Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ինչպե՞ս խաղաղություն պահպանել

Ինչպե՞ս խաղաղություն պահպանել

Ֆրենկը և Ջերին լավ հարևաններ էին։ Բայց նրանց միջև լարվածություն առաջացավ, երբ մի երեկո Ջերին հավաքույթ կազմակերպեց իր տանը *։ Ֆրենկը դժգոհեց, որ ուշ ժամի աղմուկ են բարձրացրել, իսկ Ջերին վիրավորվեց նրա խոսելու ձևից։ Նրանք վիճեցին և հետո սկսեցին խուսափել իրարից։

ՖՐԵՆԿԸ և Ջերին կանգնեցին մի խնդրի առաջ, որին բախվում են գրեթե բոլորը։ Երբ երկու անհատների միջև տարաձայնություն է առաջանում, նրանք հաճախ զայրանում են միմյանց վրա և նույնիսկ մեղադրում իրար։ Եվ եթե չլուծեն խնդիրը, նրանց ընկերությունը գուցե վերջ գտնի։

Հավանաբար, դուք էլ եք նման իրավիճակում հայտնվել, և դա, անշուշտ, հաճելի չի եղել։ Գրեթե բոլոր մարդիկ ցանկանում են խաղաղություն պահպանել ընկերների և հարևանների հետ։ Իսկ ինչպե՞ս կարելի է դա անել, եթե ժամանակ առ ժամանակ տարաձայնություններ են առաջանում։ Հնարավո՞ր է մի կողմ դնել բացասական տրամադրվածությունը և վիրավորված զգացումները։ Կարե՞լի է տարաձայնությունները խաղաղ ձևով հարթել։

Քննենք Ֆրենկի և Ջերիի հետ տեղի ունեցածը։ Նրանց ընկերական կապը սկսեց թուլանալ, երբ նրանք մի քանի սխալ քայլ արեցին. 1) Ջերին անխոհեմ վարվեց, 2) Ֆրենկը իր վրդովմունքն այնպես արտահայտեց, որ վիրավորեց Ջերիին, 3) երկուսն էլ համբերությունից դուրս եկան, 4) երկուսն էլ չզիջեցին։

Ժամանակի ընթացքում, սակայն, Ֆրենկն ու Ջերին փոխեցին իրենց մտավիճակը։ Նրանք հարթեցին իրենց տարաձայնությունը ու հաշտվեցին։ Ինչպե՞ս դա նրանց հաջողվեց։ Նրանք կիրառեցին որոշ սկզբունքներ, որոնց օգնությամբ շատերը խնդիրների բախվելիս ոչ միայն պահպանել են իրենց ընկերությունը, այլև ավելի են ամրացրել այն։

Այդ սկզբունքները գրված են աշխարհի ամենատարածված գրքում՝ Աստվածաշնչում։ Այդ գիրքը հորդորում է մեզ զարգացնել, օրինակ, խորաթափանցություն, ըմբռնողականություն, բարություն, սեր և համբերատարություն. հատկություններ, որոնք օգնում են խաղաղություն պահպանելու և զգացական ցավը փարատելու (Առակներ 14։29; 1 Կորնթացիներ 13։4, 5

Ֆրենկի և Ջերիի օրինակը ցույց է տալիս, որ Աստվածաշունչը զորություն ունի դրական  փոփոխություններ անելու մարդկանց կյանքում։ Աստվածաշունչը օգնել է նաև այնպիսի մարդկանց, ովքեր ունեցել են արմատացած բացասական գծեր։ Օրինակ՝ Ռոբերտը, որն ապրում է Ավստրալիայում, կարողացել է փոխել իր զայրացկոտ բնավորությունը։ Իսկ Նելսոնը Թիմոր Լեստեից դարձել է իր նախկին թշնամու մտերիմ ընկերը՝ վերջ դնելով երկար տարիների թշնամանքին։ Ինչպե՞ս է Աստվածաշունչն օգնել Ռոբերտին և Նելսոնին։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրանց հետ։

