ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐ
Սովորեցրեք երեխային հնազանդվել
ԽՆԴԻՐ
Ձեր չորս տարեկան երեխան միշտ իր ուզածն է անում և երբեք ձեզ չի լսում։
-
Երբ նրան ինչ-որ բան եք ասում անել, որը նրա սրտով չէ, չի ենթարկվում ձեզ։
-
Երբ արգելում եք անել այն, ինչ ինքն է ուզում, հիստերիա է բարձրացնում։
Գուցե մտածեք. «Երևի ընդամենը երեխայություն է։ Մի քիչ մեծանա, կանցնի»։
Դուք կարող եք ձեր երեխային սովորեցնել հնազանդվել։ Բայց նախքան այդ մասին խոսելը տեսնենք, թե որն է հնարավոր պատճառներից մեկը, որ նա չի լսում ձեզ։
ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ
Երբ երեխան լույս աշխարհ է գալիս, ձեր գլխավոր դերը նրան խնամելն է։ Ամեն պահ դուք պատրաստ եք հոգալ նրա մասին։ Հերիք է նա սկսի թնկթնկալ, վազում եք նրա մոտ և ամեն ինչ անում եք նրա համար։ Ինչ խոսք, այդպես էլ պետք է լինի, քանի որ նորածինը կամ մանկիկը ծնողների մշտական ուշադրության կարիքն ունի։
Ամիսներ շարունակ նման ուշադրության արժանացած երեխայի համար բնական է, որ ինքը «թագավորն» է, իսկ ծնողները՝ «ծառաները», ովքեր պետք է կատարեն իր կամքը։ Հետո՝ սովորաբար երկու տարեկանում, երեխան սկսում է տեսնել «դառը իրականությունը». միապետի իր դիրքը խալխլվում է։ Ծնողները այլևս չեն անում իր ուզածը, փոխարենը պահանջում են, որ ինքը ենթարկվի։ Սա մեծ ցնցում է նրա համար։ Երեխաներից ոմանք դիմում են «հիստերիայի» օգնությանը, ոմանք էլ փորձում են ծնողի իշխանությունը՝ պարզապես չհնազանդվելով։
Այս կրիտիկական փուլում ծնողը պետք է նոր դեր ստանձնի, իշխանություն ունեցողի դեր, ով հստակ ցույց է տալիս, թե ինչ է ակնկալում երեխայից։ Բայց ի՞նչ անել, երբ երեխան անտեսում կամ մերժում է ծնողի տված առաջնորդությունը՝ վարվելով այնպես, ինչպես նշված է հոդվածի սկզբում։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
Առաջնորդություն վերցրեք։ Երեխան չի ընդունի ձեր իշխանությունը, եթե չտեսնի, որ առաջնորդություն եք վերցնում։ Ուստի դուք պետք է ձեր իշխանությունը բանեցնեք, իհարկե, հավասարակշռված կերպով։ Վերջին տասնամյակներում այսպես կոչված մասնագետները բացասական են ներկայացնում «ծնողի իշխանություն» ասվածը։ Նրանցից մեկը այն նույնիսկ համարում է «էթիկայի կանոններից դուրս» և կոչում է «ոչ բարոյական»։ Սակայն երբ ծնողները ամեն ինչ թույլ են տալիս երեխային, նա կարող է շփոթված զգալ, երես առնել և իրեն չափից շատ իրավունք վերապահել։ Դա չի նպաստի, որ նա պատասխանատու անձնավորություն դառնա։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 29։15։
Խրատեք։ Ըստ մի բառարանի՝ «խրատել» բառը նշանակում է «հաճախ կանոնների, իսկ դրանք խախտելու դեպքում պատժի միջոցով սովորեցնել հնազանդվել և ինքնատիրապետում դրսևորել»։ Իհարկե, խրատը պետք է լինի խելամիտ, և ծնողը չպետք է վիրավորի երեխայի արժանապատվությունը։ Մյուս կողմից՝ այն չպետք է լինի անորոշ ու անտեղի, որ երեխան հասկանա, թե ինչ է իրենից ակնկալվում։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 23։13։
Եղեք պարզ ու կոնկրետ։ Որոշ ծնողներ պարզապես խնդրում են, որ երեխան ինչ-որ բան անի։ Օրինակ՝ գուցե ասեն. «Սենյակդ կհավաքե՞ս»։ Հավանաբար նրանք այսպես են վարվում, քանի որ բարեկիրթ վարվեցողությունն այդպես է պահանջում։ Սակայն այս դեպքում նման մոտեցում դրսևորելով՝ ծնողը հայտնվում է հպատակվողի դերում, իսկ երեխան ազատություն է ստանում որոշելու անել կամ չանել խնդրանքը։ Այս կերպով ձեր «իշխանությունից հրաժարվելու» փոխարեն՝ երեխային կոնկրետ ասեք, թե ինչ պետք է նա անի։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Կորնթացիներ 14։9։
Եղեք վճռական։ Եթե ասում եք՝ ոչ, ապա մի՛ փոխեք ձեր խոսքը, և կողակիցներով մի խոսքի եղեք։ Եթե երեխային զգուշացրել եք, որ կպատժեք, եթե չլսի, ապա այդպես էլ վարվեք։ Երկար-բարակ մի՛ բանակցեք ու մի՛ քննարկեք, թե ինչու եք նրան պատժում։ Այդպես հեշտ կլինի թե՛ ձեզ, թե՛ երեխայի համար։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հակոբոս 5։12։
Եղեք սիրալիր։ Ընտանեկան կառույցը ո՛չ դեմոկրատական է, ո՛չ էլ բռնատիրական։ Աստված է հիմնադրել ընտանեկան կառույցը և սահմանել է, որ ծնողները սիրով առաջնորդեն իրենց երեխաներին և օգնեն, որ նրանք դառնան պատասխանատու անձնավորություն։ Խրատը կօգնի, որ երեխան սովորի հնազանդվել և իրեն սիրված զգալ։