վերապրեն Ջրհեղեղից։ «Նոյն ու իր հետ տապանում լինողները վերապրեցին» (Ծննդոց 7։23

Երաշտ Իսրայելում

Նախազգուշացում։

Նախքան Իսրայելի վրա դաժան երաշտ բերելը Եհովա Աստծու մարգարե Եղիան հայտարարեց. «Եթե այս տարիներին ցող իջնի կամ անձրև գա, ապա դա կլինի միայն [Աստծու] խոսքով» (1 Թագավորներ 17։1

Պատճառ։

Քանի որ Իսրայելը սկսել էր երկրպագել Բահաղ կեղծ աստծուն, Եհովան քայլեր ձեռնարկեց նրա դեմ։ Եղիան բացատրեց. «Թողել եք Եհովայի պատվիրաններն ու Բահաղների հետևից եք գնացել» (1 Թագավորներ 18։18

Պաշտպանություն իր հնազանդ երկրպագուներին։

Երաշտի ընթացքում Եհովան իր հնազանդ ծառաներին ապահովում էր սննդով (1 Թագավորներ 17։6, 14; 18։4; 19։18

Ինչ են բացահայտում այդ օրինակները

Այսօր ապացույց չկա, որ բնական աղետները մարդկանց պատժելու միջոց են։ Լինելով արդարության Աստված՝ Եհովան երբեք «արդարին ամբարշտի հետ [չի] կործանել» (Ծննդոց 18։23, 25)։ Նա քայլեր է ձեռնարկել իրեն հնազանդվողներին փրկելու համար։ Իսկ այսօր բնական աղետների զոհ են դառնում տղամարդիկ, կանայք ու երեխաները։

Աստված պատասխանատու չէ անմեղ մարդկանց կրած տառապանքների համար

 Հստակ է, որ ներկայումս տեղի ունեցող բնական աղետները չեն համապատասխանում Աստվածաշնչում նկարագրված Աստծու միջամտության դեպքերին։ Ավելին, հանկարծակի տեղի ունեցող այդ դեպքերը բնորոշ չեն նրա էությանը։ Հակոբոս 1։13-ում ասվում է, որ Աստված մարդկանց չի փորձում չար բաներով, իսկ 1 Հովհաննես 4։8 համարը համառոտ ասում է, թե ինչպիսին է Եհովան՝ նշելով. «Աստված սեր է»։ Նա երբեք չի կարող պատասխանատվություն կրել անմեղ մարդկանց տառապանքների համար, որոնց պատճառը անսպասելի փոթորիկները, երկրաշարժերն ու նման ողբերգություններն են։ Իսկ երբևէ աղետները վերջ կգտնե՞ն։

Տառապանքին վերջ է դրվելու

Եհովա Աստված երբեք նպատակ չի ունեցել բնական աղետների միջոցով ցավ պատճառել մարդկանց։ Նրա կամքն է, որ մարդիկ երկրի վրա հավիտյան ապրեն խաղաղ պայմաններում։ Ինչպես որ Նոյի օրերում, այնպես էլ հիմա նա կմիջամտի ու կվերացնի չարիքը։ Ինչպեսև նախկինում, Եհովա Աստված նախօրոք զգուշացնում է մարդկանց այդ մասին և դա անում է ողջ աշխարհում, որպեսզի նրանք կարողանան փրկվել (Սաղմոս 37։9, 11, 29; Մատթեոս 24։14