Դիտում ենք աշխարհը
Աշխարհ
Կանանց նկատմամբ բռնությունը դարձել է «համաշխարհային մասշտաբների հասնող առողջապահական խնդիր», ինչպես նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այն նաև նշում է. «Կանանց գրեթե 35 տոկոսը բռնության է ենթարկվում կա՛մ զուգընկերոջ, կա՛մ մեկ ուրիշի կողմից.... Ամենատարածվածը զուգընկերոջ կողմից գործադրվող բռնությունն է.... և ամբողջ աշխարհում կանանց 30 տոկոսը հենց այդպիսի բռնության զոհ է դառնում»։
Մեծ Բրիտանիա
Մի հարցման մասնակցած 64303 մարդկանց 79 տոկոսն այն կարծիքին է, որ «կրոնն այսօր տառապանքի ու ընդհարումների պատճառներից մեկն է»։ Բացի այդ, 2011-ին Անգլիայում և Ուելսում անցկացված մարդահամարի արդյունքում պարզ դարձավ, որ բնակիչների միայն 59 տոկոսն է իրեն քրիստոնյա համարում, մինչդեռ 2001-ին իրենց քրիստոնյա համարող մարդիկ 72 տոկոս էին կազմում։ Այդ նույն ժամանակահատվածում որևէ կրոն չդավանող մարդկանց թիվը 15 տոկոսից հասել է 25-ի։
Չինաստան
Լրատվամիջոցների հայտնած տեղեկությունների համաձայն՝ վերջերս փոփոխված օրենսդրությունը պահանջում է, որ չափահաս զավակները ոչ միայն հաճախ այցելեն իրենց տարեց ծնողներին, այլև հոգան նրանց «զգացական կարիքները»։ Սակայն օրենքով «սահմանված չէ որևէ պատիժ» այն զավակների համար, ովքեր չեն կատարում այդ պահանջը։
Եվրոպա
Այսօր հանցագործ խմբերը կեղծում են ամենօրյա սպառման այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են մաքրող նյութերը, կոսմետիկան և անգամ սննդամթերքը։ «Գրեթե ամեն բաղադրամաս, որը քիչ թե շատ տնտեսական արժեք ունի, ենթակա է կեղծման»,— ասում է սննդի անվտանգության գծով խորհրդատվական մի ընկերության տնօրեն։ Իսկ մի փորձագետ նշում է, որ զարգացած երկրներում ձեռք բերված սննդամթերքի 10 տոկոսը կեղծված է։