Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Աստծուց տրված երազներ

Աստծուց տրված երազներ

Արդյոք Աստված մարդկանց հետ հաղորդակցվե՞լ է երազների միջոցով

«[Աստծու մարգարե] Դանիելն իր անկողնում երազ ու տեսիլքներ տեսավ։ Այդ ժամանակ նա գրի առավ երազը և պատմեց այն ամենը, ինչ տեսել ու լսել էր» (Դանիել 7։1

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստված մարդկանց կարևոր տեղեկություններ է հայտնել տարբեր կերպերով։ Հնում նա երբեմն դա արել է երազների միջոցով։ Բայց դրանք անորոշ ու անհասկանալի երազներ չէին։ Աստծուց տրված երազները հստակ էին, տրամաբանական և կոնկրետ տեղեկություն էին հաղորդում։ Օրինակ՝ Դանիել մարգարեն երազում տեսավ մի քանի գազանների, որոնք խորհրդանշում էին աշխարհակալ ուժեր՝ սկսած Բաբելոնից մինչև մեր օրերում իշխող քաղաքական ուժերը (Դանիել 7։1–3, 17)։ Երազի միջոցով Աստված Նազարեթում ապրող Հովսեփին՝ Հիսուսի հորը, պատվիրեց, որ նա իր կնոջ ու երեխայի հետ փախչի Եգիպտոս։ Այդպես Հիսուսը փրկվեց դաժան թագավոր Հերովդեսի ձեռքից։ Երբ Հերովդեսը մահացավ, Աստված երազի միջոցով Հովսեփին հայտնեց այդ մասին և ասաց, որ նա ընտանիքի հետ վերադառնա հայրենիք (Մատթեոս 2։13–15, 19–23

 Այսօր Աստված մեզ հետ հաղորդակցվո՞ւմ է երազների միջոցով

«Գրվածից այն կողմ մի՛ անցեք» (1 Կորնթացիներ 4։6

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշնչում գրված երազները Աստծու կողմից մարդկանց փոխանցված գրավոր տեղեկությունների մաս են կազմում։ Դրանց մասին 2 Տիմոթեոս 3։16, 17-ում ասվում է. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար»։

Աստվածաշունչը «ամբողջովին պատրաստում է» մեզ այն իմաստով, որ հայտնում է ամեն բան, ինչ պետք է իմանանք Աստծու, նրա հատկությունների, բարոյական չափանիշների, ինչպես նաև երկրի ու մարդկանց առնչությամբ նրա նպատակների մասին։ Հենց դա է պատճառը, որ Աստված այլևս երազների միջոցով տեղեկություններ չի հաղորդում։ Եթե ցանկանում ենք իմանալ ապագայի և Աստծու նպատակների մասին, հարկ չկա «գրվածից [այսինքն՝ Աստվածաշնչում գրվածից] այն կողմ» անցնելու։ Աստվածաշունչը մատչելի է գրեթե բոլորին, ուստի մարդիկ կարող են ուսումնասիրել Աստծու հայտնած բազմաթիվ տեղեկությունները, այդ թվում երազները։

Ինչո՞ւ կարող ենք վստահել Աստվածաշնչում գրի առնված երազներին ու տեսիլքներին

«Մարդիկ Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (2 Պետրոս 1։21

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշնչում արձանագրված երազներից և տեսիլքներից շատերը մարգարեական նշանակություն են ունեցել, այսինքն՝ կանխագուշակել են ապագա իրադարձությունները։ Մարգարեությունները հնարավորություն են տալիս ստուգելու, թե վստահելի են արդյոք Աստվածաշունչը գրողները և հենց Աստվածաշունչը։ Իսկ փաստվե՞լ է այդ մարգարեությունների ճշմարտացիությունը։ Քննենք, օրինակ, Դանիել 8։1–7-ում նկարագրվող տեսիլքը, որը գրի է առնվել նախքան Բաբելոնյան կայսրության կործանումը։

Այդ մարգարեության մեջ խորհրդանշական լեզվով նկարագրվում է, թե ինչպես է մի արու այծ ոտնակոխ անում մի խոյի։ Կարիք չկար, որ Դանիելը ենթադրություններ աներ այդ տեսիլքի նշանակության վերաբերյալ, քանի որ Աստծու հրեշտակն ասաց. «Երկու եղջյուր ունեցող խոյը.... խորհրդանշում է Մարաստանի ու Պարսկաստանի թագավորներին։ Մազոտ այծը խորհրդանշում է Հունաստանի թագավորին» (Դանիել 8։20, 21)։ Պատմությունը ցույց է տալիս, որ Բաբելոնին հաջորդող աշխարհակալ ուժը Մարա-Պարսկաստանն է եղել։ Հետագայում՝ մոտ երկու հարյուր տարի անց, Հունաստանի թագավոր Ալեքսանդր Մեծը գրավել է Մարա-Պարսկաստանը։ Իրոք որ, աստվածաշնչյան մարգարեությունները, այդ թվում մարգարեական երազները աչքի են ընկնում ապշեցուցիչ ճշգրտությամբ։ Միայն այս փաստն արդեն հիմք է տալիս ընդունելու, որ Աստվածաշունչը տարբերվում է մյուս բոլոր սուրբ գրքերից և արժանի է մեր վստահությանը։