Դիտում ենք աշխարհը
Շվեյցարիա
Մի ուսումնասիրություն ցույց է տալիս, որ 14 տոկոսով ավելի մեծ է հավանականությունը, որ 60-ից բարձր տարիքի մարդիկ մահանան իրենց ծննդյան օրը, քան այլ օրերին։ Մահվան պատճառ եղող ինֆարկտի դեպքերը ծննդյան օրերին 18 տոկոսով ավելի շատ են լինում։ Բացի այդ, կանանց շրջանում այդ օրերին 21 տոկոսով ավելի շատ են լինում կաթվածի դեպքերը, իսկ տղամարդկանց շրջանում 35 տոկոսով ավելի շատ են լինում ինքնասպանության դեպքերը։ Գիտնականները ենթադրում են, որ ինքնասպանության և դժբախտ պատահարների թվի աճին նպաստում են սթրեսը և ալկոհոլը։ Սակայն որոշ մասնագետներ համաձայն չեն վերոհիշյալ արդյունքների հետ և կարծում են, որ արձանագրությունները կազմելու ժամանակ թերևս մարդկանց կողմից թույլ տրված սխալների պատճառով է, որ մահվան և ծննդյան օրերի համընկնելու դեպքերը այդքան շատ են։
Իսրայել
Ռեզյումեին լուսանկար կցելու դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ աշխատանքի ընդունման հարցազրույցի կհրավիրվեն գեղեցկադեմ տղամարդիկ, քան բարետես կանայք։ Ինչո՞ւ։ Ըստ իսրայելացի ուսումնասիրողների՝ պատճառը թերևս այն է, որ կադրերի բաժիններում, որոնք զբաղվում են նոր աշխատողներ ընդունելու հարցով, հիմնականում աշխատում են կանայք։ Ինչպես նշում է «Էկոնոմիստ» հանդեսը, միակ և «տհաճ» բացատրությունն այն է, որ «հնուց եկած նախանձն է դրդում կանանց խտրականություն դրսևորել բարետես թեկնածուների հանդեպ»։
Միացյալ նահանգներ
Երեք պացիֆիստներ՝ մի 82-ամյա միանձնուհի և նրա երկու ընկերները՝ 63 և 57 տարեկան տղամարդիկ, վերջերս կարողացան մտնել Օուկ Ռիջում (Թենեսի նահանգ) հսկողության տակ գտնվող մի տարածք, որտեղ պահվում է 100 տոննա միջուկային նյութ։ Նրանք շենքերից մեկի պատին հակապատերազմական լոզունգներ գրեցին։ Էներգետիկայի նախարար Սթիվեն Չուն նշեց, որ «լուրջ մտահոգության» տեղիք է տալիս այն, որ հարկ եղած ձևով պաշտպանություն չի ապահովվել «մի տարածքում, որը պետք է ունենար աշխարհում ամենալավ պաշտպանությունը»։
Ավստրալիա
Ավստրալիայի Բարձրագույն դատարանը պահանջում է, որ ծխախոտ արտադրող ընկերությունները ծխախոտի տուփերի վրայից հանեն տարբերակիչ գույներն ու տարբերանշանները։ Այժմ ծխախոտը պետք է վաճառվի անհրապույր մուգ դարչնագույն տուփերով, որոնց վրա պատկերված կլինեն ծխելու բերած վնասները ցույց տվող նկարներ։