ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ
Արդյոք կրոնը իր դարն ապրե՞լ է
Ջաֆարը, որը ծնվել է Թուրքիայում, չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, թե Աստված վրեժխնդիր անձնավորություն է, ինչպես իր կրոնն էր սովորեցնում։ Նրա կինը՝ Հեդիեն, սկսել էր լուրջ կասկածներ ունենալ իր կրոնի վերաբերյալ, երբ ընդամենը ինը տարեկան էր։ Նա ասում է. «Ինձ փոքրուց սովորեցրել էին, որ գոյություն ունի ճակատագիր։ Եվ ես մտածում էի. «Ինչո՞ւ եմ որբ։ Ի՞նչ եմ արել, որ արժանացել եմ այս ճակատագրին»։ Հաճախ ամբողջ գիշեր լաց էի լինում։ Տասնհինգ տարեկանում արդեն հոգուս խորքում հրաժարվել էի իմ կրոնից»։
ԴՈՒՔ նո՞ւյնպես հիասթափվել եք կրոնից։ Եթե այո, ապա միակը չեք։ Շատ երկրներում գնալով ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր իրենց կրոնասեր չեն համարում. մի հանգամանք, որը լավ ապագա չի խոստանում ավանդական կրոնների համար։ Նկատի առնենք որոշ տվյալներ այդ երկրներից մի քանիսի վերաբերյալ։
Ինչո՞ւ են մարդիկ թողնում իրենց կրոնը
Մարդիկ հիասթափվում են կրոններից տարբեր պատճառներով։ Դրանցից են, օրինակ, կրոնների կողմից հրահրվող կամ թույլատրվող բռնությունն ու ահաբեկչությունը, նաև կրոնական առաջնորդների հետ կապված սեռական անբարոյության աղմկահարույց միջադեպերը։ Կան նաև ուրիշ ոչ այդքան ակնհայտ գործոններ, որոնք նույնպես պատճառ են դառնում, որ շատ մարդիկ հեռանան կրոններից։ Քննենք այդ գործոններից մի քանիսը։
-
Նյութական բարեկեցություն։ «Կրոնասիրության և աթեիզմի համաշխարհային ինդեքսում» (Global Index of Religion and Atheism) նշվում է, որ «որքան մարդիկ հարստանում են, այնքան պակասում է նրանց հետաքրքրությունը կրոնի նկատմամբ»։ Այս նկատառումը ուշագրավ է, քանի որ շատ երկրներում մարդկանց տնտեսական վիճակը զգալիորեն բարելավվել է։ Ինչպես նշում է տնտեսագիտության պրոֆեսոր Ջոն Նայը, որոշ վայրերում մարդիկ «այնպիսի կենսապայմաններ ունեն, որ երկու հարյուր տարի առաջ ապրած մեծագույն արքաները կնախանձեին նրանց»։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Աստվածաշունչը կանխագուշակել էր, որ «վերջին օրերում» մարդիկ ավելի շատ սիրելու էին փողը և հաճույքները, քան Աստծուն և իրենց մերձավորին (2 Տիմոթեոս 3:1–5)։ Հասկանալով, թե ինչ հոգևոր վտանգների հետ է կապված հարստությունը՝ Աստվածաշնչի գրողներից մեկը Եհովա Աստծուն խնդրեց. «Ինձ ո՛չ աղքատություն տուր, ո՛չ էլ հարստություն»։ Ինչո՞ւ էր նա հարստության հետ կապված այդպիսի բան խնդրում։ Շարունակելով իր խոսքը՝ նա ասում է. «Որ չլինի թե կշտանամ ու քեզ ուրանամ» (Առակներ 30:8, 9)։
-
Կրոնական ավանդույթները և բարոյականությունը։ Շատ մարդիկ, հատկապես երիտասարդները կրոնը համարում են հնացած և անիմաստ մի բան։ Ուրիշներն էլ կորցրել են իրենց վստահությունը կրոնի հանդեպ։ Շոտլանդիայի հումանիստական ընկերության մամլո խոսնակ Թիմ Մագիրը նշում է. «Երբ անդրադառնում ենք այն իրողությանը, թե դարեր շարունակ եկեղեցիները ինչ վարք են դրսևորել, պարզ է դառնում, որ մարդիկ հեռանում են եկեղեցիներից այն պատճառով, որ այլևս նրանց չեն համարում հեղինակություն բարոյականության հարցում»։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Հիսուս Քրիստոսը կեղծ ուսուցիչների մասին զգուշացրել է. «Իրենց պտուղներից կճանաչեք նրանց.... Ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ ամեն փտած ծառ անպետք պտուղ է տալիս» (Մատթեոս 7:15–18)։ «Անպետք պտուղներից» է այն, որ նրանք խառնվում են քաղաքականությանը և հավանություն են տալիս Աստծուն տհաճ սովորություններին և արարքներին, ինչպես, օրինակ, համասեռամոլությանը (Հովհաննես 15:19; Հռոմեացիներ 1:25–27)։ Այդ «անպետք պտուղներից» է նաև այն, որ այդ կեղծ ուսուցիչները Աստվածաշնչում գրված ճիշտ և օգտակար ուսմունքները փոխարինել են ձևական արարողություններով և անիմաստ ավանդույթներով (Մատթեոս 15:3, 9)։ Դարեր առաջ Հիսուսը, դիմելով Պետրոս առաքյալին, ասել է. «Կերակրի՛ր իմ գառնուկներին» (Հովհաննես 21:17)։ Այդպիսով նա ցույց է տվել, թե որքան կարևոր է մարդկանց սովորեցնել Աստծու մասին ճշմարտությունը։ Մինչդեռ այսօր շատ կրոնական առաջնորդներ այդպես չեն վարվում, ինչի պատճառով էլ մարդիկ հոգևորապես քաղցած են մնում։
-
Կրոնը և փողը։ «Փյու» հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ շատ մարդիկ համարում են, որ կրոնականները չափից շատ են ձգտում նյութական միջոցներ ձեռք բերել։ Դեռ ավելին, ի տարբերություն իրենց հոտի անդամների՝ որոշ բարձրաստիճան հոգևորականներ շքեղ կյանքով են ապրում։ Օրինակ՝ Գերմանիայի քաղաքներից մեկում, որտեղ եկեղեցի հաճախողները հազիվ են ծայրը ծայրին հասցնում, եպիսկոպոսը քննադատության ու մեղադրանքի է արժանացել ճոխ կյանքով ապրելու համար։ Այդպիսի ապրելակերպը տեղի կաթոլիկներից շատերի վրդովմունքն է հարուցում։ Միջազգային գիտական մի ամսագրում նշվում է, որ Նիգերիայում, «որտեղ 100 միլիոն մարդ ապրում է օրական մեկ եվրոյից պակաս աշխատավարձով, որոշ հոգևոր հովիվների պերճաշուք ապրելակերպը սկսել է լուրջ անհանգստությունների տեղիք տալ» (GEO ամսագիր)։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Աստվածաշունչը գրողներից մեկը՝ Պողոսը, ասել է. «[Մենք] Աստծու խոսքի առևտուր անողներ չենք» (2 Կորնթացիներ 2:17)։ Թեև Պողոսը առաջին դարի քրիստոնեական ժողովի հայտնի ծառայող էր, սակայն իր կարիքները հոգալու համար ֆիզիկական աշխատանք էր անում, որ մյուսների համար բեռ չլիներ (Գործեր 20:34)։ Նա հնազանդվում էր Հիսուսի տված հետևյալ պատվերին. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթեոս 10:7, 8)։
Վարվելով այս նույն սկզբունքի համաձայն՝ Եհովայի վկաները իրենց տված աստվածաշնչյան կրթության կամ իրենց գրականության համար գումար չեն վերցնում։ Ոչ էլ տասանորդ կամ այլ հանգանակություն են հավաքում իրենց հանդիպումների ժամանակ։ Այդ գործունեության համար անհրաժեշտ բոլոր ծախսերը փակվում են միմիայն կամավոր նվիրաբերությունների միջոցով (Մատթեոս 6:2, 3)։
Մարդկանց հեռանալը կանխագուշակված էր
Մի քանի տասնամյակ առաջ մարդիկ հազիվ թե պատկերացնեին, որ ավանդական կրոնները նման իրավիճակում կհայտնվեն։ Սակայն Աստված կանխատեսել էր դեպքերի նման զարգացումը և նախօրոք հայտնել էր դրա մասին Աստվածաշնչում։ Օգտագործելով պատկերավոր խոսք՝ Աստված իրեն անհավատարիմ բոլոր կրոններին, այսպես ասած՝ կեղծ կրոնին նմանեցրել է մի պճնազարդ անբարո կնոջ, որի անունն է «Մեծ Բաբելոն» (Հայտնություն 17:1, 5)։
Այս նկարագրությունը տեղին է, քանի որ կեղծ կրոնը ասում է, թե հավատարիմ է Աստծուն, սակայն համագործակցում է աշխարհի ղեկավարների հետ՝ իշխանություն և հարստություն ստանալու համար։ Հայտնություն 18:9-ում կարդում ենք. «Երկրի թագավորները.... պոռնկություն գործեցին նրա հետ»։ Նրա անունը՝ Բաբելոն, նույնպես համապատասխան է, քանի որ բազմաթիվ կեղծ կրոնական սովորույթներ և ուսմունքներ, ինչպես, օրինակ, հոգու անմահության ուսմունքը, եռամիասնական աստվածությունների գաղափարները և ոգեհարցությունը ծագել են հին Բաբելոնից. մի քաղաք, որը լի էր կեղծ հավատալիքներով և սնահավատությամբ (Եսայիա 47:1, 8–11)։ *