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ 1

— ՌՈԲԵՐՏ, կարո՞ղ եք պատմել ձեր մասին։

— Ես դառը մանկություն եմ ունեցել։ Հայրս դաժան անձնավորություն էր և հաճախ ծեծում էր ինձ։ Երբեմն նա այնքան էր ծեծում ինձ, որ արյունլվա էի լինում և կորցնում էի գիտակցությունս։ Մեծանալով՝ ես դարձա զայրացկոտ ու դաժան անձնավորություն։ Պատանեկան հասակում երկու տարի անցկացրի ուղղիչ դպրոցում։ Հետո լուրջ հանցագործության պատճառով հայտնվեցի խիստ ռեժիմի բանտում։ Երբ ազատ արձակվեցի, տեղափոխվեցի Ավստրալիա՝ ցանկանալով նոր կյանք սկսել։

Ռոբերտը եղել է զայրացկոտ, դաժան անձնավորություն և անգամ բանտ է ընկել

— Այդ տեղափոխությունը օգնե՞ց ձեզ փոխվելու՝ որպես անձնավորություն։

— Ինձ օգնեց փոխվելու ոչ թե տեղափոխությունը, այլ Եհովայի վկաների հետ Աստվածաշունչն ուսումնասիրելը։ Բայցևայնպես, ես շարունակում էի պայքարել իմ բացասական հակումների դեմ։ Հաճախ հուսահատվում էի և ինձ անարժեք էի զգում։ Մի օր կարդացի Առակներ 19։11-ում գրված խոսքերը, որտեղ ասվում է. «Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը, և նրա գեղեցկությունը հանցանքին ուշադրություն չդարձնելն է»։ Այդ խոսքերը իմ մեջ ցանկություն առաջացրին ըմբռնողականություն զարգացնելու։ Ուստի սկսեցի մտածել, թե ինչն է մղում մարդկանց որոշակի արարքների ու խոսքերի, նաև թե ինչու են մարդիկ այս կամ այն զգացումն ունենում։ Դա օգնեց ինձ դառնալու ավելի հասկացող, համբերատար և ներող։

— Կպատմե՞ք մի դեպք։

— Մի անգամ առանց դիտավորության վիրավորեցի ընկերներիցս մեկին, իսկ նա բոլորի առաջ զայրացած հանդիմանեց ինձ։ Ես ինձ նվաստացած զգացի։ Այդ ժամանակ հիշեցի աստվածաշնչյան մի խորհուրդ՝ «ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք», և անմիջապես ներողություն խնդրեցի (Հռոմեացիներ 12։17)։ Երբ ընկերս հանդարտվեց, առանձին մոտեցա նրան և զրույցի ընթացքում իմացա, որ նա ընտանեկան խնդիրներ ունի։ Մենք հաշտվեցինք։ Ավելի ուշ նա ինձ մի վերարկու նվիրեց։ Ես պարզապես սարսռում եմ, երբ մտածում եմ, թե ինչ կպատահեր, եթե արձագանքեի այնպես, ինչպես կարձագանքեի նախկինում, եթե ինձ նվաստացնեին։

— Իսկ ինչպե՞ս եք լուծում ընտանեկան խնդիրները։

— Մեր ընտանիքը բաղկացած է 3 հոգուց՝ ես, կինս և մեր 20 տարեկան որդին։ Ինչպես մյուս բոլոր ընտանիքներում, մեր ընտանիքում էլ լինում են տարաձայնություններ։ Սակայն ես շատ բան եմ սովորել Աստվածաշնչից, օրինակ՝ թե որքան կարևոր է ներողություն խնդրելը։ Զարմանալի է, թե ինչպես է անկեղծորեն ասված մի արտահայտությունը հարթում տարաձայնությունը կամ նույնիսկ կանխում այն։

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ 2

— ՆԵԼՍՈՆ, դուք շատ ջերմ ժպիտ ունեք և ընկերասեր անձնավորություն եք, սակայն մի ժամանակ ատելությամբ էիք լցված, այդպե՞ս է։

