Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Հարավարևելյան Ասիա

Համաձայն Բնության համաշխարհային հիմնադրամի՝ Մեկոնգ գետի ավազանում, որն ընդգրկում է Կամբոջան, Լաոսը, Մյանման, Թաիլանդը, Վիետնամը և Չինաստանի Յուննան նահանգը, 1997–2011թթ.-ին հայտնաբերվել են բույսերի ու կենդանիների բազմաթիվ տեսակներ, այդ թվում նաև կարմրաչյա փոսիկագլուխ իժը (Trimeresurus rubeus)։ Միայն 2011թ.-ին հայտնաբերված նոր տեսակների մեջ կային 82 բույս, 21 սողուն, 13 ձուկ, 5 երկկենցաղ և 5 կաթնասուն։

Եվրոպա

Թրաֆիքինգը լուրջ խնդիր է դարձել «ողջ Եվրոպական Միությունում», ինչպես նշում է «Մոսքոու թայմս» օրաթերթը։ Մարդկանց վաճառում են սեռական շահագործման, հարկադիր աշխատանքի և նույնիսկ «մարդկային օրգանների ապօրինի վաճառքի» նպատակով։ Թրաֆիքինգով զբաղվողները օգտվում են տարբեր հանգամանքներից, օրինակ՝ աղքատությունից, գործազրկությունից, գենդերային անհավասարությունից։

Նոր Զելանդիա

Երեխաների ու դեռահասների շրջանում կատարած ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները պարզել են, որ «չափահասության վաղ շրջանում հակահասարակական վարքի հաճախակի դրսևորումները կապ ունեն չափից շատ հեռուստացույց դիտելու հետ»։ Այս ուսումնասիրությունները, ինչպես ասում են մասնագետները, թիկունք են կանգնում այն տեսակետին, որ երեխաները պետք է «դիտեն որակյալ հաղորդումներ, այն էլ օրական 1 կամ 2 ժամից ոչ ավելի»։

Ալյասկա

Ալյասկայի գրեթե բոլոր գյուղերը գտնվում են ափամերձ շրջաններում կամ գետերի մոտ, և դրանց 86 տոկոսը վնասվում է ջրհեղեղների և հողի էրոզիայի հետևանքով։ Տեղեկությունների համաձայն՝ ջերմաստիճանի բարձրացման պատճառով ափամերձ շրջանների սառույցը ուշ է գոյանում, ինչի հետևանքով գյուղերը ավելի խոցելի են դառնում աշնանային փոթորիկների ժամանակ։

Աշխարհ

Չնայած որ հսկայական ներդրումներ են արվում էկոլոգիապես մաքուր էներգիայի, օրինակ՝ քամու կամ արևի էներգիայի տեխնոլոգիաների զարգացման մեջ, սակայն «այսօր էներգիայի արտադրման արդյունքում շրջակա միջավայրը աղտոտվում է գրեթե նույն չափով, որ չափով 20 տարի առաջ», ինչպես ասում է Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Մարիա վան դեր Հուվենը։