ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ
Տառապանք
Ոմանք կարծում են, թե Աստված է տառապանքի պատճառը, կամ էլ նա անտարբեր է մեր տառապանքների հանդեպ։ Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Թերևս զարմանաք՝ իմանալով պատասխանը։
Աստվա՞ծ է տառապանքի պատճառը
«Իսկապես որ, Աստված ամբարշտությամբ չի վարվում» (Հոբ 34։12)։
ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։
Ոմանք ասում են, որ ամեն բան, ինչ տեղի է ունենում, Աստծու կամքն է։ Ուստի նրանք մտածում են, որ Աստված է տառապանքի պատճառը։ Իսկ երբ բնական աղետներ են լինում, նրանք մտածում են, որ այդպես Աստված պատժում է նրանց, ովքեր մեղքեր են գործել։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։
Աստվածաշնչում հստակ գրված է, որ Աստված տառապանք չի պատճառում մարդկանց։ Օրինակ՝ այնտեղ նշվում է, որ փորձությունների բախվելիս սխալ է ասել. «Աստծուց եմ փորձվում»։ Ինչո՞ւ։ Քանի որ «Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում» (Հակոբոս 1։13)։ Այլ կերպ ասած՝ Աստված մեզ փորձություն կամ տառապանք չի տալիս։ Եթե նա մեզ տառապանք պատճառեր, կնշանակեր, որ նա անարդարությամբ է վարվում, սակայն «Աստված ամբարշտությամբ չի վարվում» (Հոբ 34։12)։
Այդ դեպքում ո՞վ կամ ի՞նչն է տառապանքի պատճառը։ Ցավոք, մարդիկ հաճախ տառապում են իրենց նման անկատար մարդկանց պատճառով (Ժողովող 8։9)։ Բացի այդ, գուցե դժբախտության բախվենք «պատահարի» հետևանքով, այսինքն՝ հնարավոր է՝ սխալ պահին սխալ վայրում գտնվենք (Ժողովող 9։11)։ Աստվածաշունչն ասում է, որ մարդկանց տառապանքի համար գլխավորապես պատասխանատու է «այս աշխարհի իշխանը»՝ Բանսարկու Սատանան, քանի որ «ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (Հովհաննես 12։31; 1 Հովհաննես 5։19)։ Փաստորեն, Սատանան է տառապանքի պատճառը, ոչ թե Աստված։
Աստված անտարբե՞ր է մեր տառապանքի հանդեպ
«Նրանց բոլոր նեղությունների մեջ նա էլ էր նեղվում» (Եսայիա 63։9)։
ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։
Ոմանք մտածում են, որ Աստված անտարբեր է մեր տառապանքների հանդեպ։ Օրինակ՝ մի գրող իր աշխատության մեջ նշում է, որ եթե Աստված գոյություն ունի, ուրեմն նա մարդկանց «անողոք անտարբերությամբ» է վերաբերվում։ Նա նաև ավելացնում է, որ ամեն ինչ վկայում է այն մասին, «որ [Աստված] ողորմություն ու կարեկցանք չի դրսևորում՝ տեսնելով մեր տառապանքը»։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված անողորմ կամ անտարբեր չէ. նա մեծ ցավ է զգում՝ տեսնելով մեր տառապանքը, և շուտով վերջ է դնելու դրան։ Նկատի առնենք Աստվածաշնչում գրված երեք մխիթարական միտք։
Աստված գիտի մեր տառապանքների մասին։ Եհովայի * աչքից երբեք աննկատ չի մնացել դառնության ոչ մի արցունք, քանի որ նա տեսնում է ամեն բան (Սաղմոս 11։4; 56։8)։ Օրինակ՝ երբ հնում ապրող իր ծառաները ճնշումների էին ենթարկվում, նա ասաց. «Արդարև, տեսա իմ ժողովրդի հարստահարումը»։ Բայց նա պարզապես որոշ չափո՞վ էր տեղյակ նրանց տառապանքներին։ Ո՛չ, քանի որ Աստված ասաց. «Ես լավ գիտեմ նրանց կրած չարչարանքները» (Ելք 3։7)։ Հենց միայն այս ճշմարտությունն իմանալը մխիթարական է եղել շատերի համար։ Նրանք մեծ սփոփանք են գտել այն մտքից, որ Աստված լավ գիտի ու լիովին հասկանում է իրենց կրած տառապանքները, անգամ այն փորձությունները, որոնց մասին ուրիշները պատկերացում չունեն (Սաղմոս 31։7; Առակներ 14։10)։
Աստված ցավ է զգում, երբ մենք տառապում ենք։ Եհովա Աստված ոչ միայն գիտի մեր տառապանքների մասին, այլև խոր ցավ է զգում՝ տեսնելով այդ ամենը։ Օրինակ՝ Աստված սաստիկ նեղվեց, երբ տեսավ իր երկրպագուների կրած չարչարանքները։ Աստվածաշունչն ասում է. «Նրանց բոլոր նեղությունների մեջ նա էլ էր նեղվում» (Եսայիա 63։9)։ Թեև Աստված անհամեմատ բարձր է մարդկանցից, բայց նա կարեկցում է նրանց, ովքեր տառապում են։ Նա ասես նրանց ցավը իր սրտում է զգում։ Այո՛, «Եհովան անչափ գորովալից է ու ողորմած» (Հակոբոս 5։11)։ Բացի այդ, Եհովան օգնում է մեզ տոկալու տառապանքների ներքո (Փիլիպպեցիներ 4։12, 13)։
Աստված վերջ կդնի մարդկանց տառապանքներին։ Աստվածաշնչում ասվում է, որ կգա մի ժամանակ, երբ երկրի վրա ոչ մի մարդ այլևս չի տառապի։ Իր երկնային Թագավորության միջոցով Եհովան լիովին կփոխի ամեն բան։ Աստվածաշնչում գրված է, որ Աստված «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։4)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր մահացել են։ Աստված նրանց հարություն կտա երկրի վրա, որպեսզի նրանք էլ վայելեն տառապանքից զերծ կյանքը (Հովհաննես 5։28, 29)։ Այլևս ոչ ոք ցավ չի ապրի անցյալի դառը հիշողություններից, քանի որ Աստված խոստանում է. «Նախկին բաները չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան» (Եսայիա 65։17) *։
^ պարբ. 13 Համաձայն Աստվածաշնչի՝ Եհովան Աստծու անունն է։
^ պարբ. 15 Իմանալու համար, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը և ինչպես է վերջ դնելու դրան, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 8-րդ գլուխը և 11-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։