— Ճիշտ եք։ Երիտասարդ տարիքում միացա կառավարությանն ընդդիմացող մի քաղաքական խմբավորման։ Ես ատելությամբ էի լցված մրցակից քաղաքական մի կուսակցության հանդեպ, որը ցանկանում էր իր հսկողության տակ պահել այն շրջանը, որտեղ ապրում էի։ Ավելի լավ կռվելու համար մարտարվեստ սովորեցի, և ցանկացած մարդու, ով ինձ զայրացնում էր, ծեծում էի։

Երիտասարդ տարիքում Նելսոնը միացավ մի ընդդիմադիր քաղաքական խմբավորման

— Ի՞նչը մղեց ձեզ փոխվելու։

— Ես սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել և կիրառել աստվածաշնչյան խորհուրդները։ Ինձ հատկապես դուր եկավ երկու սկզբունք։ Առաջին սկզբունքն է՝ «այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7։12)։ Իսկ երկրորդը սա է՝ «սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Մատթեոս 22։39)։ Նկատեցի, որ ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրող Վկաները դրսևորում են հենց այդպիսի սեր, որը զերծ է ռասայական ու ազգային խտրականությունից։ Շատ էի ցանկանում նմանվել նրանց։ Եվ ինձ հաջողվեց դա։ Ծանոթներս զարմանում էին՝ տեսնելով, թե որքան եմ փոխվել, և այլևս չէին վախենում ինձանից։

— Իսկ երբևէ պատահե՞լ է, որ «հին անձնավորությունը» գլուխ բարձրացնի։

— Մարդկանց ներկայությամբ չի եղել։ Սակայն տանը ինձ համար երբեմն դժվար էր ինքնատիրապետում դրսևորել, և ես անընդհատ ներքին պայքար էի մղում։ Մի անգամ այնքան զայրացա, որ հարվածեցի կնոջս, ինչի համար հետո խորապես զղջացի։ Սակայն նա մեծահոգաբար ներեց ինձ, և ես ավելի մեծ վճռականությամբ լցվեցի, որ կառավարեմ զգացմունքներս։

— Դուք ասացիք, որ մարդիկ այլևս չէին վախենում ձեզանից։ Կպատմե՞ք մի օրինակ։

— Մի օր ես հանդիպեցի Աուգուստո անունով մի մարդու, որը այն մրցակից խմբավորման անդամներից էր, որի մասին նշել էի։ Սկզբում նա շատ զգույշ էր պահում իրեն։ Բայց ես ջերմորեն ողջունեցի նրան և առաջարկեցի մոռանալ մեր միջև եղած թշնամանքը։ Հետո հրավիրեցի նրան մեր տուն, և նա ընդունեց իմ հրավերը։ Աուգուստոն զարմացել էր՝ տեսնելով, թե որքան եմ փոխվել ես, ուստի նա էլ որոշեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այսօր ես ու Աուգուստոն ոչ միայն մտերիմ ընկերներ ենք, այլև հոգևոր եղբայրներ։

 «Խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ»

Վեճերը ծագում են տարբեր պատճառներով, և ոչ բոլոր մարդիկ են դրականորեն արձագանքում խաղաղություն հաստատելու փորձերին։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (Հռոմեացիներ 12։18

Այս հոդվածում բերված օրինակները փաստում են, որ աստվածաշնչյան իմաստությունը կարող է արմատախիլ անել մեր բացասական հատկությունները, եթե թույլ տանք (2 Կորնթացիներ 10։4)։ Այդ իմաստության մասին Առակներ 3։17, 18-ում ասվում է. «Նրա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, և նրա բոլոր ուղիները խաղաղություն են։ Այն կյանքի ծառ է նրանց համար, ովքեր բռնում են նրան, և նրան ամուր բռնողները երջանիկ կկոչվեն»։

Նելսոնն ու Աուգուստոն այսօր մտերիմ ընկերներ են

Իսկ դուք ուզո՞ւմ եք ավելի ուրախ կյանքով ապրել և լինել խաղաղարար։ Ցանկանո՞ւմ եք ունենալ ամուր ընկերական փոխհարաբերություններ, որոնք կդիմանան ցանկացած փորձության։ Դուք հաջողության կհասնեք, եթե թույլ տաք, որ Աստվածաշունչն օգնի ձեզ։

^ պարբ. 3 Անունները փոխված են։