Հզոր Բաբելոնը ընկավ, երբ նրան պաշտպանող ջրերը՝ քաղաքի պարսպի շուրջը փորված խրամները, որոնք լցված էին Եփրատ գետի ջրերով, «ցամաքեցին», և մարերի ու պարսիկների զորքերը անարգել մտան քաղաք (Երեմիա 50:1, 2, 38)։ Նրանք Բաբելոնը գրավեցին մեկ գիշերվա մեջ (Դանիել 5:7, 28, 30)։
Ինչպես հին Բաբելոն քաղաքն էր շրջապատված ջրերով, այնպես էլ Մեծ Բաբելոնն է Հայտնություն 17:1, 15)։ Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ այդ խորհրդանշական ջրերը ցամաքելու էին, ինչն էլ հուշելու էր, որ ներկայիս Բաբելոնի կործանումը մոտ է (Հայտնություն 16:12; 18:8)։ Սակայն ո՞ւմ ձեռքով կկործանվի Բաբելոնը։ Նրան կկործանեն հենց իր համագործակիցները՝ քաղաքական իշխանությունները, որոնց սերը կփոխվի ատելության։ Նրանք փոխաբերական առումով կուտեն նրա մսերը, այսինքն՝ կկողոպտեն նրան (Հայտնություն 17:16, 17)։ *
«նստած շատ ջրերի վրա»։ Այդ խորհրդանշական ջրերը, ինչպես Աստվածաշունչն է հայտնում, «ժողովուրդներ ու բազմություններ» են, այսինքն՝ այն միլիոնավոր մարդիկ, ովքեր աջակցում են կեղծ կրոնին («Դո՛ւրս եկ նրա միջից»
Քանի որ Մեծ Բաբելոնի կործանումը շատ մոտ է, Աստված զգուշացնում է. «Դո՛ւրս եկ նրա միջից, ի՛մ ժողովուրդ, որ մասնակից չլինես նրա մեղքերին և որ նրա պատուհասներից քեզ վրա չգան» (Հայտնություն 18:4)։ Աստծու զգուշացումը ուղղված է նրանց, ովքեր հիասթափվել են կեղծ կրոնական ուսմունքների պատճառով, և ովքեր ցանկանում են հաճեցնել Աստծուն, այսինքն՝ այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Ջաֆարը և Հեդիեն, ում մասին նշվեց հոդվածի սկզբում։
Նախքան Աստվածաշունչ ուսումնասիրելը Ջաֆարը մտածում էր, որ Աստված այնպիսի անձնավորություն է, որին պետք է հնազանդվել միայն վախից մղված։ Նա ասում է. «Ինձ համար մեծ մխիթարություն էր իմանալ, որ Եհովան սիրող Աստված է, և որ նա ուզում է, որ մենք իրեն հնազանդվենք սիրուց մղված» (1 Հովհաննես 4:8; 5:3)։ Իսկ Հեդիեն ներքին խաղաղություն ձեռք բերեց, երբ իմացավ, որ Աստված չէր պատճառը, որ ինքը որբ էր մնացել, և որ իր կյանքը ամենևին էլ կանխորոշված չէր։ Նա մեծ մխիթարություն ստացավ աստվածաշնչյան այնպիսի համարներից, ինչպիսին Հակոբոս 1:13-ն է, որտեղ ասվում է, որ Աստված մարդկանց չար բաներով չի փորձում։ Հեդիեն և Ջաֆարը ընդունեցին Աստվածաշնչի ճշմարտությունը և դուրս եկան Մեծ Բաբելոնից (Հովհաննես 17:17)։
Երբ Մեծ Բաբելոնը կործանվի, բոլոր նրանք, ովքեր հնազանդվելով Աստծու պատվերին՝ դուրս են եկել դրա միջից և սկսել են «երկրպագել Հորը ոգով և ճշմարտությամբ», ոչ մի վնաս չեն կրի (Հովհաննես 4:23)։ Այդ անհատները հույս ունեն տեսնելու այն ժամանակները, երբ երկիրը «լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը» (Եսայիա 11:9)։
Այո՛, կեղծ երկրպագությունը՝ իր անպետք պտուղներով հանդերձ, կվերանա, քանի որ Աստված երբեք չի ստում (Տիտոս 1:2)։ Իսկ ճշմարիտ երկրպագությունը, ընդհակառակը, կծաղկի և կմնա հավիտյան։
^ պարբ. 16 Ավելի շատ տեղեկություններ Մեծ Բաբելոնի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչ է ասում Աստվածաշունչը մահացածների վիճակի, Աստծու էության և ոգեհարցության մասին կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում։ Առկա է օնլայն www.mt1130.com/hy կայքում։
^ պարբ. 18 Տե՛ս «Արթնացե՛ք»-ի այս թողարկման «Աստվածաշնչի տեսակետը. աշխարհի վերջ» հոդվածը։