Դիտում ենք աշխարհը
Միացյալ Նահանգներ
Մի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ ծանրաբեռնված փողոց անցնելիս հետիոտների մոտ մեկ երրորդը անուշադիր է լինում, քանի որ զբաղված է լինում ինչ-որ բանով. նրանք երաժշտություն են լսում, խոսում են հեռախոսով և այլն։ Ամենաշատ շեղող բանը տեքստային հաղորդագրություններն են։ Նրանք, ովքեր տարված են հաղորդագրություններով, 18 տոկոսով ավելի շատ ժամանակ են ծախսում փողոցն անցնելու համար, քան նրանք, ում ուշադրությունը շեղված չէ, և 3,9 անգամ ավելի մեծ է հավանականությունը, որ նրանք չեն հետևի լուսացույցի ազդանշաններին, սխալ տեղով կանցնեն փողոցը կամ կանցնեն, առանց երկու կողմը նայելու։
Նիգերիա
Մարդկանց առևտրով զբաղվողները Նիգերիայից Եվրոպա տարվող կանանց ստիպում են գաղտնիության ծիսական երդում տալ կախարդության մատուռներում։ Կանանց վրա իշխելու և սեռական ստրկության մեջ պահելու համար այդ մարդիկ օգտագործում են ոգեղեն աշխարհի կողմից պատժվելու վախը, որ խորապես արմատավորված է նրանց մեջ։
Իսպանիա
Երկար ժամանակ գործազուրկ մնացած մարդկանց 5–10 տոկոսը ռեզյումեում չի նշում համալսարանական կրթության և մասնագիտական փորձի մասին, քանի որ այդ պատճառով դիմումատուն կարող է համարվել չափազանց որակավորված։
Աշխարհ
Զարգացող երկրներում մահացության գլխավոր պատճառներից մեկը համարվում է հասարակ վառարանների ծուխը։ Այդպիսի երկրներում տարեկան չորս միլիոն մարդ մահանում է ծխի պատճառով առաջացած շնչառական հիվանդություններից։ Հետազոտողներն ասում են, որ փայտի կամ քարածխի վառարանների արտանետած վնասակար քիմիական նյութերը նույնքան մահաբեր են, որքան ծխախոտի ծխի մեջ եղած թունավոր նյութերը։